Մկրտիչ Ավետիսյանի ծննդյան 140-ամյակի առթիվ
Վան-Վասպուրականի նշանավոր զավակներից մեկըՙ Մկրտիչ Ավետիսյանը (ավազանի անունովՙ Մկրտիչ Թերզիբաշյանը ծնվել է 1864 թ. ապրիլի 12-ին, Վանի Այգեստանում, մեծահարուստ Ավետիս Թերզիբաշյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է թաղի ծխական դպրոցում, 1881-իցՙ Հայկազյան վարժարանում, ավարտել է Կենտրոնական վարժարանը, որի վարիչն էր նշանավոր մտավորական-հեղափոխական Մկրտիչ Փորթուգալյանը։ Պատանի Ավետիսյանը նրանից է առել հեղափոխական գործչի դասեր, աչքի է ընկել իր բացառիկ ընդունակություններով, աշխատասիրությամբ, ուղղամտությամբ, հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու հավատամքով։
Կենտրոնական վարժարանն ավարտելուց հետո արժանանում է Մ. Փորթուգալյանի ջանքերով բացված կիրակնօրյա դպրոցի ուսուցչի պաշտոնին։ Երիտասարդ մանկավարժն իր սաներին դաստիարակում է բարեկրթության, ընկերասիրության, հեղափոխական-ազատական գաղափարներով։
Երբ 1885-ին թուրքական վարչակարգի կարգադրությամբ հեղափոխական գործունեություն ծավալելու մեղադրանքով Վանից վտարվում են Մկրտիչ Փորթուգալյանը եւ Վարագա վանքի դպրանոցի հիմնադիր Մկրտիչ Խրիմյանը (հետագայումՙ Ամենայն հայոց կաթողիկոս), Մկրտիչ Ավետիսյանի ջանքերով, հենվելով Փորթուգալյանի հիմնադրած «Գործնական միության» գաղափարների վրա, հիմնադրվում է Արմենական կուսակցությունը։ Սկզբում դրան են հարում Փորթուգալյանի դպրոցի 12 շրջանավարտներ, նրանց թվումՙ իր եղբայր Գրիգորիսը, Աղասի Խանջյանի հայր Ղեւոնդը, Գուրգեն Մահարու հայր Գրիգոր Աճեմյանը։ Նորաստեղծ կուսակցության անդամների համար գաղտնի հավաքատեղի-ակումբն էր Մկրտիչ Թերզիբաշյանի այգու հնձանը, որը «խորի տուն» անվամբ էր նշվել։
Ակումբի անդամները սկզբնական շրջանում ծավալել են կրթական, ազգային-մշակութային հարցերին ի նպաստ գործունեություն։ Վերաբացվել է Մ. Փորթուգալյանի հիմնադրած կիրակնօրյա դպրոցը, ջանքեր են գործադրել համախմբելու Վանի թաղերի հայ երիտասարդներին ու Պարսկաստանի վրայով գաղտնի հարաբերություններ են հաստատել արտասահմանի հետՙ ստանալու համար արգելված թերթեր, Րաֆֆու, Ծերենցի, Պռոշյանի վեպերը, Գամառ Քաթիպայի, Մ. Նալբանդյանի եւ այլոց ոգեշունչ երգերն ու բանաստեղծությունները, բուլղարական հեղափոխության կյանքը պատկերող գրականությունը, այդ թվումՙ «Լուսադեմին» նշանավոր վեպը։
Մ. Փորթուգալյանի սաների հայրենասիրական գործունեությունը հետագայում ստացավ հեղափոխական ընթացք, ու Արմենական կուսակցությունը դարձավ Վանի հեղափոխական շարժման ոգեշնչողն ու ղեկավարը։
Մկրտիչ Ավետիսյանը կարեւորություն տալով զենքին, նախապես զբաղվեց քիմիական ֆորմուլաներ ուսումնասիրելով, որպեսզի ապագա ապստամբությունն ապահովի ռումբերով ու ուժանակներով։
