«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2004-04-01 | #58, 2004-04-02 | #59, 2004-04-03


ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾՄԱՄԲ ԱՎԻԱԿԵՐՈՍԻՆԻ ԳԻՆԸ ՍԱՀՄԱՆՎԵՑ 430 ԴՈԼԱՐ

Մինչ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներդրումային ծրագիր ներկայացնելը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ավիակերոսինը կվաճառի նախկին գնովՙ 430 դոլարով։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 8-ից օդանավակայանը որոշել էր ավիակերոսինը վաճառել 460 դոլարով։ Սակայն մարտի 23-ից, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունից ելնելով, օդանավակայանի կառավարիչ ընկերությունը որոշեց կրկին վերադառնալ նախկին գներին։ Երեկ այս հարցը քննարկվեց հանձնաժողովի նիստում, որտեղ ներկայացվեցին օդանավակայանում անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները։

Հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ ավիակերոսինի գնի բարձրացումը օդանավակայանի ղեկավարությունը պայմանավորում էր դրա ձեռքբերման գնի թանկացմամբ։ Սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անգամ այդ դեպքում գնի բարձրացումը բավարար չափով հիմնավորված չէ։ Ուստի հանձնաժողովը որոշել է, որին համաձայնել է նաեւ օդանավակայանը, որպես միջանկյալ լուծում ուժի մեջ թողնել նախկին գինը։ Որոշման մյուս կետերով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը այս ոլորտում ճանաչվեց գերիշխող դիրք ունեցող, նրանից պահանջեց մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը ներկայացնել կոնցեսիայի ամբողջ գործունեության ընթացքի համար նախատեսված ներդրումային ծրագիրը, իսկ մինչեւ մայիսի 1-ըՙ ընկերության 2004 թ.-ի գործունեության ծրագիրը։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի հիմնավորել ավիակերոսինի գնի փոփոխությունը։ Սակայն հանձնաժողովը ըմբռնումով կմոտենա այդ վառելիքի միջազգային գնի տատանումներին եւ օդանավակայանի կողմից իրացման գնի համարժեք փոփոխություններին։ Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ միջազգային գնի ամեն մի փոփոխման դեպքում պետք է բարձրանա նաեւ իրացման գինը։ Ինչպես ընդգծեց հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը, մինչեւ իրենք չհամոզվեն, որ օդանավակայանի մյուս ծառայությունները շահույթ են ստանում աշխատելով առավելագույն արդյունավետությամբ, չեն համաձայնի ավիակերոսինի գնի բարձրացմանը։ Այսինքն այս հարցի վերջնական հանգուցալուծումը դեռեւս առջեւում է։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4