Մինսկի խմբի նոր համանախագահը 1992-93 թթ. եղել է Երեւանում ԱՄՆ-ի հավատարմատարը
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունում տեղի է ունենալու նոր փոփոխություն։ Ըստ Բաքվի «Զերկալո» թերթի, ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինային փոխարինելու է նախագահ Բուշի կասպիական հարցերով հատուկ բանագնաց, մինչ այդ Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ստիվեն Մանը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ընթացքում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը։ Դեսպանը հույս է հայտնել, որ Մանի նշանակումը Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում նոր խթան կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Ըստ «Թուրան» գործակալության, Աբիեւի եւ Հարնիշի հանդիպումը նվիրված էր Ադրբեջանի պաշտպանության նախարարիՙ վերջերս ԱՄՆ այցելության արդյունքներին։ Աբիեւն ասել է, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը ղարաբաղյան կարգավորման հարցում կողմնակից է փուլային կարգավորմանը։ Հարնիշը հետաքրքրվել է նաեւ Աբիեւի այն հայտարարությամբ, թե հայ-ադրբեջանական նոր պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի։ Աբիեւը բացատրել է, որ նոր պատերազմ կարող է սկսվել այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները կորցնում են երկրում իրավիճակի վերահսկողությունը։ Բացի այդ, ըստ Աբիեւի, հայերը ջանք ու եռանդ չեն խնայումՙ խոչընդոտելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման աշխատանքներին։
Ստիվեն Մանը նախագահ Բուշի մերձավոր շրջապատից է, նրա ջանքերով էր նաեւ, որ սկսվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությունը։ Այսինքնՙ Մանը խիստ շահագրգռված էր կասպիական նավթն Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով Միջերկրական ծով հասցնելու հարցում։ Մանը լոբբիիստական լուրջ աշխատանքներ է տարել, որ այդ նավթամուղով հոսի նաեւ ղազախական նավթը։
Ստիվեն Մանը եղել է Մ. Նահանգների առաջին ժամանակավոր հավատարմատարը Հայաստանում, երբ 1992 թ. փետրվարի 3-ին Երեւանում բացվեց ԱՄՆ դեսպանատունը։ Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարի առաքելությունը Մանը շարունակեց մինչեւ 1992-93 թթ. մայիսի 12-ըՙ նախքան առաջին դեսպան Հարրի Գիլմորի նշանակումը։
1992 թ. փետրվարի 3-ին «Հրազդան» հյուրանոցում (ժամանակավորապես այնտեղ էր գտնվում ԱՄՆ դեսպանությունը), ԱՄՆ դեսպանատան բացման արարողության ժամանակ ժամանակավոր հավատարմատար Ստիվեն Մանն ասել է. «Մեր ժողովուրդների (հայերի եւ ամերիկացիների) միջեւ միշտ ամուր կապ է եղել եւ ամերիկահայերի կատարած ներդրումները բարձր են գնահատվել ԱՄՆ-ի կողմից։ Մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը այն պատճառով, որ Հայաստանում տեսնում ենք այն, ինչը գնահատելի է Մ. Նահանգներումՙ ժողովրդավարական ընտրություններ, տնտեսական ազատություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք»։
Թ. Հ.