Ներքաղաքական բանդագուշանք
Քաղաքական կյանքում էքստրասենսներն ու պայծառատեսները ամենեւին էլ ոչ երկրորդական դերակատարում ունեն։ Հայտնի է, որ աշխարհահռչակ Գլոբային թաքուն թե բացահայտ այցելում էին քաղաքական հանրահայտ գործիչներն ու նախագահները։ Գլոբայի հայրենիքում է երկար ժամանակ ապրել նաեւ նորահայտ պայծառատես տիկին Զինա Մկրտչյանը։ Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում իր հայտնվելը նա նույնպես գերբնական իրողություն է համարումՙ անելիք ունի այստեղ։
Համազգային հանրահավաքից ընդամենը 2 օր առաջ ներքաղաքական երկնակամարում հայտնված պայծառատեսը, որպես իր վերերկրային ունակությունների կենդանի հավաստիք, լրագրողների հետ հանդիպմանը բերել էր 2 կանանց, որոնց, նրանց իսկ վկայությամբ, փրկել է քաղցկեղից։ Տիկին Զինայի պատմելովՙ սովորական ջուրն իր ձեռքում, իր լիցքերի շնորհիվ դեղ է դառնում։ Բայց քաղցկեղից չէ, որ ուզում է փրկել Հայաստանը։ Իր աստվածաշնորհ ունակությունները նա այս անգամ ուզում է ի սպաս դնել ներքաղաքական վտանգավոր զարգացումներից Հայաստանի փրկությանը եւ երկրի համար լավագույն ապագա ապահովել։ Բայց փոխարենը տիկին պայծառատեսը պայման է դնումՙ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կամ նախագահն ինքը պիտի մոտենան իրեն եւ հոգան քաղցկեղի հիվանդանոցի բացման ծախսերը։ Այդ դեպքում եւ բարենպաստ իշխանափոխություն կլինի, եւ եթե չլինի էլ, «Ռոբերտ Քոչարյանը իրենից անկախ այնպես կաշխատի», որ Հայաստանը դրախտավայր կդառնա։ Նա ընդգծեց, որ բարեգործական հիվանդանոցի գաղափարը եւս թելադրված է աստծուց, եւ դրա շնորհիվ Հայաստանը ողջ աշխարհում կճանաչվի։
Ընդհանրապես, տիկին Զինան իր հրաշագործություններն անում է անպայման որեւէ պայմանի ներկայացմամբ, որն էլ դրա իրականություն դառնալու երաշխիք է հայտարարում, դարձյալ վերին կամոք։
Իր խոստովանությամբ, տիկին Զինան ներքաղաքական կյանքով շատ չի հետաքրքրվում, բայց օդի մեջ զգում է բացասական լիցքերի կուտակում, զգում է, թե ժողովուրդն ինչպիսի անհանգիստ վիճակում է։
Եթե Ռ. Քոչարյանը կամ թեկուզ Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը ձեռք-ձեռքի չմոտենան իրեն, էքստրասենս տիկինը սպառնում է ամենամռայլ կանխատեսումներովՙ արյունահեղություններ կլինեն, եւ ժողովրդի վիճակը էլ ավելի կվատանա։ Տիկին Զինան 3 օր ժամկետ է տալիս։
Երկրաշարժից հետո բավական երկար ժամանակ Հայաստանում ինքնակոչ շնորհյալների իսկական խրախճանք եղավ։ Նրանք հիվանդներ էին «բուժում», գուշակում Ղարաբաղի ճակատագիրը, խոսում այլմոլորակայինների հետ, հեռուստատեսությամբ ու կինոսրահներում հոգեբուժման սեանսներ տալիս, մի խոսքով, զբաղեցնում մարդկանց միտքը։ Հայտնի է, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց ուղղորդելու նպատակով կեղծ էքստրասենսներին օգտագործում են նաեւ քաղաքական գործիչները։ Եվ զարմանալի չէ, որ նրանք սովորաբար հայտնվում են անպայման ժողովրդի համար ճակատագրական կամ ճգնաժամային պահերի, կամ նույնիսկ արտաքին քաղաքական ինչ-որ խնդիր լուծելու պատվերով։
Դժվար է ասել, ում պատվերով կամ ինչ թելադրանքով է տիկին Զինան խառնվում ներքաղաքական խմորումներին եւ ճիշտ ամենասրված պահին, երբ ինքը, իր խոստովանությամբ, մոտ չէ քաղաքականությանը։
Ով էլ լինի այս նախաձեռնության հեղինակը, քաղաքական զինանոցի վաղուց իրեն սպառած զինատեսակ է օգտագործում, առավել եւս այս դեպքում, առավել եւս այսպիսի թույլ սցենարով։
Իսկ եթե գործ ունենք ընդամենը պահն օգտագործողի ճարպիկ հնարքի հետ, ապա լրագրողներս արդեն քանիցս հայտնվում ենք աննախանձելի վիճակում։ Նույնիսկ հոգեգարը կարող է դրամ վճարել, դահլիճ պատվիրել եւ հասարակությանն իր չբավարարված կարիքների կամ մանր շահախնդրությունների զոհ դարձնել։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