«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


«ԲՈԼՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

Հայտարարեցին ընդդիմության ներկայացուցիչները

«Շտապ անհրաժեշտությամբ պայմանավորված» երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել ընդդիմության երեք ներկայացուցիչներըՙ Վիկտոր Դալլաքյանը, Շավարշ Քոչարյանը եւ Արտակ Զեյնալյանը։ Առաջինը ելույթ ունենալով, Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ պատգամավորներ Վարդան Մկրտչյանը եւ Թաթուլ Մանասերյանը տարվել են համապատասխանաբար Շահումյանի եւ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժանմունքներ։ Մինչ այդ նրանք շրջում էին քաղաքում եւ հանդիպում բնակչության հետ։

Սահմանադրության հաջորդ հոդվածի խախտումը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, ժողովրդի ազատ տեղաշարժի սահմանափակումն է։ Ոստիկանությունը սեփական մեքենա ունեցողներին վախեցնում է, իսկ մյուսներին արգելում մայրաքաղաք մտնել։ Պատգամավորը նշեց, որ, օրինակ, Գառնիից ոտքով Երեւան եկող ժողովրդին կանգնեցրել են։

Ամփոփելով իր խոսքը, Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ գրանցվել է ապօրինի ձերբակալման, խուզարկության եւ բացատրական աշխատանք տանելու 254 դեպք, որից ձերբակալությունները կազմում են մի քանի տասնյակը։ Կիրառվում է նաեւ հանրահավաքից մարդկանց գողանալու մեթոդը։ Այս ամենը, պատգամավորի կարծիքով, ավելի է սրում լարված ներքաղաքական իրավիճակը, որի համար ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանությունների վրա։

Ի լրումն ասվածի, Շավարշ Քոչարյանը այն կարծիքը հայտնեց, որ այն ինչ կատարվում է, պետք է անվանել ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, որը հակասում է ինչպես սահմանադրությանը, այնպես էլ եվրոպական կոնվենցիային։ Խախտվում են այդ կոնվենցիայի առաջին 18 հոդվածներից 10-ը։ Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը պատանդ է վերցրել 16 տարեկան աղջկա, պահանջելով, որ նրա ծնողը ներկայանա ոստիկանություն։ Այս քայլերով Հայաստանն իրեն դուրս է դնում քաղաքակիրթ աշխարհից։

Արտակ Զեյնալյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանության պատանդը ընդդիմության ակտիվիստներից Գայանե Աշուղյանի աղջիկն էՙ Նունե Աշուղյանը։ Նա նշեց, որ անցյալ տարի նույնպես նման դեպք է արձանագրվել։ Այս բոլոր դեպքերի մասին տվյալները փոխանցվել են միջազգային կազմակերպություններին։ «Ինչպիսի՞ն է լինում վերջիններիս արձագանքը» հարցին Արտակ Զեյանլյանը պատասխանեց, որ նրանք ապշած են։ Ընդ որում չասվեց, թե կոնկրետ ովքեր։ Սակայն Շավարշ Քոչարյանը ավելացրեց, որ մարդու իրավունքների խախտումների մասին իրենք տեղեկացրել են Եվրոպայի խորհրդի եւ խորհրդարանական վեհաժողովի նախագահներին։ Նրա կարծիքով, փաստերը բավարար են, որպեսզի Եվրոպայի խորհուրդը քննարկի Հայաստանի հակաժողովրդավարական քաղաքականությունը։

Վիկտոր Դալլաքյանը մեկնաբանեց նաեւ կառավարող կոալիցիայիՙ Ազգային Ժողովի նիստին մասնակցելուց հրաժարվելու երեկվա գործողությունը, ասելով, որ կոալիցիան դրանով փաստորեն կրում է լարված իրավիճակի հետեւանքների պատասխանատվությունը։ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը կոալիցիայի երկխոսություն սկսելու առաջարկները համարեց բլեֆ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե «ինչ են անելու իրենց վերջնագրի ժամկետը լրանալուց հետո» (ապրիլի 12-ին ժամը 12-ին), Վիկտոր Դալլաքյանը, նշեց, որ իրենք ոչ թե վերջնագիր են ներկայացրել, այլ առաջարկ իշխող կոալիցիային։ Փոխարենը ստացել են բոյկոտ։ Պատգամավորը շեշտեց, որ իրենք բոլոր գործողություններն իրականացնելու են սահմանադրության շրջանակներում։ Նույնը նախատեսում են նաեւ դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ եւ եթե լինի բռնարարք, ապա դրա պատասխանատվությունը «կընկնի խունտայի վրա», եզրափակեց Վիկտոր Դալլաքյանը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, երեկվա բանախոսներից Վիկտոր Դալլաքյանը իրեն չէր զրկում լրատվամիջոցներից մեկին եւ այն ներկայացնող լրագրողին վիրավորելու գայթակղությունից, ինչն ամենեւին էլ չէր խոսում նրա ժողովրդավար լինելու մասին։ Ընդդիմության ներկայացուցիչներից նման «ժողովրդավարական» արտահայտություններ կատարելուց չի խուսափում նաեւ Արտաշես Գեղամյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4