«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԵԿԵՔ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ

Հայաստանից ստացվող խռովահույզ լուրերը խոր մտահոգություն են առաջացնում ռուսահայության շրջանում։ Անմտություն կլիներ մոսկովյան հեռուներից գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական սրված իրադարձություններին, քանզի մասշտաբային քաղաքական ու սոցիալական հուզումների հենքերը միշտ էլ շատ ավելի խորն են ու բազմաշերտ, քան կարող են թվալ առաջին հայացքից, առավել եւսՙ դրսից։ Եվ ռուսաստանցի հայի անհանգստությունն էլ բացատրելի է. Հայաստանը նրա համար սոսկ պատմական հայրենիք չէ, նորահայտ սփյուռքի ստվար մի հատվածը դեռ երեկ ապրում էր այդ երկրում։ Ըստ էության, ռուսահայության համար կարեւորը ոչ թե Հայաստանի ղեկավարի անհատականության հարցն է (այստեղ կոնկրետ տրվում է նույն հավանական թեկնածուի անունը), այլ նրա վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ սա չի կարելի սուբյեկտիվ մոտեցում համարել։ Ի վերջո, որոշ տվյալներով, այս երկրում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում։

Ուշագրավ է, որ Վրաստանի «վարդագույն» հեղափոխությունից հետո անմիջապես ռուսաստանյան շատ թերթեր անսքող սկսեցին արձանագրել, որ իշխանափոխության հերթը հասել է Հայաստանին։ Հատկապես այս թեմայի շուրջ հաճախ է հանդես գալիս քաղաքականագետ Ստանիսլավ Բելկովսկին, որի շատ կանխագուշակումներ, ցավոք, իրականանում են։ Հարավային Կովկասը հայտարարելով իր կենսական շահերի շրջան, ԱՄՆ-ը Եվրամիության հետ փորձում է այդ նավթառատ աշխարհամասից, ի հակակշիռ Մերձավոր Արեւելքի, դուրս մղել Ռուսաստանին։ Հայաստանն այսօր վերջինիս միակ հենարանն է Անդրկովկասում։ Ուստի խնդիր է դրված մեկուսացնել նրան հյուսիսային գերտերության ազդեցությունից։ Նավթի, դրա արտահանման ուղիների համար մղվող դաժան պայքարում անմասն չի մնում նաեւ մեր նավթազուրկ հայրենիքը։ Իսկ խռովության համար միշտ էլ կարելի է գտնել առիթներ ու պատճառներ. անբարենպաստ երկրի ղեկավարը դյուրին խոցելի է։

«Արդեն այս տարի հեղաշրջում տեղի կունենա փոքրիկ Հայաստանում, որտեղ կառուցվում է ԱՄՆ-իՙ աշխարհի ամենամեծ դեսպանատունըՙ իդեալապես պիտանի ռազմական բազայի համար», գրել է ռուսաստանյան թերթերից մեկը։ Մի ուրիշ թերթ այն միտքն է հայտնում, որ տվյալ տարածաշրջանը Ռուսաստանի համար կարեւոր է ոչ այնքան էներգառեսուրսների տեսակետից, որքան ազգային անվտանգության առումով։ Հեռավոր Արեւելքում նա բախվում է ԱՄՆ-Ճապոնիա դաշինքին, Եվրոպայում ՆԱՏՕ-ն արդեն սահմանակցում է նրան։ Հարավում մնացել է արդեն «շրջապատման» մեջ ընկած Հայաստանը, որի դերը դժվար է գերագնահատել։ «Բուն Հայաստանի համար տարածաշրջանի խնդիրը հեռանկարում դառնում է առհասարակ ազգի գոյության խնդիրը», եզրակացնում է թերթը։ «Կարելի է ասել, նշել է մի այլ թերթ, որ Վրաստանի համար պայքարի հիմնական փուլն ավարտված է։ Անդրկովկասում հաջորդը հերթի է կանգնած Հայաստանը։ Չար լեզուներն արդեն հավաստում են, որ հաջորդ նախագահական ընտրություններն արտահերթ կլինեն»։ Եվ այսպես ու այս ոգով։

