«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


ԿՈԱԼԻՑԻԱՆ ԲՈՅԿՈՏԵՑ ԵՌՕՐՅԱՆ

Ներքաղաքական առճակատումը մեղմացնելու բացատրությամբ

Ապրիլի 12-ը նշանավորվեց ներքաղաքական գործողությունների սրընթաց շրջադարձով, ինչը մի քանի օր առաջ խոստանում էր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Զ. Սարգսյանը։ Սակայն դինամիկ գործընթացը նախաձեռնողն այս անգամ եղավ իշխանական կողմը, ինչին դրդեց ընդդիմությունն իր համառությամբ։

Ազգային ժողովի հերթական եռօրյան չկայացավ։ Բացելով նիստը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ խորհրդարանի կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները քաղաքական առճակատումների արհեստական սրումից խուսափելու համար նպատակահարմար չեն գտնում իրենց մասնակցությունը հերթական եռօրյային։ Հայտարարության պահին դահլիճում ընդամենը 15 պատգամավոր կար։ ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստի սկզբից 3 ժամվա ընթացքում եթե արձանագրվի անհրաժեշտ քանակի գրանցում, այսինքնՙ քվորում լինի, նիստը կկայանա։ Սակայն սկզբից եւեթ պարզ էր, որ նիստը չի կայանա, թերեւս նաեւ հաջորդ 2 օրերին։ Խորհրդարանում մնացին մոտ 2 տասնյակ պատգամավորներն ու լրագրողները, իսկ ոստիկաններն այդ ընթացքում սկսեցին մանրամասն ստուգել ԱԺ բոլոր սենյակները։

Հիշեցնենք, երեկ սպասվում էր, որ տեղի տալով ընդդիմության պահանջին օրակարգ պիտի մտցվեր հանրաքվեի օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Այնուամենայնիվ, եռօրյան բոյկոտելու այս ակցիան ինչո՞վ է մեղմելու հնարավոր սրացումները։ «Ազգի» այս հարցին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, վերջին 2 օրերի դեպքերն ապացուցեցին, որ ընդդիմությունը մտադիր չէ արձագանքել քաղաքական եւ տնտեսական կյանքում լուրջ առաջընթաց կազմակերպելու մեր հորդորներին եւ մնաց իր մաքսիմալիստական դիրքերի վրա։ Մենք լրջորեն մտահոգված ենք, որ այս պահին իսկապես կարող են գնալ ծայրահեղական քայլերի։ Նաեւ ունենալով որոշ տեղեկություններ, որ մեր կողմնակիցները մտադիր են պաշտպանել ԱԺ-ն, եթե արշավ կազմակերպվի շենքի վրա, չենք բացառում բախումներ, առճակատման խորացում։ Եվ մենք նպատակահարմար գտանք չմասնակցել այս եռօրյային»։ Փոխնախագահի հավաստմամբ, եռօրյայի բոյկոտն ամենեւին կապված չէ հանրաքվեի օրենքի նախագիծն օրակարգ մտցնելուց կոալիցիայի հրաժարվելու հետ։ Կոալիցիան վերահաստատում է իր դիրքորոշումըՙ դեմ են հարցը դնել պառլամենտում, բայց պատրաստ են ընդդիմության հետ կլոր սեղանի շուրջ քննարկել հանրաքվեի օրինականության խնդիրը։ Կոալիցիան դեռեւս բաց է պահում բանակցությունների ու երկխոսության դուռը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս կոալիցիայի նման որոշումը բացատրեց առճակատումը բացառելու մտադրությամբ։ «Կարծում եմ, որ այսօր ընդդիմությունը կարող է ծայրահեղ մեթոդների դիմել. շատ հնարավոր է, որ ընդդիմությունն ուզում է ժողովրդի ճնշման տակ իրականացնել իր այն առաջարկությունը, որը մենք բազմիցս մերժել ենք։ Եթե ԱԺ շենքի մոտ ընդդիմության համակիրները հավաքվեն, բնականաբար, կհավաքվեն նաեւ իշխանության համակիրները, եւ ժողովրդի մեջ երկփեղկվածություն կառաջանա։ Եվ դա լավ վախճան չի ունենա»։ Հնարավո՞ր է, որ այս ընթացքում, երբ կոալիցիան բոյկոտել է եռօրյան (խմբակցության ներկայացուցիչներից ոչ ոք, այնուամենայնիվ, չհամաձայնեց այս բնորոշմանը), գլխավոր դատախազի կողմից ԱԺ միջնորդությամբ մտնելու անհրաժեշտություն առաջանա։ Եվ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, ե՛ւ Գալուստ Սահակյանը հավատացրին, որ ընդդիմության ղեկավարներից ոմանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն գործը չի հասնի, դա անցանկալի գործողություն կլինի, բայց, ըստ Վ. Հովհաննիսյանի, «կարող են մի օր դա էլ նպատակահարմար գտնել»։ Իսկ Գալուստ Սահակյանը կարծում է, որ նման ձեռնարկը կարող է ավելի սրել իրավիճակը, իսկ իրենք տրամադրված ենՙ «խուսափել լարվածություն առաջացնող ցանկացած իրադարձությունից»։

«Ազգի» հիշեցմանը, թե ձերբակալությունների եւ մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքի խափանման պայմաններում ընդդիմությունն անհնար է համարում երկխոսությունը կոալիցիայի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բազմաթիվ բաներ են ասում, մենք չենք պատրաստվում ամեն ինչի պատասխան տալ։ Մենք մտածում ենք մեր հայրենակիցների եւ ժողովրդի մասին։ Մենք այսօր չենք մտածում մեթոդների մասին, ինչպիսի մեթոդ էլ ընտրվի, նպատակը երկրի հետագա կայուն վիճակը պահպանելն է»։ Գ. Սահակյանը նաեւ հայտարարեց, որ առ այսօր «բռնի ձերբակալությունների որեւէ դեպք չի արձանագրվել»։ Եթե որեւէ մեկը որեւէ փաստ կասի, իրենք պատրաստ են քննարկել եւ դա։

Կոալիցիան իր գործողությունների մասին տեղեկացրել է ե՛ւ «ՄԱԿ», ե՛ւ «Ժողպատգամավոր» խմբակցություններինՙ իրենց միանալու կամ չմիանալու որոշումը թողնելով նրանց հայեցողությանը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4