«Ձու օպերացիայի» կողմնակիցներին
Քրիստոնյա աշխարհի ամենամեծ երեւույթըՙ Հիսուս Քրիստոսի Հարության տոնըՙ Սուրբ Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի 11-ին։ Աստվածային զոհաբերության այս մեծ խորհուրդը մարդու մեղքերի թողության համար է, որին հետեւում են նրա կյանքն ու հարությունը։
Այս օրը ավանդաբար ընդունված է ձու ներկել։ Զատիկի նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվում է ճրագալույց, ներկվում է կարմիր ձու։ Ձուն ընդունված է համարել բեղմնավոր կյանքի, փրկության եւ ուրախության խորհրդանշան։ Հայ մեծ աստվածաբան Գր. Տաթեւցին ձուն համարել է աշխարհի խորհրդանշանը, կեղեւըՙ երկինքը, թաղանթըՙ օդը, սպիտակուցըՙ ջուրը, դեղնուցըՙ երկիրը։ Կարմիր ներկելը նշանակում է, թե ամբողջ աշխարհը փրկագնվել է Քրիստոսի արյամբ։
Մենք, իհարկե, քրիստոնյա ժողովուրդ ենք, այն էլ ամենահինըՙ 1703 տարվա պատմությամբ եւ հաճախ հպարտանում ենք դրանով։ Բայց, թերեւս, քրիստոնեական բարձրագույն իդեալները մեզ վրա տարածվել են եզակի ընտրյալների շնորհիվ։ Որովհետեւ ընդհանուր առմամբ, մեր հավաքականությամբ, մենք քիչ ենք հարգում մեր երկիրը, մեր կրոնը, մշակույթը, պատահական չէ, որ օտարահաճ ենք համարվում ու պատահական չէ, որ աստանդական կյանքը գերադասում ենքՙ անգամ անկախ պետականության պարագայում։ Սա ավելի լուրջ, իսկ էպիզոդիկ իրականության մասին (նախընթաց օրերի ընթացքը նկատի ունենալով)ՙ քիչ հեգնախառը բնույթով։
Ձվանետումները տարբեր առիթներով առհասարակ նորություն չեն, եւ անարգանքի նշանակությամբ է արվում, եւ հայերը չէ, որ հորինեցին։ Սովորաբար նեխած ձու նետելը հակառակորդ կողմի վրա նվաստացնելու իմաստով է արվում։ Վերջերս մեզանում լայն թափ առավ ձվանետումը։ Մերոնք նեխա՞ծ ձու են օգտագործել, թե՞ թարմ, չգիտենք։ Բայց երեւում էՙ հանրապետությունում ձվի արտադրության խիստ ավելցուկ կա, ինչը ենթադրում է հիշյալ բնամթերքի էժանացում, մանավանդ որ... Սուրբ Զատիկի տոնը մոտենում է։ Սովորաբար ամեն տարի այս օրերին ձուն թանկանում է, ու մենք տոնից մի 10¬15 օր առաջ ձու էինք գնում, որ թանկացումներից խուսափենք (թեպետ հիմա էլ սահման չկա, բոլոր ապրանքներն են թանկացել)։ Ձվի առատության այս պայմաններում «ձու օպերացիայի» կազմակերպիչներին առաջարկում ենք ավելի մարդասիրական, քրիստոնեական մոտեցում, բնամթերքի այդ պարկերը բաժանել կարիքավոր ընտանիքներին, մարդիկ Զատիկի օրը ձու կներկեն ու գուցե բարի խոսք էլ ասեն ձեր հասցեին։ Թե չէ հայաստանյան բնակչության սոցիալական այս ֆոնին «ձու օպերացիան» հաստատ շռայլություն է, անտնտեսվարություն, որքան էլ հանրահավաքները խանգարելու համար հնարամիտ միջոց է։ Խոստովանենք, որ սա էլ «փրկություն» չէ, եթե հաշվի առնենք, որ ձվային այս փորձությունը նախորդում է Սուրբ Զատիկի տոնին։
Իհարկե, այս ամենը որոշակի ենթատեքս-տով է ասվում, խորհրդածելու առիթ տալու համար, թեեւ ակնարկի հասցեատերերը դժվար թե որեւէ բան հասկանանՙ սոսկ մտքի մթամածության պատճառով։
Մ. Բ.