«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


ՀՈԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԲ. ԶԱՏԿՎԱ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Բաղդատմամբ նախորդ տարիներին, Քրիստոսի հարության տոնն այս տարի Հայաստանի եկեղեցիներում, հատկապես Մայր աթոռ Սբ. Էջմիածնում եւ Երեւանի աղոթատեղիներում նշվեց առավել մեծաթիվ հավատացյալների բազմությամբ։ Երեւանի Սբ. Սարգիս, Կաթողիկե, Սբ. Զորավոր, Սբ. Աստվածածին եւ մյուս եկեղեցիները բառացիորեն հորդում էին հավատացյալների բազմությունից։ Ներքաղաքական ներկա խառնակ կացության պատճառած խռո՞վքն էր, թե՞ ազգային մեր եկեղեցու միջոցով աստվածային խորհուրդներին առնչվելու մղումն էր այդքան մարդկանց եկեղեցիներ տարել, դժվար է ասել։ Թերեւս երկուսը միասին։ Այսուամենայնիվ, փաստը մեծ գոհունակությամբ արձանագրելի է եւ, մյուս կողմից, մեկ անգամ եւս շեշտում է, որ Երեւանի մի շարք թաղամասերում հայ հավատացյալը դեռեւս աղոթատուն չունի, ինչպեսՙ Արաբկիր եւ Էրեբունի համայնքները եւ, հետեւաբար, առավել է շեշտվել նոր եկեղեցիներ կառուցելու անհրաժեշտությունը։

Բնականաբար, նույն եւ առավել հոծ բազմությունը Սբ. Էջմիածնում էր, որտեղ առավոտյան ժամը 10-ից սկսյալ մինչեւ 3-ը չէր դադարում մարդկանց հոսքը Երեւանից եւ հարեւան մյուս բնակավայրերից։ Պատճառը բարենպաստ տաք եղանակը չէր միայն, ոչ էլ, հավանաբար, հանրապետության նախագահի եւ պետական մյուս ղեկավարների մասնակցությունն արարողություններին։ Հոգեպարտ պատարագից հետո հնչեց Ամենայն հայոց հայրապետի ազդու, սրտաշարժ, ներքաղաքական ներկա մտահոգիչ կացությանը համահունչ պատգամը. «Հարուցյալ է այսօր մեր պետականությունը, եւ կյանքի բոլոր հանգրվաններում սպասում է մեզ Տերըՙ սփռելու մեզ վրա Իր լույսն ու խաղաղությունը, օրհնելու, արդյունավորելու մեր ջանքերն ու աշխատանքը։ Միայն թե մեր լավին վատություն չխառնենք, չխառնենք ճշմարտինՙ կեղծիք։ Ճշմարիտն անկախ Հայաստանն ու ազատ Արցախն է եւ մեր հայրենասիրությունը, մեր համերաշխությունը եւ միաբանությունը։ Չլինի, որ պարտական մնանք նվիրական այս ճշմարտությունների առջեւ, չլինի որ պարտական մնանք մեր պատմությանը, Եռաբլուրում հանգչող մեր մարտիրոս զավակների, մեր սերունդների առջեւ։ Անեղծ պահենք մեր համազգային միաբանությունը, նրանով է պայծառ մեր կյանքի, մեր հավատքի աստվածատես լույսը»։

Սբ. Զատկվա առթիվ գրված այս տողերը պակասավոր կլինեն, եթե չնշենք նաեւ, որ այս անգամ թռչնաբուծական մեր կազմակերպությունները հարգեցին նախապես տված իրենց խոստումըՙ ձուն այս վերջին օրերին չթանկացավ։ Սակայն չի կարելի նույնն ասել ձկան եւ կանաչուՙ Զատկվա ավանդական մյուս ուտելիքների վերաբերյալ։ Վաճառողներն ու վերավաճառողներն այս անգամ էլ օգտվեցին առիթից։ Ագահորեն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4