Բաքվի ANS հեռուստաընկերության նախաձեռնությամբ երեկ ադրբեջանցի լրագրողների մի խումբ է մեկնել Արեւմտյան Հայաստանՙ ժամանակակից Թուրքիայի արեւելյան շրջաններ։ Իգդիր, Կարս քաղաքներում եւ մի շարք այլ բնակավայրերում տեղի բնակչության հետ ադրբեջանցի լրագրողներն անցկացնելու են բողոքի ցույցերՙ ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման «Թուրքն աջակցում է թուրքին», «Ո՛չ սահմանի բացմանը» կարգախոսներով։ Ապա ադրբեջանցի լրագրողները մեկնելու են Անկարաՙ Թուրքիայի իշխանություններին կոչ անելուՙ չբացել հայ-թուրքական սահմանը։
Արդեն ապրիլի 13-ին պաշտոնական այցով Թուրքիա է մեկնելու Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիեւը թուրքական իշխանությունների հետ քննարկելու է երկու հիմնական հարցՙ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ եւ Հայաստանի շրջափակում։ Չպետք է բացառել, որ երեկ Արեւմտյան Հայաստան մեկնած լրագրողներն էլ կլուսաբանեն Ալիեւի պաշտոնական այցը։
Բաքվի «Զերկալոն» երեկվա համարում գրում է. «Ադրբեջանի նախագահի Թուրքիա պաշտոնական այցի նախօրեին եղբայրական երկու պետությունների հակասությունները դուրս են եկել բաց հարթություն։ Անկախացումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը Թուրքիայի հետ առկա խնդիրները լուծում է ոչ թե սիրով, դիվանագիտական խողովակներով, այլ փորձում է պաշտոնական Անկարային «ճնշել» «հասարակական կարծիքի» միջոցով»։
«Զերկալոն» նկատում է, որ Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստ է վճարել ամենաբարձր գինը։ Թերթի մեկնաբանը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների ակցիան, այն էլ Իլհամ Ալիեւի Թուրքիա պաշտոնական այցի նախօրեին, չէր կարող իրականացվել առանց Ադրբեջանի իշխանությունների հավանության։ «Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի բացումն ադրբեջանական հասարակությունը գնահատելու է որպես Ի. Ալիեւի արտաքին քաղաքականության լուրջ պարտություն։ Սահմանների բացումը, Թուրքիայի եւ Հայաստանի տնտեսական եւ դիվանագիտական բնականոն հարաբերությունների հաստատումը, բնականաբար, կուժեղացնեն Երեւանի իշխանությունների, մասնավորապես նախագահ Քոչարյանի դիրքերը», գրում է թերթը։
«Երկար ժամանակ Անկարան փորձում էր շահարկել ղարաբաղյան խնդիրը, պնդելով, թե Երեւանի հետ հարաբերությունները կվերանայի միայն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման եւ զավթած տարածքներից դուրս գալու դեպքում։ Ադրբեջանում շատերը հավատացին, մոռանալով, որ Թուրքիան ինքն ունի Հայաստանի հետ լուրջ խնդիրներ», հավելում է «Զերկալոն»։
«Այսօր ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան Կիպրոսի հարցում դիմեց լուրջ զիջումների։ Կիպրական հարցը պաշտոնական Անկարայի եւ ամբողջ թուրք ժողովրդի համար ավելի կարեւոր է, քան ղարաբաղյան խնդիրը։ Ահա թե ինչու չարժե հրապուրվել եւ մտածել, թե հանուն Ադրբեջանի Թուրքիան կհրաժարվի ԵՄ-ին անդամակցելուց», գրում է թերթը։
Թուրքական դիվանագիտական աղբյուրներից «Զերկալոն» տեղեկացել է, որ վերջին շրջանում Երեւանի եւ Անկարայի միջեւ տեղի են ունեցել ոչ պաշտոնական դիվանագիտական ակտիվ շփումներ. «Սահմանը բացելու դիմաց Անկարան փորձում է Երեւանից ստանալ երաշխիքներ Ցեղասպանության խնդիրն օրակարգից հանելու հարցում»։
Ադրբեջանական մամուլը երեկ ընդգրկուն տեղ է տվել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։ Եվ ոչ միայն մամուլը։ Ազգային ժողովրդավարական («Գորշ գայլեր») կուսակցության առաջնորդ Իսկանդեր Համիդովը հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում հավաստիացրել է, թե իր ձեռքի տակ կան տեսաերիզներ, որոնք հաստատում են թուրք-հայկական սահմանի վերաբացման խոսակցությունները։ Համիդովը պնդել է, որ Արեւմուտքի մի երկրում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Յաշար Նուրի Օզթյուրքը սահմանների բացման հարցով բանակցել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներից մեկի հետ։
Ըստ Բաքվի «525 գազեթ» պարբերականի, երեկ Ադրբեջանի խորհրդարանում դրվել էր Թուրքիայիՙ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցը։ «Յուրդդաշ» կուսակցության առաջնորդ Մաիս Սաֆարլին ասել է, որ Թուրքիան չի կարող Հայաստանի նման հարեւանի առջեւ բացել սահմանը։ Պատգամավոր Զահիդ Օրուջը նկատել է, որ «այսօր հայ-թուրքական սահմանի բացման հարցն առավել հրատապ է, քան երբեւէ»։ Օրուջը նշել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումը չի բխում Թուրքիայի շահերից։
Ակնհայտ է մեկ բան. սկսած Իլհամ Ալիեւից, վերջացրած քաղաքական գործիչներով, մամուլով, Ադրբեջանում վերջին օրերին լուրջ մտահոգություն է տիրում կապված հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ։ Առաջինն ահազանգեց Ի. Ալիեւը մարտի 26-ին. «Եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնալու է անհնար... Թուրք-ադրբեջանական եղբայրությունն ամեն ինչից վեր է։ Մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը»։
Երեկ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցությունը։ «պաշտոնական Բաքուն օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական ռեսուրսները, պետք է թուրքական կողմին համոզի, որ Հայաստանի հետ սահմանի բացումը չմտածված քայլ է», հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Թ. Հ.