«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2004-04-06 | #61, 2004-04-07 | #62, 2004-04-08


ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՈՒՂՏԱՍԱՐՈՒՄ

«Հայրենիքը չի կարող լինել հայրենիք, եթե այնտեղ մարդ չի ապրում»

Արցախյան ազգային-ազատագրական հերոսամարտում հայ ժողովուրդը կարողացավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել անվտանգության գոտի։ «Անվտանգության գոտին, որ ձեռք բերվեց ավելի քան 6 հազար նահատակների գնով, անցած տարիներին հայ ժողովրդի անվտանգության երաշխիքն է եղել։ Անվտանգության գոտին պետք է պահպանվի եւ վերաբնակեցվի ու վերաբնակեցմամբ կպահպանվի, այլապես հայրենիքը չի կարող լինել հայրենիք, եթե այնտեղ մարդ չի ապրում», ասում է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Սերժ Ամիրխանյանը։

ԼՂՀ կառավարությունը մշակել է ռազմավարական մի ծրագիր, որը նախատեսում է մինչեւ 2010 թ. մոտ 70 հազար մարդ բնակեցնել Ղարաբաղում եւ անվտանգության գոտում։ Վերաբնակեցման աշխատանքներն սկսվել են պատերազմի տարիներին (Շուշի, Բերձոր) եւ դրանից անմիջապես հետո։ 1994¬2001 թթ. վերաբնակեցվել է 18 հազար 500 մարդ։ Այս թվի մեջ չեն մտնում այն բնակիչները, որոնք պատերազմի տարիներին տեղահանվել էին սեփական բնակավայրերից ԼՂՀ Մարտակերտի, այլ շրջաններից։ Այդ ընթացքում վերականգնվել է շուրջ 160 գյուղ, կառուցվել 120 դպրոց։

2003 թ. ԼՂՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչությունը, ինչը նշանակում է, որ Ստեփանակերտի իշխանությունները լուրջ ուշադրություն են դարձնում ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերը եւ անվտանգության գոտին բնակեցնելուն։ Անցած տարի, ըստ Ամիրխանյանի, վերաբնակեցվել է 160 ընտանիք մոտ 650 բնակչությամբ, կառուցվել է 106 տուն։

Մինչեւ 2010 թ. Ղարաբաղում եւ անվտանգության գոտում մոտ 170 հազար բնակչության ապահովումը տներով, տնամերձ հողատարածքներով, վարելահողերով ԼՂՀ կառավարության ուժերից թերեւս վեր է։ «Մենք ակնկալում ենք համայն հայության օժանդակությունը։ Միայն բնակեցմամբ կարող ենք ուժեղացնել, ամրապնդել ԼՂՀ եւ ՀՀ սահմանները», ասում է Ամիրխանյանը։

Ղարաբաղում եւ անվտանգության գոտում վերաբնակվել ցանկացողների թիվը մեծ է։ Այսօրվա դրությամբ Հայաստանից, ԱՊՀ երկրներից մոտ հազար ղարաբաղցի ընտանիք է հերթագրվել Ղարաբաղ տեղափոխվելու համար, բայց իշխանությունները տարեկան հնարավորություն ունեն 100¬110 տուն կառուցելու։ «Մենք ընտրում ենք առաջին հերթին երիտասարդ, աշխատունակ, բազմանդամ ընտանիքներին։ Այդ վերաբնակիչներին տրամադրում ենք 3 սենյականոց առանձնատուն, տնամերձ հողամաս, վարելահող, ճանապարհածախս, կահ-կարասին մենք ենք տեղափոխում, տալիս ենք մինչեւ 260 հազար դրամ արտոնյալ վարկ 20 տարով, տարեկան կես տոկոսադրույքով։ Այս ձեւով վերաբնակիչների համար նոր կյանք սկսելու պայմաններ ենք ստեղծում», ասում է Ամիրխանյանը։

