«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2004-04-06 | #61, 2004-04-07 | #62, 2004-04-08


«ՍԵՓԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ Է ՄԱՍԱՄԲ ԲԱՑԱՏՐՎՈՒՄ ՆԱԵՎ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ»

Հարցազրույց «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանի հետ

- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին խոսելիս դուք քանիցս նշել եք, որ Հայաստանն այսօր չունի հստակ ռազմավարություն, առանց որի առկա խնդիրները երկար ժամանակ կմնան անլուծելի։

- Անկեղծ ասած, վերջին շրջանում ռազմավարություն բառն այնքան է գործածվում, որ բառի իմաստը մի տեսակ մաշվել է։ Կարծում եմ, ավելի նախընտրելի է բավականին քիչ գործածվող մարտավարություն բառը։ Հարցն այն է, որ Հայաստանն այսօր մի տեսակ տարերայնորեն հանգել է այնպիսի իրավիճակի, երբ ոչ նպաստավոր պայմաններում առաջացել է մի ոլորտ, որն ամուր կենսունակության նշաններ է ցույց տվել միջազգային դժվարությունները հաղթահարելու իմաստով։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2000 թվականից հետո համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում շատ դժվար շրջան էր, եւ միայն 2003 թվականին երեւացին առողջացման նշանները։ Չնայած այդ դժվարություններին, Հայաստանը տարեկան 20 տոկոս աճ է արձանագրել, այսինքն, զուտ տարերայնորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում ամենաբարձր եւ արագ աճող ոլորտներից մեկն է դարձել։ Մի շարք հարցեր, իհարկե, քննվել են, կան որոշակի արդյունքներ, աճել է ընդհանուր իրազեկությունը, որոշ օրենքներ փոխվել են, բայց մեր անբավարարվածությունը այն փաստաթղթից է, որը մշակվել է Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետՙ դրսի փորձագետների մասնակցությամբ։ Այդ փաստաթուղթը հռչակելով որպես զարգացման առաջնային ուղղություն, մեր պետությունը պիտի հաջորդ քայլն անի, այսինքնՙ ունենա եղած կամ վերափոխված փաստաթղթին համապատասխան մի ամբողջ շարք գործողությունների իրականացում, որովհետեւ մարտավարության մշակումը ենթադրում է շահագրգռված եւ կարող ուժերի մասնակցություն Հայաստանում ու սփյուռքում։ Այդպիսի ուժեր, իհարկե, կան, սակայն դեռ ընթացքի սկզբում են։

Քանի որ տեղեկատվական հասարակության վերաբերյալ ունենք միջազգային պարտավորություն, անպայմանորեն պետք է հասկանալ տեղեկատվական հասարակություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտների տարբերությունները։ Այս երկուսը համադրվում են այնպես, ինչպես շարժիչը մեքենային. ոլորտը շարժիչն է, հասարակությունըՙ մեքենան։ Այստեղ անհրաժեշտ են շատ ուրիշ տարրեր, հատկապես այն, որ հասարակության հետ կապված որեւէ փաստաթուղթ չունենք։

- Լատինատառ հայերենն ինտերնետում դարձել է գերիշխող լեզու, որից ազատվելու քայլեր պետականորեն չեն արվում։ Հարցը հետին պլան է մղվելՙ դառնալով երկրորդական ու անկարեւոր։ Ի՞նչ կասեք այս մասին։

