«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ

Կատարվելիքի համար պատրաստում է համարժեք գործողություններ

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ազգային միաբանություն» խմբակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց իր վերաբերմունքն օր առաջ մայրաքաղաքի ընտրողների հետ իր հանդիպման ընթացքում տեղի ունեցած իրողությունների մասին։ Գեղամյանը վստահ է, որ իշխանությունները փորձում են մի ամբողջ ազգի վախ ներարկել եւ մղել ապագային գիր ու ղուշի տեսանկյունից նայելուՙ մոռանալով, որ վախեցած երեւանցին այլեւս ընդունակ չի լինի սահմաններ պաշտպանելու կամ Արցախի մատույցներում հայտնվելու։ Ասուլիսի ողջ ընթացքում եւս մեկ անգամ բարձրաձայնելով վերջին օրերին իր կողմից իշխանության հասցեին հնչեցվող բոլոր թունդ արտահայտություններըՙ Գեղամյանը վստահեցրեց, որ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց հավաքված էր «Ազգային միաբանության» ընտրողների ակտիվը միայն, որն, ըստ Գեղամյանի, կազմել է 25 հազար (նշված թվի իրական լինելուն խիստ կասկածում ենք, քանի որ ներկա ենք եղել նշյալ հավաքին, որտեղ ընդամենը 4-ից 5 հազար մարդ կար), սակայն ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հավաքին միանալու է եւս 11 կուսակցությունների ընտրազանգվածը, ինչում բանախոսն աներկբայորեն վստահ էր։

Գեղամյանը հավատացած է նաեւ, որ մայրաքաղաքի ճանապարհների, Ազատության հրապարակի եւ Մատենադարանի տարածքի փակ լինելու դեպքում անգամ ապրիլի 9-ին բոլորս ականատես ենք լինելու երկրաչափական պրոգրեսիայի, որն, ըստ նրա, իշխանություններն անգամ զինված ճնշմամբ չեն կարողանա կանխել նաեւ այն պատճառով, որ ինքըՙ Գեղամյանը, անզեն ընդառաջ կգնա կրակողներին, ինչի փորձը 1990 թ. մայիսի 27-ին բանախոսն արդեն ձեռք է բերել։

«Ազգային միաբանությունը» հավատացած է, որ ապրիլի 9-ի հավաքում իշխանությունները կփորձեն զանգվածային անկարգություններ հրահրել, սակայն, հիմք ընդունելով ապրիլի 5-ին նմանատիպ փորձի հանդեպ ժողովրդի դրսեւորած ողջախոհությունը, վստահ են իշխանությունների ձախողմանը։ Ընդդիմությունը պատրաստվում է ապրիլի 9-ի հավաքում իշխանությունների ցանկացած ձեռնարկին պատասխանել համարժեք գործողությամբ։ Ի դեպ, Արտաշես Գեղամյանը հայտնեց նաեւ, որ իրենք նախապես տեղյակ էին կինո «Նաիրիի» դիմացի հավաքում տեղի ունեցածի սցենարին, քանի որ վստահ են, որ իշխանությունները հենվում են քրեական տարրերի վրա եւ պատերազմական գործողություններում, Գեղամյանի գնահատականով, թեկուզ հազվադեպ, բայց լավ են դրսեւորել իրենց ու չեն կարողանում խաղաղ պայմաններում կառավարել երկիրը։ Որպես ապացույց Գեղամյանը փաստեց, որ նախորդ օրվա 47 ձերբակալվածների ցուցակն ընդլայնվել էՙ հավաքի ժամանակ լոզունգներն ու իր լուսանկարները բռնած մի քանի տասնյակ անձանց ձերբակալումով։ Ձերբակալվածներից միայն մեկն է ենթարկվել բռնության եւ ծեծի, այն էլՙ «կեցցե՛ Գեղամյանը» բացականչության համար։ Իսկ հավաքի ավարտին առգրավվել է այն միկրոավտոբուսը, որի վրայից բանախոսը ելույթ էր ունենում։ Ինչպես ինքըՙ Գեղամյանը, երեւանցու լեզվով ասաց, մեքենան գտնվում է փոսի գայում։

Բանախոսի գնահատականով, «37 թ. ղալաթ ա արել մեր ժամանակների հետ համեմատած։ Էն ժամանակ տրոյկան էր կառավարում, հիմաՙ դվոյկան, որը բացարձակ չգիտի հայ մարդու հոգեբանությունը»։ Այստեղ նշենք, որ Արտաշես Գեղամյանը հարկ համարեց փաստել, որ իր ծագումը ապարանյան չէ, եւ որ ինքը ծնվել ու մեծացել է կինո «Նաիրիի» դիմացի բնակելի շենքում։ Իրավացի է Գեղամյանն ասելով, որ հայ մարդն իր հոգեբանության հիմքերում արդարության հանդեպ նախանձախնդրություն ունի։ Թերեւս իրավացի կլինենք նաեւ մենքՙ ասելով, որ հայ մարդու հոգեբանության հիմքերի հիմքը արմատները չմոռանալն ու արմատներից չհեռանալն է։

Օր անց ընդդիմությունը հանդիպելու է Հայաստանում գործող օտարերկրյա պետությունների դեսպանների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4