«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


ՀՈՎՆԱՆՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննրբանկատ հայտարարություններին հայաստանյան եւ սփյուռքահայ կազմակերպությունների բուռն արձագանքներին է միացել նաեւ սփյուռքահայ խոշոր գործարար, Ամերիկա-յի հայկական համագումարի նա-խագահ Հրայր Հովնանյանը, որը դեսպանին ուղղված իր բաց նամակում համապատասխան հարգանքով վերաբերվելով նրա պաշտոնին, այնուամենայնիվ նրա ուշադրությանն է հանձնել այն փաստերը, որ նախՙ Առաջին աշխարհամարտի ժամանակվա Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը իր հուշերում գրել էր, թե ինչպես «երիտասարդ թուրքերը մտածված կերպով գտել էին Հայկական հարցի լուծման ձեւըՙ բնաջնջելով եւ տեղահան անելով մի ամբողջ ազգ», եւ երկրորդՙ թե Ուինսթոն Չերչիլը կոտորածները նկարագրել էր որպես «վարչական ողջակիզում (հոլոքոսթ)»։ Ավելին, 1915 թվի մայիսի 24-ին բրիտանական կառավարությունը, միանալով Ֆրանսիային եւ Ռուսաստանին, օսմանյան իշխանություններին միանշանակ պատասխանատու է համարել «մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված ոճրագործությունների համար»։ Այս բոլորը, նաեւ բազմաթիվ նման փաստեր, հիմք են ծառայել, որ հետագայում ՄԱԿ-ը որդեգրել է հատուկ բանաձեւ այդ հարցի վերաբերյալ։

«Իրականությունը հարցականի տակ վերցնելը խթանում է կառավարություններին եւ անհատներին ժխտելու պատմությունը։ Այստեղ է ձեր դիրքորոշման գլխավոր սխալը։ Եթե հարեւան երկրները բարելավելու են իրենց հարաբերությունները, ապա նրանք, նրանցից մեկը հատկապես, լավ պետք է ըմբռնի պատմական անցյալի եւ փորձառության ծանրությունը, որով զգալի վնաս է հասցրել մյուսներին», եզրափակել է Հովնանյանը, հույս հայտնելով, որ բրիտանական կառավարությունը կվերանայի իր դիրքորոշումը եւ կմիանա եվրոպական մյուս պետությունների դիրքորոշմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4