«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում ենք բոլոր կանանց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով։ Այսօր հնչում է Փրկչի աշխարհ գալու մեծ ավետիսը, որն առաջինը լսեց Սուրբ Տիրամայրը եւ ընդունեց խոնարհ ու Աստծուն սիրող սրտով։ Տոն է հույսի ու հավատի նորոգության, քանզի ավետավոր հրեշտակի շուրթերով ամենքս լսում ենք. «Տերը քեզ հետ է»։ Այս հավատով, որ Աստված մեզ հետ է եւ Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ, թող որ բացվեն մեր կյանքի բոլոր առավոտները, եւ իրականացվեն մեր բոլոր գործերը։

Տիրամոր հավատավոր ու անբիծ կերպարը քրիստոնեական մեր կյանքում միշտ եղել է ներշնչման աղբյուր ու բարի օրինակ, եւ խորհրդանշական է, որ Ավետման տոնը հիշատակում ենք նաեւ իբրեւ տոն մայրության ու գեղեցկության եւ նվիրականացնում իբրեւ Օրհնության Օրՙ մայրության բերկրանքին սպասող կանանց», ասված Է ուղերձում։

«Մեր աղոթքն է, որ Աստված Իր օրհնության ներքո խաղաղ պահի աշխարհը համայն եւ Սուրբ Տիրամոր շնորհներով զարդարի բոլոր տիկնանց եւ օրիորդացՙ պարգեւելով նրանց երջանիկ ու արեւշատ կյանք, միշտ զորացյալ հավատ, որպեսզի կրթեն ու մեծացնեն արժանավոր զավակներՙ աստվածասեր, եկեղեցասեր ու հայրենասեր»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4