Առաջին արյունահեղությունը եղավ 1886-ին, երբ թուրքերը ջանում են կեղծել Վանի Հանկույսներ եւ Նորաշեն թաղերում տեղի ունեցած ընտրությունները։ Մկրտիչ Ավետիսյանն իր խմբով կռվի է բռնվում թուրք ոստիկանների հետ, քվեատուփը ջարդուփշուր է արվում։ Քվեարկությունը խափանվում է։
Ոստիկանության կողմից հետապնդվելով, Մկրտիչ Ավետիսյանն ստիպված գաղտնի Պարսկաստան է փոխադրվում, ուր Սալմաստ նահանգի հայկական գյուղերում զբաղվում Է դպրոցներ բացելով։ Այնտեղից Մկրտիչ Ավետիսյանը նոր էր փոխադրվել Պոլիս, երբ 1888-ինՙ ի թիվս մի քանի հայ մտավորականների, ձերբակալվում է։ Աքսորավայրից փախուստի փորձերից երկրորդն է հաջողվում, ու կարողանում է հասնել Մարսել։ Առժամանակ այնտեղ մնալով, աշխատակցում է Մարսելում Մ. Փորթուգալյանի խմբագրությամբ լույս տեսնող «Արմենիա» թերթին։ Լոնդոն փոխադրվելով, աջակցում է այնտեղ 1885-ին հիմնադրված հայկական հայրենասիրական ընկերությանը։ Որպես դրա ներկայացուցիչ, ուղեւորություններ է կատարում դեպի Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներ, ապաՙ Ամերիկա, Նյու Յորքում հիմնադրում է ամերիկահայ գրադարանը։
1893-ին ժամանելով Վիեննա եւ մաս կազմելով Մկրտիչ Խրիմյանի շքախմբին, միասին ժամանում են Էջմիածին, ուր մասնակցում է իր հայրենակից-գաղափարակցի կաթողիկոսական օծման արարողությանը։
Նույն թվականին փոխադրվելով Պարսկաստանի Սալմաստ քաղաք, զբաղվում է կուսակցական եւ կրթական գործունեությամբ, որպես տեսուչ գործելով Սալմաստի, Խոյի, Ուռմիի եւ Դավրեժի հայկական դպրոցներում, արժեքավոր նորամուծումներ կատարելով կրթական գործում։ Զուգահեռաբար մասնակցում է հայկական գյուղերը հարստահարիչ Գավա բեյի «հովանավորությունից» ազատագրելու գործին։
Ժամանելով Էջմիածինՙ «Արմենիա» թերթի թղթակցի անվան տակ, մաս է կազմում Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի Սանկտ Պետերբուրգ մեկնող շքախմբին։
1895-ի աշնանը Մկրտիչ Ավետիսյանը մի խումբ գաղափարակիցների հետ Սալմաստից Վան է փոխադրվում։ Այստեղ նա վերսկսում է իր ընդհատված հեղափոխական գործունեությունը, զբաղվում Պարսկաստանից զենք բերելու համար անհրաժեշտ գումարների հավաքմամբ, հավաքում է մարտիկների, նշանակում նրանց հրամանատարներ, կազմակերպում ռազմական ուսուցում, իսկ Վարագավանքի լեռներումՙ հրաձգության վարժություններ։
Այսպիսի նախապատրաստումը լիովին արդարացավ, երբ թուրք սպայի սպանության անհիմն մեղադրանքով 1896-ի հունիսի 3-ին Վանի թրքախառն Հայկավանք եւ Կլոր Դար թաղերում հայերի տները կրակի մատնվեցին, իսկ հայերը դարձան թուրք, արյունռուշտ խուժանի զոհը։
