Հայ գրականագիտությունը մինչ օրս ամբողջությամբ չի լուսաբանել արձակագիր, բանաստեղծ, քննադատ, սփյուռքահայ նշանավոր մտավորական Տիրան Չրաքյանի (Ինտրա) կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։
Քառորդ դար առաջ գրականագետ Ստեփան Թոփչյանը կազմեց նրա երկերի ժողովածունՙ վերլուծական ընդարձակ առաջաբանով։ Դա վերջինն էր, բայց ոչ ամբողջականը։ Այսօր ընթերցողն արդեն հնարավորություն ունի մի հրաշալի աշխատության միջոցով ծանոթանալու Տիրան Չրաքյանի կյանքին ու ողջ ստեղծագործական պատմությանը։ Գրքի հեղինակըՙ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Պետրոս Դեմիրճյանը, առաջին փորձն է կատարումՙ ամբողջացնելու հայ գրականության երեւելի դեմքերից մեկիՙ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի մտածող, բանաստեղծ, արձակագիր եւ մանկավարժ Տիրան Չրաքյանի գործունեությանը վերաբերող պատմությունը։ Արխիվային նյութերի, ժամանակի մամուլի հրապարակումների եւ ժամանակակիցների հուշերի հիման վրա հեղինակը հարստացնում է մինչ օրս բանասիրությանը հայտնի այն փաստերն ու իրողությունները, որոնք ստեղծվել են Ինտրայի մասին։ Պ. Դեմիրճյանի «Վարք Ինտրայի» գրքի վերնագիրն արդեն իր մեջ մեծ խորհուրդ ունի։ Երբ Կորյունը գրեց Մաշտոցի մասին, անվանեց «Վարք Մաշտոցի»։ Հայտնի է, որ քրիստոնեական եկեղեցու կողմից Մաշտոցը դասվել է սրբերի շարքը։ Պահպանելով այդ սկզբունքըՙ Պետրոս Դեմիրճյանը Տ. Չրաքյանի կյանքն ու գործունեությունը համարել է ազգային, ժողովրդական։ Կարդալով գիրքըՙ համոզվում ենք, որ հեղինակը ճիշտ վերնագիր է ընտրել։
Տիրան Չրաքյանն ապրել է տառապալից կյանքով եւ թուրք բարբարոսների ձեռքով ունեցել եղերական վախճան։
Տիրան Չրաքյանի փիլիսոփայական միտքն ու բանաստեղծական երեւակայությունը ներդաշնակցված դրսեւորվեցին «Ներաշխարհում»։ Գրքի տպագրությունն ու երեւան գալն իսկական ոդիսական էր։ Գրքի տպագրման համար բանաստեղծը 1900 թվականից տվայտանքների մեջ էր։ Սակայն շուտովՙ 1906 թ., տպագրվում է այնՙ բացահայտելով բանաստեղծի տաղանդը։ Գիրքը մեծ աղմուկ է առաջացնում, բազմաթիվ վիճելի հոդվածների տեղիք տալիս։ Չարամիտ եւ անբարյացակամ վերաբերմունքը չի հուսահատեցնում բանաստեղծին, եւ վերջինս պատրաստում է մի նոր ժողովածու, որը լույս է տեսնում Պոլսում 1908 թ.ՙ «Նոճաստան» վերնագրով։ Այս ժողովածուն լույսի եւ խավարի խորը հակադրության մի ներկապնակ է, որը դրսեւորումն է բանաստեղծի աշխարհայեցության։ Գիրքը բարձր է գնահատվում Արշակ Չոպանյանի կողմից։ Ա. Չոպանյանը բարձր է գնահատում հատկապես գրողի ազգային եւ հայրենասիրական էությունը։ 1909 թ. ապրիլին Ադանայի հայկական ջարդերը, թուրք իշխանությունների հայաջինջ գործողությունները, ազգային կյանքի ողբերգական իրավիճակը ծանր ու խոր ազդեցություն թողեցին Ինտրայի նրբազգաց ու լուսասեր հոգու վրա։ Պոլսում կազմակերպված գրական-երաժշտական երեկույթներում մշտապես կատարվում են Ինտրայի խոսքերով գրված երգերը, որոնք կատարելապես ուղղված էին բիրտ ուժերի ու բռնության դեմ։
Ինտրայի երկու ժողովածուներում էլ այնպիսի տաղաչափություն եւ ներքին կառուցվածք կա, որ նրանցում զգալի է երաժշտականությունը։
«Եվ դա պատահական չէ, քանզի Տիրան Չրաքյանն իր ամեն հոգեվիճակըՙ թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերն ապրել է հնչյունային խորունկ ներդաշնակումներովՙ սուզվելով մինչեւ բնության ու տիեզերքի տրոփուն ամբողջականության մի մասնիկը, տարրը լինելու զգացողությունը», գրում է Պ. Դեմիրճյանը։
Այո, բազմաշնորհ բանաստեղծի ժողովածուների ուշագրավ էջերից է նաեւ երաժշտության նկատմամբ նրա ունեցած ձիրքը։ Բանաստեղծն ունեցել է հետաքրքրությունների լայն շրջանակ։ Հայտնի է, որ Տ. Չրաքյանը հաճախել է Պոլսի գեղարվեստի վարժարան եւ զբաղվել նկարչությամբ։ Դեռեւս 1888 թ. Հովհ. Այվազովսկին դրվատանքի խոսք է ասել պատանու մասինՙ նրա մեջ տեսնելով ապագա խոշոր նկարչի տաղանդ։
1921 թ. Ավետարան քարոզելու համար որպես խռովարարիՙ թուրքական իշխանությունները նրան ձերբակալում են եւ շղթայակապ ծեծում ու կողոպտում։ Չդիմանալով այդ տառապանքներին վախճանվում էՙ սոսկալի ժամանակների զոհը դառնալով։
Անկեղծորեն պետք է խոստովանել, որ Պետրոս Դեմիրճյանի «Վարք Ինտրայի» աշխատությունը գիտական լուրջ ներդրում է հայ բանասիրության մեջ։ Համոզված ենք, որ մենագրության երկրորդ մասը կլրացնի եւ կամբողջացնի մեծ մտածողի ու տաղանդավոր բանաստեղծի մասին մեր իմացությունը։ Պ. Դեմիրճյանի գիրքը գրված է խորը գիտականությամբ եւ նյութի հարուստ իմացությամբ։
ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