Իլհամ Ալիեւը նրանց հանձնարարել է փակ պահել հայ-թուրքական սահմանը
Բաքվի ANS հեռուստաընկերության նախաձեռնությամբ ապրիլի 6-ին ադրբեջանցի լրագրողների մի խումբ մեկնում է Արեւմտյան Հայաստան (Թուրքիայի արեւելյան շրջաններ). Իգդիր, Կարս քաղաքներում, մի շարք այլ բնակավայրերում տեղի բնակչության հետ ադրբեջանցի լրագրողներն անցկացնելու են բողոքի ցույցեր ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման։ Ադրբեջանցիների կարգախոսներն են լինելու «Թուրքն աջակցում է թուրքին», «Ո՛չ սահմանի բացմանը»։ Սահմանային ցույցերից հետո, ըստ «525 գազեթ» պարբերականի, լրագրողները մեկնելու են Անկարաՙ Թուրքիայի իշխանություններին կոչ անելու չբացել հայ-թուրքական սահմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները լիովին իշխանությունների վերահսկողության տակ են, ինչից կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի լրագրողների բողոքի գործողությունների իրական կազմակերպիչն ու հովանավորն Ադրբեջանի իշխանություններն են։ Ապրիլի 13-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնելու Իլհամ Ալիեւը։ «Թրքիշ դեյլի նյուսը» օրերս հաղորդեց, որ Ալիեւը թուրքական իշխանությունների հետ քննարկելու է երկու հիմնական հարցՙ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղ եւ Հայաստանի շրջափակում։ Տակավին հայտնի չէՙ Անկարայի իշխանությունները եւս շահագրգի՞ռ են ադրբեջանցի լրագրողների բողոքի ցույցեր կազմակերպելուն։
Մարտի վերջերին Ալիեւը, անդրադառնալով Եվրամիության եւ որոշ ազդեցիկ պետություններիՙ Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ գործադրելու փաստին, որպեսզի Անկարան ապաշրջափակի հայ-թուրքական սահմանը, վերացնի 1993 թ.-ից շարունակվող Հայաստանի շրջափակումը, ասել էր. «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնալու է անհնար։ Եթե շահագրգիռ կողմերը ցանկություն ունեն տեսնելու ղարաբաղյան խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով, պետք է դադարեցնեն Թուրքիայի նկատմամբ ճնշումները»։
Ալիեւը վստահություն էր հայտնել, որ Թուրքիան այդ ճնշումներին տեղի չի տա։ «Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ամեն ինչից վեր է։ Մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը», ասել էր Ալիեւը։
Մարտի 26-ին Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեյջը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, ասաց. «Հայ-թուրքական սահմանի բացումը երկուՙ հայ եւ թուրք ժողովուրդների համար էլ օգտակար կլինի։ Մենք մեր թուրք գործընկերների հետ այդ հարցը ժամանակին քննարկել ենք, բայց գիտենք, որ այսօր Թուրքիան զբաղված է Կիպրոսի, Հյուսիսային Իրաքի հարցերով։ Հուսով եմ, որ այդ խնդիրները լուծելուց հետո նրանք կանդրադառնան Հայաստանի հետ սահմանները բացելու խնդրին»։
Օրերս թուրքական «Միլիյեթը» գրեց. «Կարսի բնակիչները սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այդ սահմանային դարպասի (Կարսի) կողպված լինելն անհնար է դարձնում Թուրքիայի ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցությունն ինչպես Հայաստանի ու Կովկասի, այնպես էլ թուրքալեզու հանրապետությունների ու Չինաստանի հետ։ Կարսի սահմանակետի բացումը (Թուրքիային) հնարավորություն կտա առեւտուր անել Հայաստանի ու մյուս երկրների հետ, ինչը կբերի Թուրքիայի այդ հետամնաց շրջանի տնտեսական զարգացմանը»։