«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2004-04-06 | #61, 2004-04-07 | #62, 2004-04-08


ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Ինչպես արդեն հաղորդել ենք «Ազգի» երեկվա համարում, Ամերիկայի հայկական համագումարը նամակով դիմել էր Մ. Նահանգների պետքարտուղար Քոլին Փաուելինՙ պահանջելով վերանայել պետքարտուղարության փետրվարի 25-ին Կոնգրեսին ներկայացրած «Ժողովրդավարության, մարդու իրավունքներ եւ աշխատանքի» բաժնի վերջերս հրապարակած «Թուրքիա։ Մարդու իրավունքների գործարկումները 2003 թվին» զեկույցում տեղ գտած անճշտությունները, հատկապես Հայոց ցեղասպանության առնչությամբ զեկույցի 2(ա) եւ 5 գլուխներում օգտագործված «ենթադրյալ» եւ «անհիմն պնդում» բառերը։

Հայկական համագումարից ստացված երեկվա մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ պետքարտուղարությունը պատասխանելով հայկական կողմի առաջարկություններինՙ նշել է, որ օգտագործված բառերը (լեզուն) չեն նշանակում Մ. Նահանգների կառավարության այդ հարցի վերաբերյալ երկարատեւ քաղաքականության փոփոխություն։

«Թուրքիայում մարդու իրավունքների գործարկումների մասին բաժնի պատրաստած զեկույցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բառերը ոչ մի ձեւով նպատակ չեն հետապնդում փոխելու Մ. Նահանգների կառավարության երկարատեւ քաղաքականությունն այդ հարցի շուրջ։ Զեկույցում նշված այդ բառերը լոկ թուրքական կողմի մեկնաբանությունների վերարտադրություններն են։ Ցավում ենք թյուրիմացության համար։ Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ նախագահ Բուշի հայտարարությունն արտահայտում է Մ. Նահանգների տեսակետն օսմանյան Թուրքիայում հայկական համայնքի մասսայական ոչնչացման վերաբերյալ եւ հույս է փայփայում, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության եւ հաշտեցման եզրեր կգտնեն», գրված է բաժնի հայկական հարցերի պատասխանատու Յուջինիա Սիդերեասի պատասխան նամակում, որտեղ մատնանշվել են Թուրքիայում մարդու իրավունքների բազմաթիվ եւ ծանրակշիռ խախտումներ, այդ թվում նաեւ կրթության նախարարության պահանջը 5-րդ եւ 7-րդ դասարանցիներին (նաեւ հայ դպրոցականներին), որ մեկ էջանոց շարադրություն գրենՙ առաջարկելով, որ Հայոց ցեղասպանության պնդումներն անհիմն են։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4