«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ԾԻՐԱՆԵՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՎԵԼ

Ավելի նվազ չափով ցրտահարությունից տուժել են դեղձը, խաղողը, տանձը եւ խնձորը

Վերջին օրերի ցրտահարությունից առավել տուժել են Արարատյան դաշտում աճեցվող մշակաբույսերը, հատկապես լրջորեն վնասվել են ծիրանենիները։ Այս մասին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը։ Ինչպես նշել էինք նախօրեին, ապրիլի 5-ի գիշերը Արարատյան դաշտում ջերմաստիճանը կտրուկ իջել էր մինչեւ -9 աստիճան։ Վարչության պետն ավելացրեց, որ եթե օդի ջերմաստիճանը եղել է -8-ից -10, ապա հողի մակերեւույթինըՙ -13, -14 աստիճան։ Ապրիլի առաջին տասնօրյակում նման ջերմաստիճան վերջին 100 տարում չէր գրանցվել։ Այդուհանդերձ, վերջնական տվյալները կլինեն 5-6 օր հետո։ Այդ ժամանակ կերեւաՙ առաջին հայացքից կարծես թե չցրտահարված բողբոջներն ու ծաղիկները իսկապե՞ս ցրտահարվել են։ Բուսաբուծության վարչության պետը տեղեկացրեց, որ ցրտահարվել են անգամ 2-3 շերտ սինթետիկ թաղանթների տակ ծածկված սածիլներ, կարտոֆիլի եւ այլ բանջարեղենի ցանքատարածություններ։

Դեղձենիներին հասած վնասը տարբեր է, քանի որ կան տարբերՙ վաղահաս, միջահաս եւ ուշահաս դեղձեր։ Խաղողի այգիները, Գառնիկ Պետրոսյանի կարծիքով, պետք է որ քիչ վնասված լինեն։ Նա նույն կարծիքը հայտնեց նաեւ տանձենիների եւ խնձորենիների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա, նախնական տվյալներով, այստեղ վնասներ չեն եղել։

Գյուղնախարարության վարչության պետը նշեց, որ բացի հիմնական վնաս կրած Արարատյան դաշտից, որոշակիորեն տուժել են Կոտայքի, Արագածոտնի (Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններ), Վայոց ձորի մարզերի նախալեռնային, հյուսիս-արեւելյան շրջանների, Սյունիքի հովտային (Մեղրի) շրջանները։ Այդուհանդերձ, Գառնիկ Պետրոսյանը բացառեց սովի հնարավորությունըՙ ընդունելով, որ գյուղացիների եկամուտներն այս տարի կնվազեն։ Նա կարեւորեց նախարարության կողմից գյուղացիներին վնասված այգիների եւ ցանքատարածությունների հետագա խնամքի վերաբերյալ խորհրդատվությամբ ապահովելու աշխատանքները։ Դրա նպատակը ցրտահարության հետեւանքները մեղմելն է։

Նկատի ունենալով, որ արդեն երրորդ տարին է ծիրանի բերքը վնասվում է, հանդիպման վերջում վարչության պետն այն կարծիքը հայտնեց, որ այս մշակաբույսի նկատմամբ պետական որոշակի մոտեցում պետք է լինի։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4