Հյուսիսային պողոտայի իրացման գոտում գտնվող 72.000 քմ տարածքից վաճառվելու է 32.000 քմ, որի վաճառքից ստացած գումարով Երեւանի քաղաքապետարանը պետք է փոխհատուցի իրացման տարածքի բնակիչներին եւ կառուցապատի 40.000 քմ տարածքը, այսինքնՙ Հյուսիսային պողոտան։ Առաջին լոտը վաճառվել է 1 քմ-ը 650 դոլարով, որը ծրագիրն իրականացնողներն անսպասելի հաջողություն են համարել, սակայն պողոտայի իրացման ակունքներում կանգնածները հայտնեցին, թե կանխատեսում էին ամեն ինչ, բայց նկատի չէին առել, որ Հյուսիսային պողոտան Երեւան քաղաքի հողի գինը կտրուկ կբարձրացնի, կհանգեցնի ընդհանուր գույքի թանկացման։ Այս երեւույթը, նրանց գնահատմամբ, որպես մակրոտնտեսային շուկայի զարգացումներին նպաստող, դրական է, սակայն բուն ծրագրի իրականացմանը խանգարեց։ «Մենք չէինք մտածել, որ առաջին մասը թանկ իրացնելով հետնամասի հին տների արժեքը նույնպես բարձրացնում ենք։ Դրան ինչ-որ տեղ նպաստեցին նաեւ գույքի շուկան տնօրինողներըՙ արհեստականորեն բարձրացնելով տների արժեքը», ասաց նրանցից մեկըՙ չցանկանալով ներկայանալ ընթերցողին։
Ծրագիրն իրականացնողներն ընթացքում կանխատեսել են, որ գումարի դեֆիցիտ պիտի առաջանար եւ առաջացավ։ Պատճառը նրանց ասելով այն էր, որ իրացման աշխատանքները տեւում էին 6 ամիս, այդ ընթացքում հողի արժեքը բարձրանում էր եւ դեֆիցիտը բնականաբար գնալով մեծանում էր։ Իրացման տեւական ժամանակը նպաստեց նաեւ մարդկանց հոգեբանության փոփոխմանը, բնակիչներն սկսեցին վերանայել իրենց իրավունքները, դատարան դիմեցին, տարբեր տեսակի շահագրգռություններ ի հայտ եկան։ Ծրագիրն իրականացնողները հավաստում են, որ իրենց համար գլոբալ խնդիրը բնակիչներին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն տալն էր, որպեսզի նրանք հնարավորինս գոհ հեռանային։ Փոխհատուցում էին բնակարանով, սկզբում նաեւ հող է հատկացվել կենտրոնում, սակայն, նրանց ասելով, դա աներեւակայելի ֆինանսական կորուստների էր բերում։
«Պետությունը չի կարող իր վրա վերցնել Հյուսիսային պողոտայի բնակիչներին բնակարանով ապահովելու խնդիրը, պետությունը սեփականատիրոջը փոխհատուցում է գույքի դիմաց։ Բայց քանի որ մենք բարոյապես պարտավոր ենք սոցիալական խնդիրը հաշվի առնել, այդ դեպքում պետությունը աջակցության գումար է տալիս մարդկանցՙ 30% խրախուսում», ասաց Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն առաջին իսկ օրից ղեկավարում է «Հյուսիսային պողոտայի» ծրագրի իրականացման աշխատանքները։ Ըստ պրն Սարգսյանի, հանձնաժողովը կառավարությանն առաջարկեց փոփոխել փոխհատուցման կարգը։ Սակայն, մինչեւ կառավարության նոր որոշումը, տարածքները չազատելու, գնային առաջարկին համամիտ չլինելու պատճառաբանությամբ ԾԻԳ-ը բնակչությանը վտարելու պահանջով դիմեց դատարան։ Փաստաբանները վկայում են, որ դատարանում գործերի նման արագընթաց «քննություն» չեն հիշում։ Քաղաքացիներն անտեղյակ էին դատական հայցերի մասին կամ էլ արագընթաց քննություններում անկարող էին դատական պաշտպանություն իրականացնել, որին էլ հետեւեցին զանգվածային վտարումները։
