Վարդան Օսկանյանն Իրանում հայտարարեց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կայուն է
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ Թեհրանի «Մենհրաբադ» օդանավակայանում հայտարարեց, որ «Ղարաբաղի հարցում անորոշ փուլում ենք»։ Իրանի պետհեռուստատեսությանը տված հարցազրույցում Օսկանյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն ղարաբաղյան կարգավորման հարցում հստակ դիրքորոշում չի արտահայտել։ «Ապրիլի 16-ին Պրահայում հանդիպելու եմ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ։ Հուսով ենք, որ այդ հանդիպումից հետո Բաքուն հստակություն կմտցնի», ասաց Օսկանյանը։
Իրանցի լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Երեւանն ամերիկյան «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի վերաբերյալ։ Օսկանյանը նշեց. «Մենք մանրամասնորեն չենք տիրապետում այդ ծրագրին, իմացել ենք մամուլից, մեզ հետ այդ կապակցությամբ քննարկումներ չեն եղել»։
Երեկ երեկոյան Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում, թեմական խորհրդի հետ հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ «Երկրում ներքաղաքական իրավիճակը կայուն է, շատ կարճ ժամանակում կարող ենք հաղթահարել (ստեղծված վիճակը)։ Իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ նստել սեղանի շուրջ առանց նախապայմանների։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն անկայունության տպավորություն է թողնում, բայց իրականում կայուն է», ասաց Օսկանյանը։
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ «Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունն սկսելուն գործնական առումով շատ մոտ ենք»։ Թեհրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գազատարի շինարարության հարցը լուծված է։ Դեսպանի խոսքերովՙ առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նավթի նախարարը, կստորագրվի վերջնական փաստաթուղթը եւ կսկսվի 141 կմ երկարությամբ գազամուղի շինարարությունը։ Ղարիբջանյանն ասաց, որ այս տարի կսկսվի նաեւ Քաջարանի թունելի շինարարությունը։
Պաշտոնական այցով Թեհրան ժամանած ՀՀ արտգործնախարար Օսկանյանն այսօր կհանդիպի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանիի, արտգործնախարար Քամալ Խարազիի եւ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռենզա Արեֆի հետ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան