«Եհովայի վկաներ» կազմակերպությունն առայժմ պետական կարգավիճակ չի ստացել, բայց նմանաբնույթ խմբավորումներից ամենաբազմամարդներից է։ Նրանց անդամակցողների թիվն այսօր Հայաստանում մի քանի հազարից անց է։ Այս կազմակերպության գաղափարաբանությունը քրիստոնեության դավանաբանական հիմնադրույթներին խիստ անհամապատասխան է, թեեւ ընդունելով աստվածաշնչյան բազմաթիվ դրույթներ, ժխտում է Սուրբ Երրորդության, Հիսուս Քրիստոսի աստվածության եւ հոգու անմահության գաղափարները, այսինքնՙ բոլոր քրիստոնեական ավանդական եկեղեցիների հավատո հանգանակներում ամրագրված սկզբունքները։ Քարոզում են աշխարհի մոտալուտ կործանումից, աշխարհի սարսափելի վախճանից փրկվելու համար եհովական շարժումն ընդունել իբրեւ միակ ճանապարհՙ իրենց համարելով ամենից ճշմարիտն ու ընտրյալը։ Եհովականները, կարելի է ասել, դուրս են մեր հասարակության մեջ ընդունված ազգային եւ եկեղեցական տոների ու սովորույթների շրջանակներից, չեն ընդունում Սբ. Ծննդյան, Զատկի եւ մնացած տոները, խաչի խորհրդանիշը, լինելով երկրի քաղաքացի, չեն մասնակցում քաղաքական անցուդարձին (ընտրություններ եւ այլն), դեմ են զինվորական ծառայությանը, նույնիսկ արյան փոխներարկմանը եւ այլն։ Ըստ այդմ «Եհովայի վկա» աղանդի գաղափարախոսությունը մեր հոգեւոր եւ ազգային ինքնությանը վտանգ սպառնացող միավորում է։
Ելնելով այս հանգամանքից, «Մեկ ազգ» կուսակցությունըՙ առաջնորդ Գոռ Թամազյանի գլխավորությամբ, երեկ հրավիրել էր մամուլի ասուլիսՙ հայտարարելու, որ իրենց կուսակցությունը եւ «Հայ ազգային դաշինքի» բոլոր կազմակերպությունները սկսելու են հետեւողական պայքար մղելՙ հայ ժողովրդի հոգեւոր կյանքից նման աղանդները հեռացնելու։ Այս նպատակի համար նրանք առաջարկում են օգտագործել քարոզչության բոլոր միջոցներըՙ հասարակության գիտակցության մեջ արմատավորելու օտարածին եւ մեր ազգային նկարագրին խորթ երեւույթներն իսպառ մերժելու անհրաժեշտության գաղափարը, մի բան, որ համաժողովրդական պայքար է պահանջում, որին պետք է լծվեն ազգային բոլոր ինստիտուտները, նախ եւ առաջ Հայ առաքելական եկեղեցին։ Բոլոր այն աղանդների գործունեությունը, որոնք հակազգային ուղղվածություն ունեն, պետք է կանխվեն ե՛ւ իշխանությունների, ե՛ւ քաղկազմակերպությունների, ե՛ւ ամենագլխավորըՙ հասարակության կողմից, որքան էլ որ մեր երկրիՙ Եվրամիությանն անդամակցելու խնդիրը պահանջում է որոշակի նահանջներ ազգային արժեքներից եւ մտածողությունից։ Ըստ կուսակցության առաջնորդի, այն փաստը, որ «Եհովայի վկա» կազմակերպությունը ցայսօր չունի պետական կարգավիճակ, վկայություն է իշխանությունների որոշակի դիմադրության։ Այդ մասին նրանց տեղեկացրել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերյան մի հանդիպման ժամանակ, երբ վկայել է, թե նման հակապետական եւ հակազգային ուղղվածությամբ գաղափարախոսություն ունեցող որեւէ խմբավորում չի կարող գրանցվել, մինչեւ իր փիլիսոփայությունը չներդաշնակեցնի մեր պետական օրենքներին եւ ազգային շահերին։
Աշխարհի շուրջ 230 երկրներ արտոնել են «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության գործունեությունն իրենց երկրի սահմաններում։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Թուրքմենիան եւ Հայաստանն են, որ չեն գրանցում «եհովականներին»։ Արդյոք մի քանի հազար հետեւորդ ունեցող մի միավորում կարո՞ղ է ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր լինել, երբ այսօր մեր ներսում գործում են հարյուրավոր կրոնական, հասարակական կազմակերպություններ, որոնք ամենատարբեր ծրագրեր են իրականացնում։ Բայց «Եհովայի վկաների» բուն գաղափարախոսությունը ընդգծված ժխտում է ազգ, պետություն, հայրենիք հասկացությունները, «այս աղանդ կոչեցյալը ժխտում է ինքնապաշտպանության սկզբունքը, իսկ պետությունը նախ եւ առաջ կոչված է մեր ժողովրդի ֆիզիկական ու հոգեւոր անվտանգությունը պաշտպանելուն։ Պետությունը, եթե թիկունքում կանգնած չէ հոգեպես առողջ հասարակություն, դատապարտված է կործանման»։
Եվ քանի որ մեր երկրում առկա բարոյահոգեբանական, սոցիալական, քաղաքական ճգնաժամը նպաստավոր է հակազգային տարրերի համար, իսկ կրթական ոլորտն ըստ էության չունի որոշակի ազգային գաղափարախոսության ուղղվածություն եւ չի կարողանում կանխել այս արշավանքները, իսկ մինչ այժմ տարվող քարոզչությունը, ըստ բանախոսի, ավելի պասսիվ է, ուստի այսուհետեւ պայքարն ավելի ինտենսիվ բնույթ է կրելու ե՛ւ հրապարակային քարոզչության, ե՛ւ ավելի գործնական միջոցներով (եհովականների նման տներ այցելել, ելույթներ ունենալ, թռուցիկներ տարածել եւ այլն)։
Գոռ Թամազյանն առաջարկեց Եվրախորհրդի մեզ առաջադրված պահանջները դնել համաժողովրդական քննարկման, որ ժողովուրդը հանրաքվեով որոշի, թե որն է ընդունելի, որըՙ ոչ, որովհետեւ «մենք այն քաղաքակրթությունը կրող ազգն ենք, որ ոչ մի իրավաբանական կառույցՙ լինի Եվրախորհուրդ, թե մեկ այլ, բարոյական իրավունք չունի որեւէ այլ ազգի թելադրելու իր արժեքները։ Մենք մեր նախնիների թողած արժեքներով պիտի առաջնորդվենք»։
Հրապարակային պաթոսով արտահայտված այսՙ թեեւ ճշմարիտ մտքերն ու տարվելիք պայքարի մեթոդները հոգեւոր խնդիրներին վերաբերող հարցերում դժվար թե արդյունավորվեն, իրական կյանքն ու հարաբերություններն այլ բան են հուշում, այնուամենայնիվ, հոգեւոր ոլորտը նուրբ եւ զգուշավոր մոտեցում է պահանջում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