Արագացված գնահատում, արագացված դատաքննություն, արագացված վտարում
«Հյուսիսային պողոտայի իրացումը պետք է ավարտեինք մինչեւ 2004-ի վերջը։ Յուրաքանչյուր լոտի իրացման համար հատկացվել էր 1 ամիս, սակայն հունվարի սկզբներին քաղաքապետը կարգադրեց 20 օրում ավարտել աշխատանքը, ավելի երկար աշխատել, նաեւՙ հանգստյան օրերին», ասաց «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի իրացման հարցերով փոխտնօրեն Ֆելիքս Աֆյանը։
Լոտերի իրացման ժամկետները կրճատելը, բնակչությանը հապճեպ վտարելու պահանջով դատարան դիմելը երկու հիմնական պատճառ ուներ. 1. ֆինանսական դեֆիցիտը մեղմել հնարավորինս, չնայած բնակչությանը փոխհատուցելուն էր նպատակաուղղված նաեւ Կասկադի հողերի վաճառքից ստացված գումարները. 2. ՀՀ նախագահը կառավարության նիստերից մեկի ժամանակ, դժգոհելով աշխատանքի դանդաղ ընթացքիցՙ 2003-ի աշնանը իր հովանու տակ վերցրեց ծրագրի իրականացման հսկողությունը, որի հետ կապված ձեւավորվեց աշխատանքային հանձնախումբՙ ՀՀ նախագահի օգնական Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ։ Հանձնախմբում ընդգրկված էին քաղաքապետը, կադաստրի պետը, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը, ԾԻԳ-ի տնօրենը եւ թաղապետարանի ներկայացուցիչը։ «Չանեին այդ բանըՙ ծրագիրը ձախողվում էր։ Եկել էր մի պահ, որ առանձին քաղաքացիների եւ մարդկանց մի խմբի, որ շատ ավելին էր ուզում, հաջողվեց աղմուկ անել։ Գործերը երկար ժամանակ պտտվում էին ԾԻԳ-կադաստր-դատարան շրջապտույտում», հայտնեց ծրագիրն իրականացնողներից մեկը։
«Վերջին օրերին գլխապտույտ տեռոր է սկսվել բնակիչներիս հանդեպ։ Մինչ այսՙ ով դուրս է եկել, բոլորը շատ բավարարված են եղել, իրենց ուզած բնակարանն են գնել եւ գոհ են հեռացել», ասաց Արամի 36 հասցեի բնակիչ Ռաֆիկ Մաթեւոսյանը։ Նրա ասելովՙ իրեն 54 հազար դոլար էին առաջարկել 100 քմ-ի դիմաց, բայցՙ բանավոր։ «Մեզ չեն ասելՙ եկեք գումարը ստացեք, դուրս եկեք, բայց ասում են, եթե հրաժարվում եք պայմանագիրը ստորագրելուց, ուրեմն խրախուսումից զրկվում եք։ Առանց մեզ տեղյակ պահելու, գործերն ուղարկեցին դատարան։ ԾԻԳ-ն ամեն ինչ անում է, որպեսզի խրախուսումից զրկեն մեզ»։ Ռ. Մաթեւոսյանի այս տեսակետին էին նաեւ տարածքի մյուս բնակիչները։ «Մեզ գումար չեն առաջարկել։ Սկզբից բոլ-բոլ տվինՙ իրենք մեջը օգտվելով։ Իրենց խարդախություններն արել են, գրել ենՙ կիսվել։ Թող պայմանագիր բերեին, ասեինՙ կնքեք», հայտնեց Լալայանց 11 հասցեի բնակչուհի Լիդուշ Պողոսյանը։ «Ես պայմանագիր չեմ ստորագրել, իմ տունը գնահատել են 2 տարի առաջ, 104 քմ-ը 30 հազար դոլար են գնահատել, 10 քմ էլ չեն գրել, որ օրինական իմ նախագծի մեջ է մտնում», ասաց նույն բակի բնակիչ Գառնիկ Միրզոյանը։
