Հանրահավաքների ժամանակ, ուր հազարավոր մարդիկ են հավաքված, մանավանդ բորբոքված մթնոլորտում, իրադարձությունների զարգացումը դժվար է կանխատեսել։ Բռնության զոհ կարող է դառնալ հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից։ Շիկացած մթնոլորտում ամբոխն անկառավարելի է, մանավանդ երբ բողոքի ելած մարդկանց մեջ շատ են ընչազուրկները։ Այդուհանդերձ, երկու օր առաջ Արտաշես Գեղամյանի հրավիրած հանրահավաքի առանձնահատկությունն այն էր, որ տուժողները, բռնության թիրախները լրագրողներն էին։
Ինչո՞ւ։ Այս հարցին թերեւս մի շարք պատասխաններ կարող են լինել։ Դրանցից ո՞րն է համապատասխանում իրականությանը։ Մի կողմից կարելի է կասկածել, որ ընդդիմության ներկայացուցիչները լուրջ պատճառներ ունեն չսիրելու «Հայլուրին», եւ առաջինը բռնարարքի ենթարկվեց Հանրային հեռուստատեսության լրագրողն իր տեսախցիկով։ Այդ դեպքում հարց է առաջանումՙ ինչո՞ւ բռնության թիրախ դարձան նաեւ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Սադրանքը կարող էին կազմակերպած լինել նաեւ իշխանության կողմնակիցները կամ գործակալներըՙ լրագրողների օրինակով առավել մեծաշռինդ զգուշացնելու, որ ժողովուրդը զերծ մնա հաջորդ հանրահավաքներին մասնակցելուց։ Բայց այդ դեպքում չէ՞ որ իշխանության կարգադրությունը կատարողները «մաքուր չեն աշխատել», պրոֆեսիոնալ չեն գործելՙ վնաս հասցնելով նաեւ իշխանության լրատվամիջոցներին։ Ի վերջո նրանք պարտավոր էին առնվազն զանազանել «իշխանամետ» եւ «ընդդիմադիր» լրագրողներին։
Առայժմ ոչ ոք չի փորձում պատասխան տալ այս հարցերին։ Ընդհակառակըՙ յուրաքանչյուր կողմ (դժբախտաբար, ներկայումս կողմ է դարձել նաեւ իշխանությունը) փորձում է մեղադրել մյուսինՙ սադրանքը վերագրելով նրան։ Ավելինՙ լրատվամիջոցներն իրենք են կուլ տվել այդ խայծը եւ խոսքի ու մամուլի ազատության, լրագրողների պրոֆեսիոնալ իրավունքների մասին ճամարտակելու պահին նկատի ունեն մյուսՙ «հակառակ» կողմին։
Համենայն դեպս, վերոհիշյալ հարցերի պատասխանը մենք իրավապահ մարմիններից չենք ակնկալում։ Նրանց պահվածքը հանրահավաքում, մեղմ ասած, հուսադրող չէր։ Փոխարենը պատասխանը պահանջում ենք լրագրողական մեր կազմակերպություններից, որոնք կարող են եւ անգամ ստիպված են, ներկա պահին մի կողմ թողնելով իրենց համակրանքներն ու հակակրանքները, ստուգապես երեւան հանել հանցավոր արարքների հեղինակներին։ Հարցը չի վերաբերում միայն Հանրային, «Շանթ», «Հայ TV», «Կենտրոն» հեռուստաընկերություններին, «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերին։ Հարցը վերաբերում է բոլորիս։ Այստեղ կորպորատիվ մեր շահերն ավելի կարեւոր են, քան սպոնսերական գումարները։ Հարցը վերաբերում է մեր բոլոր լրագրողներին եւ լրատվամիջոցներին։ Խոշտանգված կամ աշխատանքային գործիքից զրկված լրագրողները մերն են, մեր մամուլի ողջ ընտանիքինը։ Ուրեմն մենք ենք խոցելի դարձել, եւ իշխանություններ թե ընդդիմություն կարող են մեզ հարվածել մեր պրոֆեսիոնալ պարտքը կատարելու պահին։
Լրագրությունը վաղուց համարվում է ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը։ Սա, ցավոք, արդեն իրողություն է նաեւ Հայաստանում։ Սա՛ է մտահոգիչը։