«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2004-04-01 | #58, 2004-04-02 | #59, 2004-04-03


ՀՀ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ՇԵՄԻՆ

«Փյունիկ»-«Միկա» մրցավեճի հաղթողը նվաճել է գավաթը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 13-րդ խաղարկությունը մտել է եզրափակիչ փուլ։ Պատվավոր մրցանակի համար մեկնարկի դուրս եկած 18 թիմերից այսօր ասպարեզում մնացել են չորս ուժեղագույնները։ Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներում այսօր «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում երկրի չեմպիոնը կհյուրընկալի ՀՀ ներկայիս գավաթակիր Աշտարակի «Միկային»։ Խաղը կսպասարկի Կարեն Նալբանդյանի գլխավորած մրցավարական բրիգադը։ Իսկ Գյումրիում Արարատ Ճաղարյանի սուլիչով կսկսվի կիսաեզրափակիչ մյուս մրցախաղը «Շիրակի» եւ «Բանանցի» միջեւ։ Երկու հանդիպումներն էլ կսկսվեն ժամը 16-ին։ Ավանդույթի համաձայն, ընթերցողներին ենք ներկայացնում կիսաեզրափակիչի զույգերին։

«Փյունիկ»- «Միկա»

Կիսաեզրափակիչի մասնակիցներից այս զույգի թիմերը գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր ակումբներն են։ «Միկան» եռակի գավաթակիր է (2000-01, 03 թթ.), իսկ «Փյունիկը» պատվավոր մրցանակին արժանացել է 2 անգամ (1996, 2002 թ.)։ Եթե «Միկայի» համար գավաթի բոլոր երեք եզրափակիչներն էլ հաղթական են եղել, ապա «Փյունիկը» վճռորոշ խաղերում երկու անգամ զիջել է մրցակիցներին (1992 թ. «Բանանցին»ՙ 0-2, 1997թ. «Արարատին»ՙ 0-1)։

Գավաթի խաղարկություններում մրցակիցների ճանապարհներն առայժմ 2 անգամ են հատվել եւ հետաքրքրական է, որ երկու դեպքում էլ «Փյունիկն» ու «Միկան» հանդիպել են կիսաեզրափակիչում։ Առաջին խաղը կայացել է 2001 թ. մայիսի 4-ին։ Երկամյա ընդմիջումից հետո նորաստեղծ «Փյունիկը» կրկին մրցասպարեզ էր դուրս եկել եւ գավաթի եզրափակիչի ուղեգիրը զիջեց «Միկային»։ Առաջին խաղում Պետիկյանի եւ Խաշմանյանի խփած գոլերին փյունիկցիները պատասխանեցին Հայկ Հարությունյանի միակ պատասխան գնդակով։ Մայիսի 13-ին կայացած պատասխան հանդիպումն էլ նույն 2-1 հաշվով շահեց «Միկան», թեեւ առաջինը հաշիվը բացել էր փյունիկցի Վարազդատ Ավետիսյանը։ Սակայն մինչեւ խաղավարտ Կարեն Մուրադյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Արմեն Պետիկյանը տուգանային հիանալի հարվածով հաղթանակ պարգեւեց «Միկային»։ Աշտարակցիները եզրափակիչում 11 մ հարվածներով հաղթելով «Արարատին» (հիմնական ժամանակումՙ 1-1), 2-րդ տարին անընդմեջ նվաճեցին ՀՀ գավաթը։

Հաջորդ տարի «Փյունիկն» ու «Միկան» կրկին հանդիպեցին կիսաեզրափակիչում։ Օսկար Լոպեսի գլխավորությամբ «Փյունիկը» երկու հանդիպումներում էլ համոզիչ հաղթանակ տարավ (4-1, 3-1) եւ եզրափակիչում էլ պարտության մատնելով «Զվարթնոցին» (2¬0), 2-րդ անգամ նվաճեց գավաթը։ Այնպես որ, առայժմ կիսաեզրափակիչ այս զույգի հաղթողն արժանանում է գավաթին։ Կպահպանվի՞ արդյոք այդ ավանդույթը նաեւ այս անգամ, հայտնի կդառնա մայիսի 9-ին, երբ կկայանա եզրափակիչը։

Նշենք, որ 2000 թ. գավաթի մրցաշարին մասնակցող «Միկան» մշտապես հանդես է եկել կիսաեզրափակիչում եւ 3 անգամ հաղթահարել է այդ փուլի արգելքը։ Փյունիկցիները, որոնք գավաթի մրցաշարին մասնակցում են 11-րդ անգամ, 10-րդ անգամ են մտնում կիսաեզրափակիչ։ Միայն 1995 թ. նրանց չի հաջողվել դաՙ քառորդ եզրափակիչում զիջելով «Շիրակին» (0-1, 1-2)։ Կիսաեզրափակիչում «Փյունիկն» այնքան էլ հաջող հանդես չի եկելՙ միայն 4 անգամ հաղթահարելով այդ արգելքը։ Մեկական անգամ թիմի առջեւ եզրափակիչի ճանապարհը փակել են «Արարատը» (1993 թ.), «Շիրակը» (1994 թ.), «Երեւանը» (1998 թ.), «Միկան» (2001 թ.) եւ «Բանանցը» (2003 թ.)։ Նշված առաջին չորս թիմերին փյունիկցիները մեկական անգամ հաղթել են կիսաեզրափակիչում։

