«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2004-04-01 | #58, 2004-04-02 | #59, 2004-04-03


ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ

Ոչ վաղ անցյալում «Տրիումֆ» սրճարանի դիմաց տեղի ունեցած հրաձգությունը նմանօրինակ առաջին դեպքը չէր։ Ապրիլի 1-ը նշանավորվեց նման հրաձգության եւս մի դիպվածով։ Հարաբերությունների պարզաբանումը հրաձգության վերածվեց պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազգականների, հանգուցյալ թաղապետ Վահան Զատիկյանի որդիների եւ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդու միջեւ։

Համաձայն ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ձախ ձեռքի եւ աջ ոտքի հրազենային վնասվածքներով «Մալաթիա» բուժկենտրոն են տեղափոխվել 1982 թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքովՙ 1980 թ. ծնված Վարդան Հակոբյանը։ Խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները հասցրել են եղբայրներ Սեդրակ (1980 թ.) եւ Անդրանիկ (1982 թ.) Վահանի Զատիկյաններն իրենց մոտ գտնվող ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակահերթ արձակելով ու ծեծի ենթարկելով իրենց նման շփացած տղերքին։

Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները ճշտվում են, եւ ինչպես տեղեկացանք Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունից, հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունն ու մասնակիցների արյունակցական կապերը, գործը տեղափոխվել է Երեւան քաղաքի դատախազության վարույթ։

«Ազգն» ապրիլի 2-ի համարում զետեղելով «Արմինֆո» գործակալության նշված միջադեպին առնչվող հաղորդագրությունը ակամա սեփականել է գործակալության թույլ տված սխալըՙ Մանվել Գրիգորյանի փոխարեն տպագրելով Միքայել Գրիգորյան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4