Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից «Մեդիապրեսին» տեղեկացրել են, որ 2004 թ. Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի 15,5 մլն տոննա, որից 9,2 մլն-ը կարտահանվի, իսկ մնացյալը կբավարարի երկրի ներքին շուկայի պահանջները։ Բաքու-Սուփսա նավթատարով կարտահանվի 6,7 մլն, Բաքու-Նովոռոսիյսկովՙ 2,5 մլն տոննա։ Փաստորեն Ադրբեջանը չունի այնքան նավթ, որ կարողանա ամբողջությամբ լցնել վերոնշյալ երկու խողովակաշարերը։ 2005 թ. գարնանն, ըստ նախնական հաշվարկների, արտահանման համար պատրաստ կլինի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, որի տարեկան հզորությունը 50 մլն տոննա է։ Ստացվում է, որ Ադրբեջանն ավելի քան 3 մլրդ դոլար արժողությամբ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը ստիպված կլինի լցնել, այն էլ փոքր քանակությամբ, Բաքու-Սուփսա կամ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարերով արտահանվող նավթի հաշվին։ 2003 թ. համեմատ այս տարի Ադրբեջանը չնչին քանակությամբ կավելացնի «սեւ ոսկու» արտահանումը։