«Բոլորին գնային առաջարկը տարել ենք, քաղաքացին չի համաձայնել առաջարկված գնային տարբերակին, արձանագրություն են կազմում, բոլորը ստորագրել են, հետո է ներկայացվել դատական հայցը։ Միշտ գնացել են 2-3 հոգով, որպեսզի այլ տրամադրություններ չլինեն», պնդում է ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ պրն Աֆյանը։ Ասվածին ի պատասխան նշենք, որ, օրինակ, ըստ դատական գործում եղած փաստաթղթերի, ԾԻԳ-ը Ռ. Մաթեւոսյանին գնային առաջարկով դիմել է հոկտեմբերի 1-ին, երբ տան գնահատման ակտը կազմվել է հոկտեմբերի 6-ին։ Հետեւաբար առաջարկված գնային տարբերակը չընդունելու եւ արձանագրության իսկության մասին խոսք լինել չի կարող, որը ԾԻԳ-ին հիմք տար վտարելու պահանջ ներկայացնել դատարանին։
Նարեկ Սարգսյանը համաձայնեց մեզ հետ, որ ի վերջո տարածքների իրացման ժամկետների կրճատումը բնակչությանը խրախուսումից զրկելու խնդիր ուներ, որով թերեւս փորձում էին փակել առաջացած գումարային դեֆիցիտը, սակայն, հանդիպելով լուրջ դիմադրության, տեղի տվեցին։ «Դատական ատյաններին, իրոք, շատ դեպքերում հապճեպ ներկայացնելը, արագորեն խրախուսումից զրկելը, ժամկետների խիստ կրճատումը, համենայն դեպս ԾԻԳ-ը չոր վարչարարական մոտեցում էր ցուցաբերել», ասաց նա։
Նոր որոշումն առավել բորբոքեց դժգոհ բնակիչներին
Անհամաձայնությունների ալիքը գագաթնակետին հասավ հունվարի վերջին։ Հունվարի 29-ին ընդունած որոշումով կառավարությունը փոփոխեց բնակչությանը փոխհատուցելու կարգըՙ ոչ թե բնակարան, այլ գումարային փոխհատուցում կամ բնակարան, բայց առաջարկվող փոխհատուցման գնի սահմաններում։ Միաժամանակ, կառավարությունը 1 մլրդ դրամ գումար հատկացրեց առաջացած ֆինանսական դեֆիցիտը փակելու համար։
Հանրության ճնշման արդյունքում փետրվարի 10-ին ձեւավորվեց նոր հանձնաժողով Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբՙ դիմում-բողոքներին ծանոթանալու եւ ԾԻԳ-ի աշխատանքների վիճակը գնահատելու համար։ Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ժամանակավորապես կասեցվեցին դատական գործընթացները, բոլորի խրախուսման ֆոնդը վերականգնվեց եւ որոշակի ժամանակային պայմաններ դրվեցին։ «Իրացումը չվերածենք վտարման։ Պետք է նորմալ փոխհատուցում լինի, որպեսզի մարդիկ դժկամությամբ չհեռանան», ասաց Նարեկ Սարգսյանը։ Հանձնաժողովի նախագահը աշխատանքի ավարտին հայտնեց, թե կարծում էՙ բնակիչները լիարժեք բավարարված են, իսկ ովքեր բավարարված չէին փոխհատուցման չափից, բայց հասկանում էին ծրագրի նշանակութունը եւ խնդրի հրատապությունը, եւս պայմանագրեր կնքեցին։ Կան ընտանիքներ, պրն Սարգսյանի ասելովՙ մինչեւ 20 հոգի, որոնց հետ դատական կարգով հարցը կլուծվի։ ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Ֆելիքս Աֆյանը կարծում է, որ պայմանագիր կնքելու հարցում իրականում մեծ դեր ուներ կառավարության վերջին որոշումը։ «Կառավարության նոր որոշումը ավելի հստակեցրեց փոխհատուցման կարգը եւ մեզ համար հեշտ է աշխատելը։ Եթե այս նոր որոշումը լիներ մեր ձեռքի տակ, մենք էլ վերջին հաշվով պայմանագիրը կնքելու էինք»։
