«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔՈՒՄՙ ԺԱՄԸ 17-ԻՑ ՀԵՏՈ

ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Պրյախինը երեկ, ընդդիմության ու հանրահավաքի մեծ բազմության կողմից ԱԺ շենքը շրջափակելու ընթացքում հանդիպեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։ Լրագրողներին նա տեղեկացրեց հանդիպման մանրամասների մասին. քննարկվել են կոնկրետ խնդիրներ հակակոռուպցիոն ռազմավարության, ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունների, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Կարեւորը, որ հայտնեց պրն Պրյախինը, ԱԺ պատգամավորներ Թաթուլ Մանասերյանի (հիշեցնենք, որ այս պատգամավորին նոր է հաջողվել դուրս պրծել ամերիկյան բանտից) եւ Վարդան Մկրտչյանի կալանման առթիվ ոստիկանապետին հղած զանգն էր, որից հետո վերջինս խոստացել է ազատ արձակել պատգամավորներին։

Հարցին, թե ինքը չի՞ վախենում այս պահին դուրս գալ ԱԺ շենքից, դեսպանը պատասխանեց. «Վախը վատ խորհրդական է, ռուսներն ասում ենՙ աչքերը վախենում են, իսկ ձեռքերն աշխատում, այնպես որ, պետք է աշխատել, եւ ամեն ինչ կարգին կլինի»։ Համենայն դեպս, ԵԱՀԿ դեսպանին հաջողվել էր անփորձանք լքել ԱԺ շենքը։ Այդ ընթացքում խորհրդարանը շրջապատված էր մահակներով, վահաններով, զրահավորված սեւ համազգեստավորներով, կազմ ու պատրաստ կանգնած էին ջրցան մեքենաները։ Հետաքրքրական է, որ շրջակայքի տների պատուհաններից մարդկային ոչ մի դեմք չէր երեւում։ Ասում են, որ բնակիչները զգուշացվել են այդ մասին։ Իսկ ԱԺ-ի հարեւան ամերիկյան դեսպանատան մեքենաների կայանատեղը վաղ առավոտից դատարկ էր։

Խորհրդարանում մնացած պատգամավորները, որոնց մեջ հիմնականում ՄԱԿ եւ «Ժողպատգամավոր» խմբակցությունների ներկայացուցիչներն էին, նստոտել էին շենքի բակում, ուղղակի գետնին փռած թաշկինակների վրա եւ հետեւում էին իրադարձությունների ընթացքին։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4