«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2004-04-06 | #61, 2004-04-07 | #62, 2004-04-08


ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ Է ԲԵՅՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ

Մարտի վերջերին տեղի ունեցավ Միջին Արեւելքի հայ գրողների անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին Սիրիայի եւ Լիբանանի հայ գրողները։ Համագումարը կազմակերպվել էր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ եւ ավարտվեց մարտի 28-ին Անթիլիասում։ Համագումարի եռօրյա նիստերի, ինչպես նաեւ համագումարի ժամանակացույցից դուրս հանդիպումների մասին երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատմեց Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Լեւոն Անանյանը։

Համագումարին գործուն մասնակցություն ունեցավ Արամ Առաջինը, որը, Լեւոն Անանյանի կարծիքով, Մերձավոր Արեւելքի հայկական գաղութներում զգալի աշխատանք է տանում հայապահպանման, մասնավորապես նաեւ հայ գրականության պահպանման եւ զարգացման համար։ «Ես ուզում եմ առանձնահատուկ նշել Վեհափառի ողջույնի խոսքը, որը հայ գրողի, մտավորականի կոչման, առաքելության, դերի, տեղի խնդիրներն էր արծարծում», մամլո ասուլիսում ասաց ՀԳՄ վարչության նախագահ Լեւոն Անանյանը։

Համագումարը կազմակերպել եւ հիանալի է անցկացրել եռանդամ հանձնաժողովը, որի կազմում էին ՀՅԴ կուսակցության անդամ, գրող, բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը, Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, արձակագիր Արամ Սեփեթճյանը եւ Հնչակյան կուսակցությունից հրապարակագիր Պեպո Սիմոնյանը։ Այս հանգամանքը հատկապես կարեւոր է, որովհետեւ համագումարը վերքաղաքական, համազգային բնույթ ուներ գոնե այս տարածաշրջանի հայության համար եւ դա, ՀԳՄ վարչության նախագահն անչափ գնահատելի է համարում։ Եվ սա բնական է, եթե հաշվի ենք առնում Հայաստանի մեր այսօրվա երկպառակտությունները, երբ ամեն ինչ խառնվել է իրար եւ շատ ու շատ մտավորականներ, ինչպես միշտ, հայտնվել են այս խառնարանում։

Համագումարի ժամանակ բազմաթիվ հետաքրքրական զեկուցումներ եւ ելույթներ եղան, որոնք պարզաբանեցին սփյուռքի այսօրվա հայ գրականության վիճակը եւ այն մարտահրավերները, որոնք այսօր ծառայել են հայ գրականությանն ընդհանրապես եւ ի մասնավորիՙ սփյուռքահայ գրականությանը։ Բեյրութը միշտ էլ գերակա դեր է ունեցել սփյուռքահայ մշակույթի եւ գրականության ասպարեզում եւ այս անգամ էլ հաստատեց իր գերակայությունը։

Հետաքրքրական քննարկումներ եղան, ասմունքի, պոեզիայի երեկույթներ ու ցերեկույթներ..., որոնք կրկին անգամ հաստատեցին հայ գրականության կարեւոր դերը։

Համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ Արամ Ա կաթողիկոսի առաջարկով բացվեց Համահայկական գրական հիմնադրամի մասնաճյուղ, որի առաջին նվիրաբերողն էլ ինքը եղավ (8 հազար դոլար խորհրդանշական ներդրում) եւ կոչ արեց սփյուռքի բոլոր թեմերին, որ այս հիմնադրամին շարունակեն աջակցություն ցույց տալ։

Համագումարի ամենակարեւոր դասն այն է, որ սփյուռքն այս համագումարով ներկայացավ շատ միասնական եւ կարողացավ ընդհանուր գաղափարըՙ ազգային գրականության շահը գերադասել զանազան նեղ խմբակային կամ կուսակցական շահագրգռություններից։ Համագումարի զեկուցումներից մեկն էլ նվիրված էր հայ-արաբական գրական կապերին, այսինքն, սփյուռքն իր գործունեության շառավիղն ավելի է ընդլայնում։ Լեւոն Անանյանին հատկապես ուրախացրել են հայ երիտասարդ գրողների ոչ միայն բազմաթվությունը, այլեւ գրական որակ ստեղծելու հաջողված ճիգերը։

Ամեն դեպքում, ՀԳՄ վարչության նախագահը բարձր է գնահատում Միջին Արեւելքի հայ գրողների անդրանիկ համագումարի արդյունքը եւ հույս հայտնում, որ գրական այսպիսի կուռ կառույցներ կստեղծվեն նաեւ ուրիշ հայ գաղթօջախներում։

Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4