ՄՈՍԿՎԱ, 7 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Շերը առաջին եւ վերջին անգամ Ռուսաստանում հանդես կգա «Մնաս բարով» ծրագրով։ Այդպիսի անվանում է ստացել աստղի համաշխարհային շրջագայությունը, որը Իռլանդիայում կսկսվի մայիսի 8-ին, եւ երգչուհին այդ ծրագրով տարվա ընթացքում կլինի շատ երկրներում։ Ինչպես այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են հյուրախաղերի կազմակերպիչները, հունիսի 21-ին եւ 22-ին Շերը համերգ կտա Մոսկվայումՙ Կրեմլի պետական պալատում, իսկ հունիսի 24-ինՙ Սանկտ Պետերբուրգում։
Երգչուհին պատրաստվում է ռուսաստանյան հանդիսատեսին ներկայացնել իր ինչպես հայտնի /հիթ/, այնպես էլ երգերի վերջին հավաքածուից նոր երգեր։ Համաձայն «Բիլբորդ» ամսագրի տվյալներիՙ 2003 թվականի ամենահաջողված շրջագայությունների մեջ նրա անցած տարվա հյուրախաղերը գրավել են 3-րդ տեղը։ Շերի ներկայացուցչի խոսքերովՙ երգչուհու հրաժեշտի շրջագայության հաջողությունը, որը շարունակվում է արդեն քանի տարի, բացատրվում է նրանով, որ 70-ականների երգիչների համաստեղությանը պատկանող երգչուհին մինչեւ օրս պահպանել է «գերաստղ» տիտղոսը, եւ հանդիսատեսները չեն ցանկանում նրան բեմից բաց թողնել։ Ինչեւէ, 57-ամյա հայկական ծագումով ամերիկուհին խոստովանել է, որ հոգնել է համերգային գործունեությունից եւ հյուրախաղերից։