Մասաչուսեթսի Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան (NAASR) նախատեսել է ապրիլի 23-ին, Եղեռնի 89-րդ տարելիցի առթիվ, Բելմոնտի միջնակարգ դպրոցներից մեկում առաջին անգամ ներկայացնել մրցանակակիր ռեժիսոր Մայքլ Հակոբյանի «Գերմանիան եւ գաղտնի ցեղասպանությունը» խորագրով վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը, որը պատմում է Օսմանյան կայսրության հետ Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի մասնակցության մասին, դրական գրախոսականների է արժանացել ամերիկյան թերթերում։
«Նշանակալից, համոզիչ, մերկացնող մի աշխատություն... ճշգրտորեն ուսումնասիրված պախարակող մեղադրական մի ակտ» բնութագրել է «Լոս Անջելես թայմսը»։ Հակոբյանը ճանաչված ռեժիսոր է հատկապես Հայոց ցեղասպանությունը վավերագրելու ասպարեզում։ Նրա նախորդՙ «Մոռացված ցեղասպանությունը», «Հայկական դատը», «Որտե՞ղ է իմ ժողովուրդը» եւ «Ձայներ լճից» ֆիլմերը նույնպես լավ են ընդունվել քննադատների կողմից։ Ըստ լուրը հաղորդող «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի, նա ներկա է լինելու ցուցադրմանը եւ ավարտին մասնակցելու է քննարկմանը։
Քննարկմանը մասնակցելու են նաեւ պրոֆ. Ջեյմս Ռասելը (Հարվարդի համալսարան), պրոֆ. Շարոն Ռիվոն (Բրանդիս համալսարան), դոկտ. Սյուզան Մորանյանը (պատմաբան եւ գրող) եւ Ջոն Շատոկը (Քենեդիի անվան գրադարանային հիմնարկություն)։
Ֆիլմում հստակ ընդգծվում է, ըստ թերթի, որ Գերմանիան ցանկության դեպքում կարող էր կասեցնել ցեղասպանության իրագործումը, բայց նախընտրեց մեղսակից դառնալ դաշնակիցների բնորոշմամբ «մարդկության դեմ կատարված ոճրագործությանը»։
Հակոբյանը ծնվել է պատմական Հայաստանի Խարբերդ-Մեզրե քաղաքում։ Իր արմատներն է հետապնդել ֆիլմերի միջոցով։ Արժանացել է «Էմմի» մրցանակներիՙ «Մոռացված ցեղասպանությունը» ֆիլմի սցենարը գրելու եւ արտադրելու համար։ Դա քսան տարիների աշխատանքի արդյունք է եղել, որի ընթացքում մոտ 400 ականատեսների է հանդիպել։
1979-ին հիմնել է եկամուտ չհետապնդող «Հայկական ֆիլմերի հաստատությունը», նպատակ ունենալով հայկական մշակույթի եւ պատմությանը նվիրված վավերագրական ֆիլմերով երիտասարդությանը հայ ոգով դաստիարակել։
Միջազգային հարաբերությունների գծով դոկտորական է պաշտպանել Հարվարդի համալսարանում։ Ամերիկայում նախՙ ապրել է Ֆրեզնոյում, ապա փոխադրվել Լոս Անջելես։
Հ. Ծ.