¬ Հայերեն էլեկտրոնային բովանդակության կամ հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման կարեւորագույն խնդիրը, որն, ըստ էության հիմնախնդիր է, ունի մի քանի ենթախնդիրներ։ Այս հարցը նույնպես նախ պետք է դիտել միջազգային զարգացումների համատեքստում, քանի որ վերջին շրջանում դրանք բավականին հետաքրքրական են այն իմաստով, որ եթե համաշխարհային ցանցում նախկինում գերիշխում էր անգլերենը, ապա վերջին տարիներին նկատվում է ազգային լեզուներով էլեկտրոնային բովանդակության աճ։ Արդեն իսկ չինարենը դառնում է գլխավոր լեզու, էլեկտրոնային բովանդակությունը չինարենով սկսում է աճել։ Սա վերաբերում է նաեւ մնացած լեզուներին, եւ բնական է, որ այդ լեզուների հետ կապված ինտերնետի միջավայրը ենթադրում է որոշակի նոր համակարգերի համաձայնեցում, նաեւ թարգմանչական ծրագրերի մշակում։ Կան միջազգային մի շարք բազմալեզվային նախաձեռնություններ, որոնց մեջ մենք ներկա չենք, չնայած դրանք թույլ են տալիս մեր անցնելիք ճանապարհը զգալիորեն կրճատել փորձի եւ նյութական իմաստով։ Եվրամիությունն ունի բազմալեզու թարգմանությունների համակարգ, որը, եթե չեմ սխալվում, մոտ 10 լեզվով համընթաց թարգմանություններ է անում, որեւէ նոր փաստաթուղթ ընդունելիս ինքնաշխատ թարգմանություն է կատարվում, որից հետո դրանք խմբագրում են մասնագետները։ Դա մեծապես արագացնում է փաստաթղթերի արտադրությունը։ Այս իմաստով մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու։ Կան նաեւ փոքր լեզուների էլեկտրոնայնացման նախաձեռնություններ, վտանգված լեզուներին ինչ-որ կերպ աջակցող ֆոնդեր, որոնք թույլ են տալիս օգտվել արդի տեխնոլոգիաներիցՙ 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու, պահպանվելու եւ զարգանալու համար։ Բնավ չի նշանակում, որ մենք անգլերենին չպետք է լավ տիրապետենք, ընդամենը ենթադրում է, որ մեր լեզվի նկատմամբ հոգածությունը պետք է նոր ձեւեր ստանա։ Մեր լեզվին բանաստեղծություններ ձոնելուց բացի պիտի գործնականորեն նվիրվենք։

- Ո՞րն եք ավելի առաջնային համարում։

¬ Առաջնայնության իմաստով կարեւորում եմ լեզվի ոչ միայն գրանշանների, այլեւ ընդհանուր էլեկտրոնայնացման կամ ինքնաշխատ համակարգի գործոնը։ Այստեղ ենթադրվում է բառապաշարի, բառակազմության ընթացակարգերի ու ալգորիթմերի ստեղծումը։ Ճիշտ է, հայոց լեզուն բավականին ուշադրության արժանացած լեզու է, ստեղծվել են հրաշալի բառարաններ, ինչպես Արմատական կամ Նոր հայկազյան բառարանը, բայց բառակազմական բառարան մեր լեզվաբանները մինչ օրս չեն ստեղծել։ Այնինչ հենց բառակազմական բառարանը պիտի հիմք դառնա հայերեն ինքնաշխատ համակարգերի։

Հաջորդ խնդիրը քերականության վերլուծական համակարգի ստեղծումն է, հետոՙ իմաստաբանական համակարգինը։ Հայաստանում պետք է վերստեղծել մաթեմատիկական լեզվաբանության ուղղությունը, որովհետեւ դեռ 60-ական թվականներին դա գոյություն ուներ, մեր երկիրը աշխարհի առաջին երկրներից էր, որտեղ զարգացավ այդ ուղղությունը, անգամ սկսեցին թարգմանական հարցերով զբաղվել։ Ցավոք, այդ ամենն ինչ-ինչ պատճառներով սառեցվեց, հետո էլՙ առհասարակ անհետացավ։ Այսօր պետք է ամեն ինչ զրոյից սկսելՙ հենվելով միջազգային փորձի վրա, որպեսզի չկրկնենք այլոց կատարած սխալները։

