Նշեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը
Երեկ Երեւանում բացված «Զբոսաշրջություն եւ հանգիստ» ARMITT-2004 թ. առաջին հայկական միջազգային ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ։ Հայաստանը ներկայացնում էին Երեւանում գործող մի քանի հյուրանոցներ («Սիլ», «Օլիմպիա» եւ այլն), ավիաընկերություններ եւ տուրգործակալություններ («Մարկ տրավել», «Էլիտար տրավել» եւ այլն)։ Չնայած ցուցահանդեսը միջազգային էր, բայց արտերկրից ներկայացված էր միայն մեկ ընկերությունՙ լիբանանյան «Աշչյան տուրը»։
Միջոցառմանը հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱԺ նախագահը, արտգործնախարարը, Երեւանի քաղաքապետը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, դեսպաններ։ Սակայն հրավիրվածներից որեւէ մեկը ներկա չէր, իսկ ցուցահանդեսը բացեցին առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը եւ Լիբանանի զբոսաշրջության նախարար Անթուան Իսսա Էլ Կյուրին։
Արա Պետրոսյանին էլ խնդրեցինք ներկայացնել Հայաստանում զբոսաշրջության ներկա վիճակը։ Փոխնախարարը նշեց, որ մեր երկրում այս ոլորտի տարեկան 25-30 տոկոս աճի տեմպերն ամրագրված են տուրիզմի զարգացման ծրագրում։ Սա նրա համոզմամբ զգայուն ոլորտ է, եւ այդ թիվը կարող է փոփոխվել։ Արա Պետրոսյանը հույս հայտնեց, որ միջազգային քաղաքական իրավիճակում կտրուկ փոփոխություններ չեն լինի եւ տարեվերջին Հայաստանում կարձանագրվի նախանշված 25 տոկոս աճն այս ոլորտում։ Այսինքնՙ ընդհուպ կմոտենանք 250 հազար տուրիստական այցելությունների սահմանին։
Մեր այն հարցին, թե ներքին քաղաքական կյանքում ցնցումներն ինչպե՞ս կազդեն զբոսաշրջության վրա, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարը պատասխանեց, որ, իր կարծիքով, նման ցնցումներ չեն լինի եւ ամեն կերպ պետք է զերծ մնալ դրանցից։ Այդ ցնցումներն ուղղակիորեն կվնասեն բոլոր ոլորտներին, այդ թվում զբոսաշրջությանը, որը մեր զրուցակցի հավաստմամբ, շատ դժվարությամբ է վերականգնվում։
Ա. Մ.