Լոս Անջելեսում թուրք փոխհյուպատոսը ցանկանում էր իմանալ, թե արդյոք ինձ կհետաքրքրե՞ր հանդիպումը օրերս Մ. Նահանգներ այցելող Թուրքիայի արտգործնախարարության հետախուզության եւ ուսումնասիրությունների բաժնի տնօրեն, դեսպան Էջվեթ Թեզջանի հետ։ Ես ժխտական պատասխան տվեցի ճիշտ այնպես, ինչպես վարվել էի անցյալ հունիսին, երբ առաջին անգամ նույն հարցով դիմել էին ինձ։ Իմ կարծիքով, թուրքական կառավարության իսկական նպատակը ոչ թե երկխոսություն ծավալելն է, այլ եվրոպացիների եւ ամերիկացիների առաջ տպավորություն ստեղծելը, թե Թուրքիան փորձում է Հայաստանի հետ ունեցած տարաձայնությունները հարթել։ Դրանով Թուրքիան հույս ունի հաղթահարել Եվրամիությանն անդամակցելու խոչընդոտներից մեկը։
Անցյալ տարի, երբ ամերիկահայ որոշ կազմակերպություններ հանդիպեցին Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում այդ նույն դեսպանի հետ, ես իմ մտահոգությունները հայտնեցի։ Ինչպես սպասվում էր, երկխոսությունը ձախողվեց։ Հանդիպումից մեկ ամիս հետո Հայկական համագումարը խիստ նամակ ուղարկեց նրանՙ բողոքելով, որ նրա գործողություններն ու հայտարարությունները համահունչ չեն երկխոսության ոգուն եւ էությանը, եւ որ նրանք «լուրջ կասկածներ են առաջացնում Թուրքիայի իսկական նպատակների եւ քաղաքականության մասին»։
Անցյալ ամիս դեսպան Թեզջանը դարձյալ Միացյալ Նահանգներ էր ժամանել հանդիպելու զանազան հայկական կազմակերպությունների հետ։ Այս անգամ Հայկական համագումարը հրաժարվեց տեսակցելուցՙ պատճառաբանելով, որ նման հանդիպում ապրիլ ամսին, երբ համայն հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, նպատակահարմար չէ։ Համագումարը առաջարկեց հանդիպել ավելի ուշ, բայց միայն «անցյալ տարվանից մինչեւ օրս տեղի ունեցածը լրջորեն քննարկելուց հետո»։ «Անպտուղ երկխոսությունը ոչ մեկին պետք չէ։ Մենք պետք է նախքան հանդիպումը հստակեցնենք մեր նպատակները», ասվել է նրան։
Որպեսզի միասնականությունը պահպանենք հատկապես այս հարցում, հույս ունեմ, որ մյուս կազմակերպությունները եւս կմերժեն հանդիպել նրան ոչ միայն ապրիլին, այլեւ տարվա յուրաքանչյուր ամսի, մինչեւ թուրքական կառավարությունը որոշի բաց եւ ազնիվ երկխոսություն վարել հայերի հետ։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»