Եվ այսպես, Հայաստանը կանգնած է ԱՄՆ-Ռուսաստան երկընտրանքի առջեւ։ Չխառնվելով ղեկավարություն-ընդդիմություն հակամարտության ներքին խոհանոցին, արժե ներկայացնել խնդրի նկատմամբ ռուսահայության որոշ մոտեցումներ։ Այստեղ գտնում են, որ ռուսական ռազմական բազաների ներկայությունն իրական երաշխիք է Հայաստանի համար։ Առհասարակ դժվար է պատկերացնել Հայաստանին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նույն դաշինքումՙ հավասար իրավունքներով։ Թուրքիան ու Հունաստանն էլ էին նույն դաշինքում, բայց դա չխանգարեց, որ թուրքերը ներխուժեն Կիպրոս։ Եվ հետո, ուսանելի չէ՞ մեզ համար Հարավսլավիայի ու մասնավորապես Բոսնիայի օրինակը, երբ «շահագրգռությունը» բավարարելուց հետո Արեւմուտքը ոչինչ չարեց Սերբիայի համարՙ քրիստոնյա «եղբայրներին» դուրս մղելով պատմական հողիցՙ հօգուտ մուսուլմանների։ Դժվար է ասել, թե իր նպատակին հասնելուց հետո ԱՄՆ-ը կպահպանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Ռուսահայությունը շատ զգայուն է այն հակառուսական հայտարարությունների նկատմամբ, որ լարված մթնոլորտի բերումով պատեհ թե անպատեհ հնչում են Հայաստանում եւ որոնք թափանցում են ռուսական մամուլ։ Պատկերացրեք մոսկվացի թե կրասնոդարցի հայի հոգեվիճակը, երբ բացում է օրաթերթը եւ բաքվեցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի հոդվածում կարդում հետեւյալը. «Հեյկի Տալվիտիեի այցի նախօրեին Երեւանում հնչեցին հակառուսական կոչեր։ ՀՀՇ-ի եւ «Արմատ» կազմակերպության ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանն ուղղակի հայտարարել է լրագրողներին. «Հայաստանն ապագա չունի Ռուսաստանի հետ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը շարունակելու դեպքում»։ Նա գտնում է, շարունակում է մեջբերել Միրկադիրովը, որ անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել «Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցն է» արտահայտությունը, իսկ երկիրը պետք է մտնի այնպիսի հզորագույն կառույցների մեջ, ինչպիսիք են Եվրամիությունը կամ ՆԱՏՕ-ն (կարծես այնտեղ գրկաբաց մեզ են սպասում- Ռ. Հ.)ՙ ձգտելով ընդհանուր ոչինչ չունենալ Ռուսաստանի հետ»։

Հիրավի, «երջանիկ» է այս մարդը, որ նույնքան «երջանկացրել է» իր ոխերիմ հակառակորդինՙ նրան հնարավորություն տալով այդ հակառուսական աղբը հրամցնելու տեղի ընթերցողին։ «Երջանկացրել է» Ռուսաստանի այն հակահայկական քաղաքական ու էթնիկական խմբերին, որոնք ըստ էության գործում են ոչ այնքան հայերի, որքան Վլ. Պուտինի դեմ։ Եթե ՀՀՇ-ն շանս ունենար նորեն գալու իշխանության գլուխ, ապա Աբգարյանի նման հայտարարությունը կարելի էր ընդունել որպես ներքաղաքական տրյուկ։ Բայց թե ինչ հեղինակություն ունի այդ կուսակցությունը ժողովրդի աչքում, երեւաց պառլամենտական ընտրությունների ժամանակ։ Հետեւաբար ինչու դատարկ տեղը նման նողկալի հարված հասցնել ռուսահայությանը (պատկերացրեք թերթի այդ համարը Տկաչովի սեղանին)։

Ողջ հայությունն է օգնում Հայաստանին իր հնարավորության սահմաններում։ Ընդսմին, Ռուսաստանի հայության օգնությունը շատ ավելի կոնկրետ է. նրա շնորհիվ հազարավոր հայ ընտանիքների սեղանին հաց է դրվում, որովհետեւ իր հարազատին, բարեկամին, հարեւանին նյութապես աջակցում է ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի համարվող հայը, այլեւ այս երկրում աշխատող հայաստանցին, որը չի կարող որպես աշխատուժ նույնքան հեշտորեն թափանցել, ասենք, ԱՄՆ կամ Ֆրանսիա։ Ուրեմն պետք է տարրական նրբանկատություն հանդես բերել «գլոբալ» հայտարարություններ անելիս։

Ասում ենՙ քաղաքականությունը կեղտոտ գործ է, որ քաղաքագետները հիշեցնում են մարդկության հնագույն արհեստի ներկայացուցիչներին։ Բայց լինում են նաեւ բացառություններ։ Աստված տա, որ Հայաստանում երբեւէ իշխանության ղեկն ստանձնեն Չեխիայի նախկին վարչապետ Վացլավ Հավելի կամ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի նման մարդիկ, քաղաքագետներ, որոնք պատմական կարճ ժամանակահատվածում իրենց հայրենիքը դարձրին բարգավաճ դեմոկրատական երկրներՙ ժողովրդի աչքում մնալով որպես բյուրեղյա մաքրության տեր հայրենասեր անձինք։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4