«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2004-04-02 | #59, 2004-04-03 | #60, 2004-04-06


ՂԱՐԱԲԱՂՑՈՒՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆՑԻՆ

Ո՞վ է Էլման Մամեդյարովը

Ինչպես տեղեկացրել էինք. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 2-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է 44-ամյա կադրային դիվանագետ Էլման Մահերում օղլու Մամեդյարովին։ Ադրբեջանի նորանշանակ արտաքին գերատեսչության ղեկավարը, ըստ «Ռեգնում» գործակալության, ծնվել է Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի Յայջի գյուղում, ավարտել է Կիեւի պետհամալսարանին կից միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան, ԱՄՆ-ի Բրաունի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։

1992 թ.-ից աշխատում է Ադրբեջանի ԱԳՆ-ում, նախքան արտգործնախարար նշանակվելը Մամեդյարովն Իտալիայում Ադրբեջանի դեսպանն էր (2003 թ. ամառվանից), մինչ այդՙ 1998¬2003 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության խորհրդականի պաշտոնը, աշխատել է Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի կենտրոնակայանի ադրբեջանական ներկայացուցչությունում։

«Զերկալո» թերթը նկատում է, որ Մամեդյարովը երբեք չի զբաղեցրել բարձր պաշտոններ ԱԳՆ-ում աշխատելու տարիներին։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար (1998¬99 թթ.) Թոֆիկ Զուլֆուգարովը «Թուրան» գործակալությանն ասել է. «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում կադրային դիվանագետի նշանակումը, անկասկած, դրական փաստ է»։

«Արտգործնախարարությունում ոչ ոք չէր կանխատեսում, որ ԱԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի հենց Մամեդյարովը, «Էխո» թերթին ասել է ԱԳՆ մի աղբյուր։ «Ժողճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի կարծիքովՙ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում հասարակության եւ անգամ պետության ղեկավարի շրջապատում անհայտ մարդու նշանակումը թույլ է տալիս ենթադրել, որ նոր արտգործնախարարի համար նախատեսված է հնազանդ չինովնիկի դեր, ով չունի քաղաքական կշիռ։

Ադրբեջանի արդեն նախկին արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը, որն արմատներով ղարաբաղցի է, մինչեւ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելը խորհրդարանի պատգամավոր էր, չուներ դիվանագիտական փորձ։ «Գուլիեւն արտգործնախարար նշանակվեցՙ չունենալով դիվանագիտական փորձ, բայց ուներ քաղաքական փորձառություն։ Այն ժամանակՙ 2000 թ., նախանշվում էին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հարցով համաձայնությունները։ Այդ պատճառով անհրաժեշտ էր հնազանդ, ղարաբաղյան ծագում ունեցող մեկը, ինչպիսին Գուլիեւն էր։ Բոլորի համար պարզ էր, որ արտաքին քաղաքականությունը որոշում է երկրի նախագահը։ Գուլիեւին հաճախ հեռու էին պահում խիստ գաղտնի բանակցություններից», ասել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4