Թուրքական թերթերը դա ընդունում են որպես վիրավորանք
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Յասեր Արաֆաթին սպանելու վարչապետ Շարոնի պատրաստակամությանը հավանություն չտալու համար Իսրայելը բուռն հակազդեցություն էր ցուցաբերել ԱՄՆ-ին։ Թուրքիայում էլ հակազդեցության թիրախ դարձավ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը։ Մարտի 2-ին պետքարտուղարը գերմանական ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրաքը լինելու է իսլամական հանրապետություն այնպես, ինչպես Թուրքիան եւ Պակիստանն են։
Փաուելի այս խոսքերը Պակիստանում որեւէ արձագանք չեն գտնում։ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը դրանց ըմբռնումով է մոտենում եւ ասում. «Մի՞թե Թուրքիան մահմեդական երկիր չէ»։ Հակառակ արտգործնախարարիՙ «Հյուրիեթի», «Միլիեթի», «Սաբահի» պես կենտրոնական թերթերը աղմուկ-աղաղակ են բարձրացնում երկրով մեկ։ Դրանցից ոմանք Փաուելին մեղադրում են լեզվի սայթաքման մեջ, մյուսներըՙ տգիտության, նույնիսկ զառանցանքի։ Հատկանշական է, որ այս թերթերի գլխավոր զբաղմունքը Թուրքիայում ամերիկյան քարոզչության ծավալումն է։ Ուրեմն Փաուելը «իսլամական պետության» մասին խոսքերով Թուրքիային չի վիրավորել, պարզապես Թուրքիայում ամերիկյան քարոզչությամբ զբաղվողներն իրենք են վիրավորվել։
Հ. Չ.