Գավաթի ընթացիկ խաղարկությունում մրցակիցներն առայժմ լուրջ մրցակցության չեն հանդիպել։ «Փյունիկը» համոզիչ հաղթանակներ է տոնել «Փյունիկ-2»-ի (3-0, 5-0) եւ «Կիլիկիայի» (1-0, 7-0), իսկ «Միկան»ՙ «Բանանց-2»-ի (8-0, 3-0) եւ «Արաքսի» (3-0, 3-0) նկատմամբ։ Ինչպես տեսնում եք, երկու թիմերն էլ առայժմ դարպասները պահել են անառիկՙ փոխարենն աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ։ «Միկան» խփել է 17 գոլ, մեկ գնդակ պակաս է խփել «Փյունիկը»։ «Միկայից» լավագույն ցուցանիշն ունեն Գրիգոր Գրիգորյանն ու Կարեն Մուրադյանըՙ 3-ական գնդակ։ «Փյունիկում» լավագույն ռմբարկուն Մամադու Դիավարան է (4 գոլ)։

«Շիրակ»-«Բանանց»

Այս զույգի գավաթային հաջողություններն անհամեմատ համեստ են։ Միայն մեկ անգամՙ 1992 թ. «Բանանցին» հաջողվել է տիրել գավաթինՙ եզրափակիչում հաղթելով ՀՄԸՄ-ին (2-0)։ Իսկ «Շիրակը» գավաթի մրցաշարերի ամենաանհաջողակ թիմն է։ Շիրակցիների մասնակցությամբ բոլոր 3 եզրափակիչ հանդիպումներն էլ գյումրեցիների համար ավարտվել են պարտությամբ։

Գավաթի մրցաշարերում «Շիրակն» ու «Բանանցը» մինչ այժմ հանդիպել են միայն 1993 թ.։ Այդ տարի կիսաեզրափակիչի առաջին խաղումՙ Գյումրիում դաշտի տերերը հաղթեցին 2-1 հաշվով։ Ընդ որում, հաշիվը 52-րդ րոպեին բացել էր «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանը, սակայն հետագայում Հրաչյա Ավետիսյանի ու Գրիգոր Գրիգորյանի խփած 2 գոլերի շնորհիվ շիրակցիները հաղթեցին։ Դրամատիկ ելք ունեցավ Աբովյանում կայացած պատասխան հանդիպումը։ 71-րդ րոպեին «Բանանցի» պաշտպան Գեւորգ Քամալյանին վերջապես հաջողվեց բացել հաշիվը։ 1-0 հաշիվը ձեռնտու էր դաշտի տերերին, սակայն խաղավարտից 2 րոպե առաջ Գրիգոր Գրիգորյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը եւ շիրակցիներին եզրափակիչի ուղեգիր պարգեւեց։

«Շիրակն» 8 անգամ է հանդես եկել կիսաեզրափակիչում եւ միայն 3 անգամ է հաղթահարել այդ փուլի արգելքը։ «Բանանցի» ֆուտբոլիստների համար հերթական կիսաեզրափակիչը 5-րդն է։ Առայժմ 2 անգամ (1992 թ. «Վան»ՙ 4-1, 2-1, 2003 թ. «Փյունիկՙ 1-1, 2-1) «Բանանցը» հաջողությամբ հաղթահարել է արգելքը։

Գավաթի ընթացիկ խաղարկությունում թերեւս ամենադժվարինը «Շիրակի» ճանապարհն էր։ 1/8 եզրափակիչում առանց մեծ ճիգերի հաղթահարելով «Լոկոմոտիվի» դիմադրությունը (2-0, 3-0), շիրակցիները համառ պայքարում ասպարեզից դուրս մղեցին «Արարատին» (3-0, 0-2)։ Այդ հանդիպումներում շիրակցիներից առավել արդյունավետ են գործել Տիգրան Դավթյանն ու Վահան Մառանջյանըՙ խփելով 2-ական գնդակ։ «Բանանցը» գավաթի մրցաշարի առաջին փուլում հաղթահարեց «Վաղարշապատի» դիմադրությունը (2-0, 1-1), այնուհետեւ 2 անգամ պարտության մատնեց «Կոտայքին» (2-1, 3-1)։ «Բանանցից» առավել աչքի են ընկել Արարատ Առաքելյանն ու Արտյոմ Եվլանովը (2-ական գնդակ)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4