«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ

«Ազգը» երեկ մանրամասն անդրադարձել էր ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հանդիպմանն իր ընտրողների հետ նաեւ այդ ընթացքում կատարվածին։ Երեկ այդ առիթով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար Ա. Գեղամյանը հրավիրել էր ասուլիս, որտեղ էլ տեղեկացրեց, որ արդեն 2 էջից կազմված մի փաստաթուղթ է ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը։

Մեր ընթերցողներին ներկայացնենք մի քանի մեջբերում այդ փաստաթղթից։ «Մատենադարանին հարող հարթակի տարածքում պատգամավորների ճանապարհը պատնեշեցին մահակներով ու սաղավարտներով զինված ոստիկաններ։ Վերջիններս սպառնացին դիմել բռնի ուժի, եթե հանդիպման նախաձեռնողներըՙ ԱԺ պատգամավորները, շարժվեն հարթակի ուղղությամբ»։ «ՀՀ-ում, որը Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի անդամ է, կոպտորեն խախտվում է ՀՀ սահմանադրությունը եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած ու վավերացրած մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները։ Հայաստանի իշխանություններն ընտրել են բռնության ճանապարհը, սերտաճել են հանցագործ տարրերի հետ եւ ժողովրդին մղում են քաղաքացիական պատերազմի։ Ստեղծված իրավիճակում մենք ակնկալում ենք Եվրամիության անդամ երկրների, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի գործուն աջակցությունըՙ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ»։ Փաստաթղթում նաեւ նշված էր, որ «ապրիլի 4-ի եւ 5-ի ընթացքում ՀՀ իշխանությունները ձերբակալել են «Ազգային միաբանություն» կուսակցության 127 համակիրների եւ տարածքային կազմակերպության ղեկավարների» եւ շատերին էլ զրկել են ազատ տեղաշարժի իրավունքիցՙ փակելով Երեւան մտնող բոլոր ճանապարհները։

Պրն Գեղամյանն ասուլիսի ավարտին ներկայացրեց արդեն իսկ Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանի (դատավորներՙ Հովհաննիսյան, Մխիթարյան) կողմից վարչական տույժի ենթարկվածների անունները, որոնք հիմնականում խաղաղ հանդիպման մասնակիցներն էին, սակայն նրանց ներկայացվել է մի շարք ապօրինի եւ անօրինական գործառույթներ, որոնք էլ հիմք են ծառայել վճիռ կայացնելուն։ Ներկայացնում ենք նրանց անունները եւ պատժաչափերը. Կենտրոնիցՙ Կարեն Ղազարյան (կուսակցական, չի աշխատում, 5-օրյա կալանք), Սերգեյ Օհանջանյան (կուս., չի աշխատում, 5-օրյա կալանք), Սամվել Հարությունյան (կուս., չի աշխատում, 4-օրյա կալանք), Համլետ Ավագյան (կուս., չի աշխատում, 7-օրյա կալանք), Վաղարշակ Ալոյան (անկուս., չի աշխատում, 5-օրյա կալանք), Կորյուն Սարգսյան (անկուս., չի աշխատում, 5-օրյա կալանք), Համլետ Մխիթարյան (անկուս., չի աշխատում, 5-օրյա կալանք), Էդգար Պողոսյան (անկուս., չի աշխատում, 7-օրյա կալանք), Աջափնյակիցՙ Մուրադ Մուրադյան (կուս., չի աշխատում, 5-օրյա կալանք)։ 24 ժամ պահելուց հետո տուգանել (2000 եւ ավելի դրամ) եւ բաց են թողել Քանաքեռիցՙ Արթուր Խշյանին (անկուս., չի աշխատում), Մարտիրոս Հակոբյանին (կուս. չի աշխատում), Բալահովիտիցՙ Սուրիկ Ավետիսյանին (կուս., չի աշխատում)։

ՀՀ ոստիկանության Կենտրոնի քրեական բաժնի պետ Արշակ Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք երեկվա հանդիպման ժամանակ լրատվամիջոցների դեմ կատարված ոտնձգությունների առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, պրն Կարապետյանը պատասխանեց. «Ընդհանուր խառնաշփոթի ժամանակ միգուցե պատահմամբ կպել են օպերատորին, եւ տեսախցիկը վայր է ընկել ու կոտրվել, դրա համար քրեական գործ չեն հարուցում։ Առայժմ մեզ ոչ ոք չի դիմել, երբ կդիմենՙ կորոշենք, հետաքննության նյութերով կզբաղվենք...»։ Իսկ իմ այն հարցին, թե տեսախցիկը ծառին են հարվածում, հետո գետնին շպրտում, դա՞ էլ պատահմամբ է, պրն Կարապետյանը պատասխանեց, որ ոչ ոք բողոք չի ներկայացրել, երբ կդիմեն, իրենք միջոցներ կձեռնարկեն...

«Պրոֆիլակտիկ» ջարդ, ծեծ, կալանք եւ զրույց

Նյութը պատրաստ էր, երբ ստացանք ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ներսես Նազարյանի հայտարարությունը, որից էլ մեջբերում ենք։ «Ոստիկանության աշխատակիցները հրահանգ էին ստացել հանրահավաքի ընթացքում միջամտել միայն ծայրահեղ դեպքում։ Չարտոնված հանրահավաքի ընթացքում, մեզ հասած տեղեկատվությամբ, եղել են հակադիր կարծիքներ ունեցող քաղաքացիների ընդհարման եւ վիճաբանության առանձին դեպքեր, ինչն անխուսափելի է նման դեպքերում։ Ոստիկանության աշխատակիցներին տեղում բանավոր դիմել են լրագրողներ, որ այդ վիճաբանության ընթացքում վնասվել են իրենց տեսախցիկները։ Իմ կողմից, ոստիկանության կենտրոնական բաժնին հրահանգավորվել է փաստի առթիվ նախապատրաստել նյութերՙ հանգամանքները եւ մասնակիցներին ճշտելու համար։ Երեւանի ոստիկանությունը համագործակցելով համապատասխան ծառայությունների հետ, հսկողություն է սահմանել մայրաքաղաք մտնող ճանապարհների վրաՙ իրականացնելով պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ, նման զանգվածային միջոցառումներից առաջ հնարավոր անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնելու նպատակով ոստիկանության բաժին են հրավիրվել առանձին քաղաքացիներ, որոնք մինչ այդ նման միջոցառումների ժամանակ աչքի են ընկել ագրեսիվ կեցվածքով»։

Հայտարարության վերջում, որպես Երեւան քաղաքի հասարակական կարգի համար պատասխանատու անձ, պրն Նազարյանը դիմել է մեր համաքաղաքացիներինՙ զերծ մնալ սադրանքներից, հակաիրավական քայլերից եւ թույլ չտալ, որ մեր օրեցօր գեղեցկացող քաղաքը վերածվի չարտոնված ցույցերի եւ անօրինական երթերի վայրի։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4