«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՈՉ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ

Նա մտադիր է ամերիկյան իշխանություններին հանձնել իր «գրին քարտը»

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանի կալանման հանգամանքներն առ այսօր մնում են չպարզաբանված։ Երեկ ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ընթացքում պատգամավորը որեւէ կոնկրետ անուն կամ փաստարկ ներկայացնելուց խուսափեցՙ ասելով, թե փաստաբանական խումբն աշխատում է այս տարօրինակ պատմության վրա եւ հավանաբար շուտով ամեն ինչ պարզ կլինի։

Համենայն դեպս, կարճ ժամանակահատվածում պատգամավորին վիճակվեց անցնել դժոխքի բազում սրահներովՙ հնարավորություն ընձեռելով վերաարժեքավորել եւ իր, եւ շատ հայերի համար ավետյաց դարձած երկիրը։ Անգամ մեկուսարանի սարսափներն ապրելուց հետո Մանասերյանը պնդում է, որ Ամերիկան օրինապաշտ երկիր է, եւ օրենքի գերակայության շնորհիվ միայն իրեն հաջողվեց արդարացվել։ Ցմահ բանտարկության հոդվածներով 4 ծանրագույն մեղադրանք է ներկայացվել նրան, չորսն էլ «շինծու, արհեստածին»։ 4 մեղադրանքն էլ չեղյալ է համարվել։ Համենայն դեպս, Մանասերյանը մտադիր է ամերիկյան իշխանություններին հանձնել իր «գրին քարտը»։

Պատգամավորն ասուլիս հրավիրել էր հայտնելու իր ծայր դժգոհությունը ՀՀ իշխանություններից եւ առանձնապես Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան ու Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի աշխատանքից։ Ոչ գլխավոր հյուպատոսը, ոչ էլ դեսպանը որեւէ անգամ չեն մասնակցել դատավարությանը, ոչ էլ այցելել են մեկուսարան։ Մանասերյանի որակմամբ, վերջիններս ցուցաբերել են ապաշնորհ, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ, ինչը վարկաբեկել է նաեւ Հայաստան պետության վարկանիշը։ Նրանց պասսիվ գործողությունները պատգամավորը բացատրում է սոսկ այն հանգամանքով, որ վերջիններս այդ կերպ արտահայտել են իրենց հաճկատարությունը ՀՀ իշխանությունների հանդեպ, քանի որ փորձանքի մեջ հայտնվածն ընդդիմության ներկայացուցիչ է եղել։ Մոտավորապես նույնկերպ է իրեն դրսեւորել նաեւ ԵՊՀ տնօրինությունը, բացակայության օրերին հապշտապ ազատելով նրան աշխատանքից։ Սակայն Թաթուլ Մանասերյանը լքյալի վիճակում է զգացել նաեւ իր երկրի իշխանությունների կողմից։ Նրա համոզմամբ, ՀՀ իշխանությունները եւ անձամբ ՀՀ նախագահը բարոյական պարտավորություն ունեին պաշտպանելու ոչ միայն իրՙ ԱԺ պատգամավորի, այլեւ յուրաքանչյուր շարքային քաղաքացու շահերը։ Միջամտել ամերիկյան օրինապահների գործողություններին կամ ուղղորդել դրանք, նրանք մինչեւ դատավարության սկիզբը դիվանագիտական երաշխիքներ պետք է ներկայացնեին, որպեսզի ինքը չհայտնվեր մեկուսարանում։ Ինքը պետության ջանքերով չի ազատվել, եւ այժմ ամենահոռետեսական պատկերացումներն ունի նրա այս կարգի հնարավորությունների հանդեպ։ «Եթե ՀՀ իշխանություններն այդպիսի կարողություններ ունեն, պայուսակս մնացել է Վաշինգտոնում, եթե կարող են, թող բերեն, նույնիսկ դա ի վիճակի չեն վերադարձնել», ասաց նա։

Իրեն ազատելու համար ոչ միայն որեւէ քայլ չի ձեռնարկվել, այլեւ, որպես հավելում, մամուլում շարունակաբար կեղծ տեղեկություններ են հրապարակվել, թե իբր ՀՀ իշխանությունները իրեն պաշտպանելու համար փաստաբան են վարձել, իբր կառավարության ջանքերով մեկուսարան (ուր ինքը գտնվում էր ծանր վիճակում) բժիշկ է այցելել։

ՀՀ կառավարությունը ստում է նաեւ, երբ տեղեկություն է տարածել, թե իր միջնորդությամբ են հանվել բոլոր մեղադրանքները, եւ դատավարության օրը փոխվել էՙ ավելի վաղ կայանալով, քան նախատեսված էր։

Պատգամավորը վրդովված էր հատկապես «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքից։ Նա համոզված է, որ այս լրատվամիջոցը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը, կիսագրագետ թարգմանությամբ ներկայացնելով շերիֆի խոսքն ու ժամանակից շուտ եզրահանգումներ անելով իր չկատարած հանցանքների համար։ Մանասերյանը պահանջում է, որ «Ազատությունը» հրապարակավ ներողություն խնդրի, հակառակ դեպքում պատրաստվում է դատի տալ նրան։

Դժգոհելով Հայաստանի իշխանությունների ու մամուլի վարքաձեւից իրեն բաժին ընկած փորձության ընթացքում, Թաթուլ Մանասերյանը, այնուամենայնիվ, ձեռնպահ մնաց մեկնաբանելու իր գործընկեր ընդդիմադիրների նույնպես ոչ ակտիվ վարքագիծը, արդարացնելով, թե ինքն էր խնդրել նրանց որեւէ բան չձեռնարկել եւ ձեռնպահ մնալ նաեւ տեղեկատվություն տարածելուց։

Դատավարության ավարտից հետո Թաթուլ Մանասերյանն ինքն է մտադիր դատական հայց հարուցելՙ ոչ այնքան կրած նյութական, որքան պատվի ու արժանապատվության կորուստների եւ անձնական վարկը պաշտպանելու համար։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4