Հայերեն գրանշանների խնդիրը կարեւոր լինելով, թույլ չի տալիս տեսնել մաթեմատիկական լեզվաբանության հետ կապված այլ խնդիրներ։ Այս չարչրկված հարցին այսքան ուշադրություն դարձնելը խոսում է այն մասին, որ խնդրի ընդհանուր ռազմավարությունը բացակայում է։ Հայալեզու էլեկտրոնային բովանդակությունը անպայման պետք է ունենա մի քանի ենթախնդիրներ։ Հաջորդ ենթախնդիրը բուն բովանդակության ստեղծումն է. արդեն կան որոշակի նախաձեռնություններ, ինչպես օրինակ հայ գրականության թվանշային գրադարանի ստեղծումը, տարբեր հիմնադրամների աջակցությամբ արվել են հայերեն կրթական ծրագրեր, որոնք փորձարկվել են որոշ դպրոցներում, կան նաեւ ուսուցչական փոքրիկ նախաձեռնություններ։ Կարծում եմ, որ Հայաստանի դպրոցների համակարգչայնացումը եւ ինտերնետ կապի ստեղծումն առանց զուգահեռ հայերեն էլեկտրոնային կրթական բովանդակության ուղղակի դատապարտված են։ Ստացվում է, որ մեր պատուհանները բացում ենք դեպի աշխարհ ՙ մոռանալով, որ ինքներս տալիք ունենք, եւ առաջին հերթին կրթական բովանդակության իմաստով։ Անելիքները շատ -շատ են։

Այս կարեւոր հիմնախնդիրը զարմանալիորեն չի գիտակցվում, մի տեսակ բացակայում է այն գիտակցումը, որ հայերիս հետ 20-րդ դար հասած միակ հարստությունը հայոց լեզուն է, որի նկատմամբ հաճախ նկատվող քամահրական վերաբերմունքն, ըստ իս, մեր ողբերգությունն է։ Սեփական լեզվի արժանապատվությունը չպահելով է մասամբ բացատրվում նաեւ մեր տնտեսության թուլությունը։ Ինչպես լեզվի նկատմամբ չունենալով ջերմ վերաբերմունք, ներմուծում ես օտար եւ խորթ բառեր, որ սեփական լեզվով կարող ես արտահայտել, այնպես էլ տնտեսության մեջ շատ բան կարող ես ինքնուրույն անել, բայց չես անում, որովհետեւ արժանապատվություն չունես։ Իսկ դա սկսվում է սեփական լեզվի մասին մտահոգությունից, որը մեր վերնախավը չունի, այլ դրա փոխարեն անկախ Հայաստանում առաջ է քաշում երկլեզվության խնդիրը, որն ուղղակի անընդունելի է։

Անտանելի է նաեւ, որ լատինատառ խոսակցական հայերենը բազմատեսակ ու տգետ ուղղագրությամբ դարձել է էլեկտրոնային շփման լեզու։ Ցավոք, այս իրավիճակը դեռ երկար ժամանակ չի շտկվի, քանի որ մեզանում դեռ որոշակի վերնախավ չի ձեւավորվել։ Նոր սերունդը միայն վերջերս է սկսել օգտվել ինտերնետից, միջին սերունդն էլ նոր է հայալեզու միջավայր ստեղծում։ Առնվազն մի քանի տարի կպահանջվի խնդիրը լրջորեն գիտակցելու համար։ Այսօր կան դրանով զբաղվող ուժեր, որոնք ուժեղացման կարիք ունեն։ Խնդիրը լուծելի կդառնա ոչ թե մեկ, այլ մի քանի հանձնաժողովներ ստեղծելով, համահայկական մրցույթներ անցկացնելով։ Անկասկած, այստեղ մեծ անելիք ունի կառավարությունը, որովհետեւ դա պիտի լինի հայալեզու բովանդակության ստեղծման փաթեթային նախաձեռնություն։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4