ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իշխանություն-ընդդիմություն քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու նախաձեռնություն է ցուցաբերում։ Հանդիպումների ֆորմատը, ըստ նրա, քննարկելի է. «հնարավոր են ե՛ւ ընդհանուր քաղաքական կոնսուլտացիաներ, ե՛ւ առանձնազրույցներՙ հանգուցալուծման գալու համար»։
«Վերջնագրերով խոսելուն կողմնակից չեմ։ Կողմերը պետք է ինչ-որ փոխզիջումների հանգեն, որի արդյունքում պետք է կարողանանք իրավիճակից ելք գտնել, որը հնարավորություն կտա երկիրը, հասարակությունը ցնցումներից զերծ պահել», ասաց նա, նշելով. որ «Օրինաց երկրի» համար առաջնայինը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումն ու զարգացումն է։ Աժ նախագահի խոսքերով, ՕԵԿ-ի համար կառավարության կազմում լինելն ինքնանպատակ չէ. «ՕԵԿ-ը ցանկացած պահի կարող է հրաժարվել գործադիրում ունեցած իր բոլոր պաշտոններից, եթե դա կնպաստի հասարակական համերաշխությանը»։
Ա. Բաղդասարյանը դատապարտեց Արտաշես Գեղամյանիՙ «ընտրողների հետ հանդիպման» ընթացքում լրագրողների նկատմամբ ցուցաբերած բռնությունները։ Ըստ նրա, դատապարտելուն պետք է հետեւեն կոնկրետ գործողություններ, ինչին ՕԵԿ-ը հետամուտ է լինելու։
ԱԺ խոսնակը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազն իրեն պաշտոնական գրություն է հղել, որում նշվում է, որ ոմանք հանդես են գալիս հակաօրինական կոչերով, այդ թվումՙ նաեւ ԱԺ պատգամավորներ, սակայն նրանց ձերբակալությունների մասին խոսք չկա։ Ա. Բաղդասարյանը նշեց, որ բացասաբար է վերաբերում քաղաքական ցանկացած ձերբակալության, իսկ քրեական հանցագործությունները պետք է պատժվեն քրեական օրենսգրքի ողջ խստությամբ։
Ա. Բաղդասարյանն ասաց նաեւ, որ առաջիկայում քաղաքական քննարկման առարկա կդառնա քաղաքաշինության նախարարի հարցը։ Կադրային հետեւություններ կարվեն, թեեւ մինչ օրս էլ Արա Արամյանը պնդում է, որ իր որդին «Տրիումֆ» բար- ռեստորանում տեղի ունեցած դեպքի համար մեղավոր չէ։