«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


«100-Ի ԱԿՈՒՄԲԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ

Խորեն Հովհաննիսյանի անվան ռմբարկուների «100-ի ակումբի» համար ընթացիկ մրցաշրջանը հոբելյանական էՙ 10-րդը։ Տողերիս հեղինակի հիմնադրած ակումբը, որ մեծ խթան է եղել ֆուտբոլիստների համար, իր հյուրընկալ դռները բացեց 1995 թ.։ Ակումբում ընդգրկվելու բախտին առաջինն արժանացավ ՀՄԸՄ-ի հարձակվող Գեղամ Հովհաննիսյանը։ Գարնանային-անցումային մրցաշարի վերջին տուրումՙ հունիսի 14-ին «Կոտայք-2»-ի հետ խաղի 44-րդ րոպեին գրավելով Մայիս Ազիզյանի պաշտպանած դարպասը, Գեղամ Հովհաննիսյանն ընդգրկվեց ակումբի շարքերը։

Մեկ ամիս անց երանելի բարձունքը հաղթահարեց նաեւ արարատցի Վահե Յաղմուրյանըՙ հուլիսի 18-ին պահանջվող 100-րդ գոլը խփելով «Ազնավուրի» դարպասը։ Անդամության տոմսի ձեւակերպմանը երկար սպասեցնել չտվեց նաեւ Արսեն Ավետիսյանը։ Հոբելյանական գնդակը նա խփեց սեպտեմբերի 14-ին ՀՀ գավաթի 1/16 եզրափակիչումՙ «Արմավիրի» դարպասը։

Հաջորդ համալրմանը հարկ եղավ սպասել 2,5 տարի։ 1998 թ. մարտի 10-ին «Շիրակ-2»-ի հետ գավաթային խաղում ակումբի անդամ դարձավ Արթուր Պետրոսյանը։ Հետագա տարիներին եւս 7 ռմբարկուի հաջողվեց համալրել ակումբի շարքերը։

Անցած մրցաշրջանն արգասաբեր էր ակումբի համար։ Իր աննախադեպ բարձր արդյունավետությամբ բոլորին զարմացրած Արա Հակոբյանը պաշտոնական մրցումներում խփելով 50 գնդակ, միանգամից տեղ զբաղեցրեց «100-ի ակումբի» լավագույն հնգյակում։ Ռմբարկուների ընտանիքը կարող էր համալրել նաեւ «Միկայի» հարձակվող Արամ Ոսկանյանը։ Նա շատ հաջող սկսեց մրցաշրջանը։ ՀՀ գավաթի մրցաշարում Արամը խփեց 9 գոլ, առաջնության 10 խաղում իր օգտին գրանցեց 8 գնդակ, երկու անգամ աչքի ընկավ «Բռնոյի» հետ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում եւ... մեկնեց «Բալթիկա»։ Հակառակ դեպքում իր հաշվին 94 գոլ գրանցած Ոսկանյանը կընդգրկվեր ակումբի շարքերը։

Ակումբի անդամ Արթուր Քոչարյանն էլ շատ հաջող սկսեց մրցաշրջանը «Կոտայքում»ՙ առաջնության 12 խաղում խփելով 7 գնդակ։ Սակայն նա էլ մի շարք ֆուտբոլիստների հետ առաջնության երկրորդ շրջանից հետո հեռացավ թիմիցՙ հետագայում մեկնելով Իրան։ Բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ նաեւ Արամ Հակոբյանըՙ դառնալով ակումբի անդամության ամենառեալ թեկնածուներից մեկը։ Սակայն ընթացիկ առաջնությունում Արամը հանդես չի գալու։ Նա խաղալու է Ուկրաինայի «Ստալում», այնպես որ առժամանակ «սառեցրել» է իր հաշիվներն ակումբի կազմ մտնելու համար։

Այժմ տեսնենք, թե ինչպիսի՞ն են ակումբի հեռանկարներն այս մրցաշրջանում։ Ակումբի գործող անդամներից եւ ոչ մեկն առայժմ հայտավորված չէ ՀՀ առաջնության մասնակից թիմերի կազմում, ուստի գոլերի թիվն ավելացնելու միակ հնարավորությունը նրանցից ոմանց համար հավաքականի կազմում աչքի ընկնելն է, ինչը չափազանց բարդ խնդիր է։ Ի դեպ, նոր մրցաշրջանում ՀՀ հավաքականի կազմում կիպրոսյան մրցաշարում Արման Քարամյանը դարձել է 2 գոլի հեղինակ։ Արմանն առայժմ ոչ մի թիմում ընդգրկված չէ եւ անորոշ է նրա հետագա ճակատագիրը։ Առայժմ դժվար է կանխագուշակել, թե Լիբանանից ու Իրանից Հայաստան կվերադառնա՞ն ակումբի անդամներ Տիգրան Եսայանն ու Արթուր Քոչարյանը եւ կխաղա՞ն բարձրագույն խմբում։

Ակումբի անդամության թեկնածուներից Արամ Ոսկանյանն այժմ հանդես է գալիս Ղազախստանում։ Փաստորեն, ռմբարկուների ընտանիքը համալրելու ռեալ թեկնածուներն են Մհեր Ավանեսյանն ու Արմեն Շահգելդյանը։ Երկուսն էլ ժամանակին աչքի են ընկել արդյունավետ խաղով եւ այսօր հայտնվել են ակումբի շեմին։ Գավաթի մրցաշարում նրանք արդեն բացել են իրենց գոլերի հաշիվը։ Արմենը խփել է 2 գոլ, Մհերն աչքի է ընկել մեկ անգամ։ Ավանեսյանին անհրաժեշտ է խփել 8, Շահգելդյանինՙ 10 գնդակ։ Կարծում ենք, որ դա այնքան էլ դժվարին խնդիր չի լինի փորձառու ֆուտբոլիստների համար։ Իհարկե, Ավանեսյանի համար խնդիրը լուծելն ավելի դյուրին է, քանի որ նա իր հաստատուն տեղն ունի «Արարատի» մեկնարկային կազմում։ Իսկ Շահգելդյանին դեռ հարկ է ամրապնդվել «Միկայում»։ Ամեն դեպքում հուսանք, որ նշված երկու փորձառու ֆուտբոլիստների համար ընթացիկ մրցաշրջանը հաջողակ կլինի եւ նրանց կհաջողվի հատել 100 գոլի սահմանագիծը։

Ֆուտբոլի Հայաստանի 13-րդ առաջնության շեմին «100-ի ակումբի» անդամների եւ թեկնածուների ցուցանիշներն այսպիսին ենՙ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4