Կառավարությունն ունի վերաբնակեցմանը ենթակա բնակավայրերի ցանկ, որն ընդգրկում է սահմանամերձ գոտին եւ ռազմավարական արժեք ներկայացնող բնակավայրերը։ ԼՂՀ բյուջեի 7 տոկոսը հատկացվում է վերաբնակեցման ծրագրերին, ինչը բավարարում է տարեկան 100¬110 տուն կառուցելուն, մարդկանց նոր բնակավայր տեղափոխելուն։ Ամիրխանյանն ասում է, որ իր գլխավորած վարչությունը փորձում է ուղղակի շփումների մեջ մտնել սփյուռքի անհատ ձեռներեցների հետ։

«Մենք նաեւ ծրագրեր ենք ներկայացնում եւ հավանություն ստանում սփյուռքյան կառույցներից։ Արեւմտյան Ամերիկայի հայ կրթական հիմնադրամը 2003 թ. 4 դպրոց է կառուցել, այս տարիՙ ստանձնել 7 դպրոցի շինարարություն։ Թեհրանի հայոց թեմական խորհուրդն անցյալ տարի 5 դպրոց է կառուցել, այս տարի ստանձնել 2 դպրոցի կառուցումը։ ՀԲԸՄ-ն Հադրութում հավանաբար 20 տուն եւ 1 դպրոց կկառուցի։ Կիլիկիայի կաթողիկոսությունը խոստացել է 1 գյուղ եւ դպրոց կառուցել», ասում է Ամիրխանյանը։

Ստեփանակերտից տեղափոխվենք անվտանգության գոտիՙ Ասկերանի շրջանի նորակառույց Ուղտասար գյուղ։ Նորաբնակ այս գյուղում մի քանի տասնյակ հայ ընտանիքներ են ապրում, հիմնականում արցախյան պատերազմի ազատամարտիկները եւ նրանց ընտանիքները։ Եկեք տեսնենք, թե այս մարդկանց ինչն է պահում ճակատային գծից ոչ հեռու գտնվող գյուղում։ Գյուղապետ Արթուր Սարգսյանը Թալինում եւ Բաղրամյանում անցկացնելով 46 տարիները, որոշել է կյանքի մնացած տարիներն ընտանիքի հետ բնակվել Ուղտասարում։

«Պատերազմն անիմաստ է դառնում, եթե պիտի կռվենք, մեռնենք, եւ հողը մնա անբնակ։ Նախկինում եղել եմ զինվոր, այս հողի վրա ունեմ անձնական ներդրում։ Սա իդեալական վայր է աշխատող մարդու համար։ Տարին տասներկու ամիս բերք է ստացվում։ Հողը բերրի է։ Ջուրը կա։ Մնում է քրտնել, ապրել», ասում է Սարգսյանը, ով արդեն Ուղտասարում ծնված թոռ ունի։

Այս կողմերում ղարաբաղյան հարցի կարգավորման, հող հետ տալու մասին չեն ուզում անգամ լսել։ «Բացառված է, որ մեկ սանտիմետր հետ տրվի։ Ոչ ոքՙ լինի քաղաքական գործիչ, երկրի նախագահը կամ պաշտպանության նախարարը, չի կարող որոշում կայացնել եւ Ղարաբաղի այս կամ այն տարածքը հետ տալ թշնամուն։ Բացառված է։ Հողը չեն վերցրել ոչ նախագահը, ոչ էլ որեւէ քաղաքական գործիչ, որ թղթի վրա ձեւակերպեն ու հետ տան», ասում է Սարգսյանը։

Պատերազմով անցած մարդիկ զարմանալիորեն բարի հոգի ունեն։ Գյուղապետը Ուղտասարում ծառ է տնկում, հող մշակում, ազատ ժամերին երգեր գրում ու իր երգերով տեղափոխվում պատերազմի դաժան տարիները։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ուղտասար-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4