«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2004-04-08 | #63, 2004-04-09 | #64, 2004-04-10


ՄԵԿ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 185 ԲՈՂՈՔ-ԴԻՄՈՒՄՙ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

«Կամ բոլորս պիտի գործենք նույն նորմերով ու ձգտումներով, կամ պիտի ընդունենք, որ ժողովրդավարության ձգտումների տակ քողարկվում են այլ խնդիրներ ու նպատակներ», այս օրերին հնչող իշխանափոխության կոչերի մասին խոսելիս երեկ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանըՙ Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ։

Մեր երկրում մարդու իրավունքների առաջին կին պաշտպանն աշխատանքի անցավ այս տարվա մարտի 1-ից, եւ արդեն գրանցվել է 185 դիմում բողոք, ընդ որում դիմողների հոսքը մեծանում է, այցելուների թիվըՙ շատանում։ Վերջիններս առավելապես կարիք ունեն իրավաբանական խորհրդատվության։ Նրանց տրվում է անվճար խորհրդատվություն, ինչի շնորհիվ բողոքների թիվը նկատելիորեն նվազում է։ Այս ընթացքում տկն Ալավերդյանն այցելել է Գյումրու կալանավայրեր, նաեւ զրուցել ընդդիմության հանրահավաքից հետո ձերբակալվածների հետ։ Թե կալանավորները, թե ձերբակալվածները գոհունակություն են հայտնել այդ նախաձեռնությունից, ասելով, որ դրա անհրաժեշտությունը իրենք շատ են զգում։ Նրանք որեւէ դժգոհություն չեն արտահայտել իրենց նկատմամբ կոպտություն կամ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ կենսապայմանների վերաբերյալ։

Տկն Ալավերդյանն այդ իրողությունը դրական փոփոխություն համարեց, հավելելով, որ հանրապետության ոստիկանապետի եւ գլխավոր դատախազի հետ ունեցած հանդիպումների ժամանակ մանրամասն քննարկվել են վերջին հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած դեպքերը։ Նա առանձնացրեց դրանցից մեկը, երբ Գյումրիում քրեական գործ է հարուցվել հոգեկան հիվանդի դեմ, ինչն արգելվում է օրենքով, իսկ դատարանը հաշվի չի առել այդ փաստը։

Զանգվածային միջոցառումների ժամանակ կատարվող ստուգումները նա միանգամայն նորմալ երեւույթ համարեց, քանի որ իշխանությունները պարտավոր են միջոցառումներ ձեռնարկելՙ հաշվի առնելով հանրահավաքների ժամանակ զենք կամ ոգելից խմիչքներ օգտագործելու հավանականությունը։ Այդ նորմը նախատեսված է թե եվրոպական կոնվենցիայով, թե պետական օրենսդրությամբ։

Նաեւ անդրադարձավ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի մի շարք կետերի, ընդգծելով, որ ինքը նշանակվել է ոչ թե հանրապետության նախագահի հրամանագրով, այլ օրենքով, ինչը միանգամայն տարբեր է նախկինում նախագահին առընթեր եղած հանձնաժողովից։ Մարդու իրավունքների պաշտպանը ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է, որն, ըստ նրա, խիստ կարեւոր է մեր երկրի համար։ Նա նկատեց, որ հիշյալ օրենքի մասին ոչ բավարար իմացություն ունեն թե՛ լրագրողները, թե՛ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները։ Հենց դա է պատճառը, որ դիմողների հարցերը հաճախ դուրս են օրենքով նախատեսվածներից։

Իբրեւ կարեւոր գործոն նա նշեց, որ պաշտպանի համար գոյություն չունի փակ վայր կամ արգելված տեղեկատվություն։

Պաշտպանի հիմնական աշխատանքների մասին խոսելիս նա ընդգծեց, որ դրանք չեն սահմանափակվում քաղաքացիների բողոք-դիմումներին արձագանքելով, այլ ունեն ավելի լայն ընդգրկումՙ այցելություններ, հանդիպումներ պետական պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների հետ եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արդեն զբաղվում է օրենքի, իրավունքի, նորմերի տարածմամբ ու քարոզչությամբ, քանի որ հասարակության իրազեկությունը խիստ պակաս է։

Տկն Ալավերդյանը հույս ունի, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը մեր երկրում ձեւական բնույթ չի կրի, այլ ամուր համագործակցության հիմքի վրա կկարգավորի հասարակության համար այնքան կարեւոր իրավական դաշտը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4