Ծրագիրն իրականացնողները կարծում են, որ ճիշտն այն կլիներ, եթե ի սկզբանե վարկային միջոցներ գտնեին, իրացնեին ամբողջ տարածքըՙ լոտերի բաժանելով աճուրդի հանեին։ Այդ դեպքում միանշանակ շահած դուրս կգային։ Ընդունում են, որ լոտերի իրացումը լավ հաշվարկված չէր եւ շատ մեծ շտկումների կարիք կար։ Կառավարության որոշումով փոխվեց նաեւ լոտերի իրացման կարգը. աճուրդային վաճառքը փոխվեց ուղիղ բանակցությունների, քանի որ, ինչպես պրն Սարգսյանը հայտնեց, հենց աճուրդները բերեցին այս դժվարություններին, անկանխատեսելի թանկացումներ եղան։ Նրա ասելով, ուղիղ բանակցությունները թույլ են տալիս տվյալ լոտի գինը, նրա վրա արվող ծախսերը ձեւավորել տասնյակ մարդկանց հետ բանակցելու արդյունքում, նաեւ գնորդը պարտավորվում է հարակից տարածքների բարեկարգումը, լուսավորությունը իրականացնել, ֆինանսապես օգնել ԾԻԳ-ին եւ այլն։ «Ուղիղ բանակցությունները հնարավորություն տվեցին փոխելու վիճակը»։
Բոլորը հնարավորինս շատ են ուզում օգտվել
Միանգամայն բնական այս մոտեցումը ոչ միայն բնակիչներն են որդեգրել, այլեւՙ իրացնողները։ Այդ են հաստատում մասնավորապես ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները։ Փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքից ազատվեց «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Բայբուրտյանը։ Քաղաքապետը լուծարեց ԾԻԳ-ի հանձնաժողովը եւ նոր հանձնաժողով ձեւավորեց։ «Մեր տնօրենը շատ նյարդայնացած էր, ես չգիտեմՙ նրան ազատեցին, թե ինքն ազատվեց, բայց գիտեմ, որ նրա աշխատելը այլեւս ֆիզիկապես հնարավոր չէր։ Ս. Բայբուրտյանին ճանաչողները նրան բնութագրում են իբրեւ պրոֆեսիոնալ, ազնիվ ու զգուշավոր մարդու։ Տեղեկացանք, որ նա մեկ անգամ դիմել էր տնօրենի պաշտոնից ազատվելու համար եւ մերժվել էր։
Այնուամենայնիվ, ղեկավար անձանցից ոչ ոք չբացառեց «առանձին մարդկանց առանձին դեպքերում անարդար մոտեցումը»։ Բացի թերեւս ԾԻԳ-ի փոխտնօրեն Ֆելիքս Աֆյանից, որը բացառում է անարդար մոտեցումը. «Հանձնաժողովը մանրակրկիտ նայում է բոլոր գործերը, լսում գնահատողի բացատրությունները։ Չի եղել, որ միանձնյա մեկը որոշում կայացնի»։ Ն. Սարգսյանն այդ հարցին հետեւյալ պատասխանը տվեց. «ԾԻԳ-ում եթե կային ոչ պարկեշտ մարդիկՙ նրանց դաշտը մաքրվեց։ ԾԻԳ-ն ընդամենը պայմանագիրը պետք է ձեւավորեր, նա այլեւս գին չի որոշում, բայց ինչպես միշտ, ցանկացած պետական ատյանում ԲՇՏ-ի հոգեբանությունը կաՙ քաշքշուկներ եւ այլն։ Դրանից ձերբազատվելը հեշտ չի լինի»։ Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի կարծիքով, մարդկանց հետ երկխոսություն չտանելը ծրագրի նկատմամբ անվստահության շատ լուրջ պատճառ էր եւ իր գլխավորած հանձնաժողովի խնդիրը մարդկանց մեջ վստահություն ստեղծելն էր։
