Շուրջ 2 ժամ Արտյոմ Վարդանյանի (2,5 տարեկան), Գոռ Մխիթարյանի (4 տարեկան) եւ Ռոմիկ Մարկոսյանի (3 տարեկան) ծնողները սպասում էին վիրահատության արդյունքին։ «Ձեր երեխան լսում է, վիրահատությունը հաջող անցավ», վիրահատությունից դուրս գալով ասում էին բժիշկներ Ակիրա Իշեյաման եւ Արթուր Շուքուրյանը։ Երեք մանուկներ այդպիսով մեկընդմիշտ վերադարձան բնականոն կյանքՙ դառնալով հասարակության լիարժեք անդամ։
Վերջերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում University of Callifornia, Los Angeles, Medical Centre (UCLA) բժիշկների խմբի աջակցությամբ կատարվեց կոխլյար փոխպատվաստում վիրահատության ճանապարհով։ «Վիրահատության միջոցով ներքին ականջում տեղադրվում է էլեկտրոդ, որի արդյունքում ամբողջությամբ վերականգնվում է լսողությունն ինչպես ձեռքբերովի, այնպես էլ բնածին խլութան դեպքում։ Նման վիրահատություն հաճախ չեն փորձում կատարել անգամ զարգացած երկրներում, քանի որ շատ բարդ է եւ պահանջում է բարձր հմտություն», ասաց UCLA-ի միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Սալբի Աքարաքյանը։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ նման վիրահատությունը կատարվել է Հայաստանում։ Ըստ Սալբի Աքարաքյանի, դա երկու գործոնով է բացատրվում. «Առաջինըՙ «Էրեբունի» բժշկական կենտրոնը, որի հետ համագործակցում ենք 1995 թ.-ից, հագեցած է արդի սարքավորումներով։ Երկրորդՙ այդ կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի ղեկավար Արթուր Շուքուրյանը Հայաստանի լավագույն մասնագետներից մեկն է»։
Ըստ պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի, կարեւորվում են մինչ վիրահատությունն անցկացված աուդիոլոգիական ստուգումները եւ հետվիրահատական վերականգնողական շրջանը, որը շատ հմտորեն իրականացրեց բժիշկ Վիգեն Բախշինյանը։ Նշենք, որ այս ծրագիրը իրականացրել են UCLA-ն եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնը։ Ի դեպ, նշված վիրահատություններից մեկը կատարել են անվճար (ծախսը հոգացել է «Արմենիան ինտերնեյշնլ մեդիքալ» ֆոնդը), սակայն հետագայում այն արժենալու է 12 հազար դոլար։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ նման վիրահատությունն արժենալու է այդքան, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում արժե 50 հազար դոլար եւ ավելի, իսկ Ռուսաստանում (որտեղ վերջերս է նման կենտրոն հիմնվել)ՙ 40-45 հազար դոլար։ Եթե նկատենք, որ մեր տարածաշրջանում նման վիրահատություն կատարվել է միայն Հայաստանում, ապա չի բացառվում, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նշված բաժինը վերածվի կոխլյար փոխպատվաստման տարածաշրջանային կենտրոնի։ Հատկապես եթե նկատենք, որ Սալբի Աքարաքյանի բերած շատ սարքավորումներ թողնվել են վերը նշված բաժնում, եւ նման վիրահատություններ պարբերաբար կատարվելու են։
Գուցեեւ 12 հազար դոլարը փոքր գումար է համեմատության մեջ, սակայն մեր բնակչության սոցիալական պայմաններում այդքան էլ փոքր չի թվում։ «Մենք հասկանում ենք, որ նշված գումարը մեր ժողովրդի համար փոքր չէ, սակայն ականջում տեղադրվող մեկ սարքի իրական արժեքը 28 հազար դոլար է։ Մենք կարողացանք ընկերությանը համոզել, որ Հայաստանի բնակչությունն ի վիճակի չէ նման ծախս կատարելու, եւ, փառք Աստծո, ձեռք բերեցինք 12 հազար դոլարով», պարզաբանեց Սալբի Աքարաքյանը։
ԺԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