Ադրբեջանցի 18 լրագրողներ շարունակում են բողոքի ցույցերը Արեւմտյան Հայաստանում
Բաքվի մամուլում այս օրերին «տաք» թեման ադրբեջանցի լրագրողների բողոքի ցույցերն են Արեւմտյան Հայաստանումՙ ժամանակակից Թուրքիայի արեւելյան շրջաններում։ Ըստ «Էխո» թերթի, ադրբեջանցի 18 լրագրողներ Բաքվի ANS հեռուստաընկերության նախաձեռնությամբ «Թուրքն աջակցում է թուրքին», «Ո՛չ սահմանի բացմանը» կարգախոսներով բողոքի առաջին ակցիան անցկացրել են Իգդիր քաղաքումՙ հայ-թուրքական սահմանի Ալիջան-Մարգարա հատվածի թուրքական մասում։
Հայ-թուրքական սահմանի բացումը, այսինքնՙ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը (Անկարան կառավարության որոշումով 1993 թ. ապրիլի 4-ից շրջափակեց Հայաստանըՙ ի պատասխան ղարաբաղյան ուժերի Քելբաջարի գրավմանը), լուրջ մտահոգություն է պատճառել Բաքվի իշխանություններին։ Մարտի 26-ին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ եթե «Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնալու է անհնար»։
Ապրիլի 6-ի համարում «Զերկալոն» գրել էր. «Ադրբեջանի նախագահի Թուրքիա պաշտոնական այցի (ապրիլի 13) նախօրեին եղբայրական երկու պետությունների հակասությունները դուրս են եկել բաց հարթություն։ Անկախացումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը Թուրքիայի հետ առկա խնդիրները լուծում է ոչ թե սիրով, դիվանագիտական խողովակներով, այլ փորձում է պաշտոնական Անկարային «ճնշել» «հասարակական կարծիքի» միջոցով»։
Ըստ «525 գազեթ» պարբերականի, ադրբեջանցի լրագրողներին ընդունել է Իգդիրի քաղաքագլուխ Մուսա Կուչուկուրտը եւ ասել, որ Թուրքիան չի դիմի քայլերի, որոնք կարող էին Ադրբեջանին անհանգստացնել։ Ադրբեջանցի լրագրողներն Իգդիրում ծաղկեպսակ են դրել Աթաթուրքի եւ հայերի կողմից 20-րդ դարասկզբին թուրքերի դեմ իբր իրագործված ցեղասպանության հուշարձաններին։
Ադրբեջանցի լրագրողները երեկ Իգդիրից մեկնել են Կարսՙ ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման ակցիան շարունակելու այդ նահանգում։ Տեղին է հիշեցնել, որ Թուրքիայում առաջին հերթին Կարսի մարզի ղեկավարությունը եւ բնակչությունն են շահագրգիռ Հայաստանի հետ սահմանի բացմամբՙ հույսով, թե հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները կարող են խթանել Կարսի մարզի հետամնաց, թերզարգացած տնտեսության առաջընթացը։
«Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Իգդիրում ադրբեջանցի լրագրողների ակցիային միացել են տեղի թուրք լրագրողները, մի խումբ բնակիչներ։ Արեւմտյան Հայաստանից ադրբեջանցի լրագրողները մեկնելու են Անկարա, որտեղ նրանք հանդիպումներ կունենան Թուրքիայի մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Մինչ ադրբեջանցի լրագրողները շարունակում են ակցիան Արեւմտյան Հայաստանում, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը մտահոգությամբ քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանում։ Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովն ասել է, թե Հայաստանի հետ սահմանի բացումը լուրջ հարված կհասցնի թուրք-ադրբեջանական բարեկամությանը։ «Մեր լրագրողները մեկնել են Թուրքիա, որպեսզի բողոքեն սահմանի բացման դեմ, եւ ես այդ ակցիան ողջունում եմ։ Թող մեր պատգամավորներն էլ արտահայտեն իրենց բողոքը։ Բայց ես չեմ հավատում, որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Չեմ կարծում, որ առանց Ադրբեջանի համաձայնության նրանք կգնան նման քայլի», ասել է Ալեսքերովը։
Անկարայում Ադրբեջանի դեսպան Մեհմեթ Ալիեւը, ըստ «525 գազետի», ասել է որ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում Թուրքիան առաջ է քաշում 4 նախապայման. Երեւանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, երաշխիքներ տա գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության մասին, հրաժարվի ցեղասպանության «հորինվածքներից», ազատի Ադրբեջանի զավթած տարածքները։
Բաքվում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքոզը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման «ասեկոսեներին», ANS-ին ասել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Երեւանը «տարածքային պահանջներ ունի Թուրքիայից եւ Ադրբեջանից»։
Թ. Հ.