Ծրագիրն իրականացնողները պնդում են, թե փոխհատուցման ժամանակ գոհ լինելու հասկացություն չի կարող լինել, մանավանդ հայ իրականության մեջ։ Ն. Սարգսյանը նույնպես, իբրեւ ԾԻԳ-ին կից գործող հանձնաժողովի նախագահ, այդ համոզման էՙ կան անհիմն եւ հիմնավորված պահանջներ։ «Մենք տեսել ենք խիստ մտավորական մարդկանց, որոնք ոչ մի քայլի չեն դիմել, տեսել ենք մարդկանց, որոնք բնակարան են ստացել, նորից գրանցվել, մարդկանց են գրանցել եւ այլն, ամեն ինչ կա», ասաց պրն Սարգսյանը։ «Համոզված եմ, որ այսօր էլ տրվում է ավելի շատ, քան իրենց պետք է, պարզապես մեկի հասկացողությունը թույլ է տալիս գնահատել, թե ինչ ուներ եւ ինչի տեր դարձավ, մյուսինըՙ ոչ», ասաց ծրագիրն իրականացնող մի պաշտոնյա ավելացնելով, որ բնակիչները 1,5-2 անգամ շահեցին այս ծրագրով։ ԾԻԳ-ի անդամները կարծում են, որ բնակիչները ոչ թե դժգոհ են փոխհատուցման նոր կարգից, այլ դժգոհ են համեմատության մեջՙ մյուսներին տրված փոխհատուցումից։ «Դժգոհում են, որ 20 քմ համար նրանց տունը գնահատել էին 15 հազար դոլար, նա 60 հազար դոլար ստացավ։ 60 հազար դոլար չստացավ, 60 հազարով նրանց համար 2 բնակարան գնվեց», շեշտեց պրն Աֆյանը։
- Ի՞նչ տարբերությունՙ գումարն ստացավ, թե բնակարան այդ արժեքով։
- Այն ժամանակ բնակարան գնելու թույլտվություն կար եւ թաղապետարանն է եղել գնորդն ի սկզբանե, ամեն ինչը պատրաստում էինՙ բերում ԾԻԳ-ի տնօրենի հետ համաձայնեցնում։ Երկու բնակարան գնելու դեպքում ընտրության հնարավորություն էր տրված նրանց։ «Ղեկավարվում էինք կառավարության որոշմամբ, որի կետերից մեկը մարդկանց բնակարանով ապահովելն էրՙ սեփականատերերին քաղաքի կենտրոնում, իսկ օգտագործողներինՙ վարչական տարածքում։ «Գնային փոխհատուցումը խրախուսման հետ համատեղ տալիս էինք եւ գոհ էր։ Այն մարդիկ, որոնց գույքը փոքր էր, բայց այնտեղ մեծ թվով մարդիկ էին բնակվում, ընտրում էին բնակարանային տարբերակը»։ Որոշված էր սեփականատիրոջը իր գույքի արժեքը տալ, օգտագործողներինՙ անձին 3500 դոլար, այսինքնՙ 2000 դոլար+ օժանդակություն, իսկ միայնակ մարդկանց տալ 2000+ 4000, որպեսզի կարողանան ինչ-որ բան գնել։
Աբովյան 1/2 բակի բնակիչներից շատերը հրաժարվում են տարածքն ազատելուց, չնայած նրանց զգուշացված է մինչեւ ապրիլի 1-ը ազատել տարածքները։ «Այս տանը 3 ընտանիք ենք գրանցված, մեզ 3 բնակարան պետք է տան։ Նրանք մեզ 30 հազար դոլար են առաջարկում, որով քաղաքի կենտրոնում չենք կարող բնակարան գնել», ասում է Արմենուհին։ «Մեր տարածքը 98 քմ էՙ 38 հազար են վճարում, մենք 7 շունչ ենք, նաեւ աղջիկս է մեզ մոտ գրանցված, թեպետ ամուսնացած է եւ այստեղ չի ապրում։ Հույսը այս տներն են, կամ թող ինձ տան իմ ունեցած տարածքի չափով բնակարան քաղաքի կենտրոնում», ասաց Նազիկ անունով մի կին։ «115 քմ-ի համար 42 հազար են տալիս, նրանց տված գումարով քաղաքի կենտրոնում 3 սենյականոց բնակարան չեմ կարող առնել, իսկ ծայրամաս չեմ գնալու», հայտնեց նույն բակի բնակիչներից Անահիտ Բանդուկանյանը։
«Բնակիչները 80 տարի գիտեին, որ տարածքն իրացվելու է եւ հոգեբանորեն մտածել են, որ դրանով բոլոր հարցերը կլուծեն», ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետըՙ բնակիչների հետ շփումների արդյունքում գնահատելով նրանց հիմնական դժգոհությունը։ Հայտնեց, որ անձամբ իր համար խիստ ցանկալի է կենտրոնի բնակչին կենտրոնում պահելը։
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am