«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԼԵՎՈՆ ԽԱՉԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Արդի հայագիտության վաստակաշատ գիտնական Լեւոն Խաչերյանը տարագիր հայի ճակատագրով իր ծննդավայր Նիկոսիայից (Կիպրոս) Լաթաքիա (Սիրիա) տեղափոխվեց 1925թ., ապա Բեյրութ եւ Կիպրոս վերադարձից հետո (որտեղ 1940-46 թթ. սովորեց Մելգոնյան վարժարանում), 1946-ի հայրենադարձների առաջին քարավաններին միանալովՙ եկավ Հայաստան, ավարտելով Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը, ապա ասպիրանտական կրթությունը շարունակեց ՀԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, ապա եւ թեկնածուական թեզը պաշտպանելովՙ ստացավ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատել է ՀԳ ակադեմիայում, Մաշտոցի անվ. Մատենադարանումՙ իբրեւ ավագ գիտաշխատող, դասախոսական աշխատանքների փորձ կուտակելով Երեւանի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում եւ այլ ուսումնական հաստատություններում։

Լեւոն Խաչերյանըՙ իբրեւ անցյալի մեր հայագետների ավանդների շարունակող գիտնական, երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է («Վարդան Արեւելցի. Մեկնութիւն Քերականի», «Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի պատմութեան մեջ (13¬14 դդ.)», Հովհաննէս Ծործորեցի. «Համառոտ տեսութիւն Քերականի», «Գրիգոր Պահլաւունի Մագիստրոս (985-1058) կեանքն ու գործունեութիւնը», «Մեկնութիւն Քերականի» գիտաքննական բնագրով հանդերձ», «Հայոց Համազգային մաշտոցեան համակարգուած եւ կանոնակարգուած միասնական եւ միակերպ ուղղագրութեան պատմութիւնը», «Եզնիկ Կողբացի (380-449 թթ.)», «Եղծ աղանդոց» երկի քննական վերլուծութիւնՙ տեսական արժեւորումով» եւ այլն)։ Ստվարածավալ եւ համակողմանի ուսումնասիրությունները դիտարկված են լեզվաբանության եւ պատմաբանասիրության տեսանկյունից։ Նա հեղինակել է ավելի քան 250 հոդվածներՙ հայ ժողովրդի եւ նրա մշակույթի պատմության վերաբերյալ, տպագրված հայրենական եւ սփյուռքյան հայագիտական մամուլում։

Այժմ պրոֆ. Լեւոն Խաչերյանը բնակվում է (1981-ից) Լոս Անջելեսում եւ նույն ջանադրությամբ իր գրիչը ծառայեցնում է հայագիտության զարգացմանը, հրատարակված հատորներն ուղարկվում են նաեւ հայաստանյան մտավորականներին եւ մշակութային օջախներին։

Վաստակաշատ գիտնականը մարտի 18-ին բոլորեց իր ծննդյան 80-ամյակը։ Շուրջ 50-ամյա գիտական գործունեության նրա վաստակը գնահատելով եւ ծննդյան հոբելյանը նշելովՙ Լեւոն Խաչերյանի գաղափարակիցներն ու համախոհ ընկերները (Ջանի Միրզաբեկյան, Սուրեն Դանիելյան, Գեւորգ Տեր-Վարդանյան, Վալերի Միրզոյան, Արամ Գորոյան, Ռաֆայել Համբարձումյան, Լեւոն Ղազանչյան), «Հայ դպրութիւն» հասարակական միավորման նախագահ Լեւոն Միրիջանյանի կազմակերպությամբ, շնորհավորական նամակ հղեցին հոբելյարին, որում մասնավորապես ասված է. «Մենք ուրախութիւն ենք ապրում այն գիտակցութիւնից, որ շուրջ երեք տասնեակ եւ մեծ մասամբ բազմահատոր մենագրութիւնների ու հետազօտութիւնների հեղինակ Լեւոն Խաչերեանը իր հաստատուն տեղն ունի համաշխարհային գիտական մտքի առաջատարների կողքին, միջազգային կենսագրական կենտրոնի կողմից պաշտոնապես ճանաչուած լինելով, որպէս 21-րդ դարի 500 հիմնադիրներից մէկը»։

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4