Բացի թուրք դեսպան Էջվեթ Թեզջանի հայերի հետ երկխոսությունը վերսկսելու հրավեր-նամակին պատասխանելուց (տե՛ս «Ազգ»-ի երեկվա համարը) Ամերիկայի հայկական համագումարը պատասխան նամակով դիմել է նաեւ Մ. Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելինՙ պահանջելով վերանայել պետքարտուղարության փետրվարի 25-ին Կոնգրեսին ներկայացրած «Ժողովրդավարություն, մարդու իրավունքների եւ աշխատանքի» բաժնի վերջերս հրապարակած «Թուրքիա։ Մարդու իրավունքների գործարկումները 2003 թվին» զեկույցում տեղ գտած անճշտությունները։
Հայկական համագումարի վարչական ժողովի ատենապետ Անթոնի Բարսամյանի խոսքերով կազմակերպությունը «խիստ մտահոգված է «ենթադրյալ» եւ «անհիմն պնդում» բառերով, որոնք տեղ են գտել Հայոց ցեղասպանության առնչությամբ զեկույցի 2 (ա) եւ 5 գլուխներում։
«Հայկական համագումարը պահանջում է պարզաբանել եւ հստակեցնել, որ այդ բառերը չեն արտահայտում պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշումը», ասված է նամակում։ Նամակում բերված փաստերը հիշեցրել են պետքարտուղարին, որ 1982-ից այս կողմ նման դեպքերում պետքարտուղարությունը միշտ էլ էջատակի ծանոթագրություն է զետեղել նշելով, որ «դա չի արտահայտում Մ. Նահանգների քաղաքականությունը», իսկ այդ թվականից առաջ պետքարտուղարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ նույնիսկ կոչ արել Թուրքիային ճանաչելու «մարդկության դեմ գործված ոճրագործությունները»։