Ավետիսյանի ղեկավարությամբ Այգեստանում դիրքեր ստեղծվեցին, դիրքապետներ նշանակվեցին ու ինքնապաշտպանության նախապատրաստվեցին։ Առաջին իսկ ճակատամարտն ավարտվեց հաղթանակով, քուրդ խուժանից շատերն սպանվեցին, մնացածները փախուստի դիմեցին։ Դրանից հետո, վեց օր շարունակ Մկրտիչ Ավետիսյանն ու իր քաջամարտիկներն Այգեստանում եղան տիրող, մտահոգություն պատճառելով Վանի կուսակալ (ծագումով հայ, սակայնՙ թուրքացած) Սադդեդին փաշային, որը որակված էր որպես հայակեր, գավառները հիմնահատակ կործանող եւ շուրջ 20.000 վասպուրականցիներ կոտորող անգութ մի գազան։
Ներկա հոդվածի սուղ ծավալը հնարավորություն չի տալիս հանգամանորեն անդրադառնալ Մկրտիչ Ավետիսյանի ընդհանուր ղեկավարությամբ Վանում տեղի ունեցած վեցօրյա ինքնապաշտպանության կռիվներին, երբ հայերը Այգեստանի թաղերի տերն ու տնօրենն էին։
Նույն այդ ժամանակամիջոցում արգահատելի դերում գտնվեցին Վանի օտարերկրյա հյուպատոսարանները։ Փոխանակ նպաստելու, որ թուրքերը դադարեցնեն իրենց ջարդարարությունները, հանդես եկան հայերին խրատելով, որպեսզի հանձնվեն, իսկ անգլիական հյուպատոսարանի գործիչներից մեկը, մասնագիտությամբ թնդանոթաձիգ, ծառայեց թուրքերինՙ ռմբակոծելով Այգեստանի թաղերը։
Ի վերջո, Վանի կուսակալ, երիցս նզովյալ Սադդեդին փաշան պայման դրեցՙ կամ 60 զինյալ հանձնվեն, որպեսզի նրանց դատաստանն ինքը տնօրինի, կամ Վանից հե-ռանան։
Մկրտիչ Ավետիսյանի գլխավորած ինքնապաշտպանական խոր-հրդի որոշմամբ հավանության արժանացավ երկրորդը, որով ինքնապաշտպանական կռիվները դադարեցին հունիսի 8-ին։
Հազարի չափ զինյալ ու անզեն վանեցիներ սկզբում հանգրվանեցին Վարագավանքում, նախապատրաստվելու համար Պարսկաստան գաղթելու։ Հնարավորին չափ ապահով համարվեց շարժվել Աղբակ-Բաշկալե ճանապարհով։ Ընթացքում թափորը ենթարկվեց փոքր ու մեծ քրդական հրոսակախմբերի հարձակումներին։ Թեեւ նրանք պարտվելով փախուստի ենթարկվեցին, սակայն հայերից նույնպես զոհեր եղան։ Հուսահատության մթնոլորտի ազդեցությամբ մի մեծ խումբ, թափորի համարյա մեկ երրորդը, որոշեց Վան վերադառնալ ու միանալ ընտանիքներին, ինչը կատարվեց գիշերով։ Նրանց օրինակին հետեւելով եւս մեկ, այս անգամ ավելի փոքր խումբ անջատվեց։ Մնացածներն ապավինեցին իրենց ճակատագրին, որը ողբերգական ավարտ ունեցավ։ Պարսկաստանի սահմանին մոտ գտնվող Սուրբ Բարդուղիմեոս վանքի մոտՙ Փասենդաշտ կոչվող մի ընդարձակ տարածքում, գաղթողները թուրքական կանոնավոր զորքի ու քուրդ հրոսակախմբերի միացյալ զինուժի հարձակման ենթարկվեցին։ Տեղի ունեցավ անհավասար մի ճակատամարտ, որը ղեկավարում էր սպիտակ ձի հեծած Մկրտիչ Ավետիսյանը. կրակեցին մինչեւ վերջին փամփուշտը, շատերը զոհվեցին, նրանց թվումՙ ղեկավարը։ Միայն մի փոքր խմբի հաջողվեց մազապուրծ հասնել Սալմաստ։
Այսպիսի ողբերգական վախճան ունեցավ Արմենական (հետագայումՙ Ռամկավար Ազատական անուն ստացած) կուսակցության հիմնադիր, մտավորական, հեղափոխական, իր հարազատ ժողովրդի նվիրյալ զավակ Մկրտիչ Ավետիսյան-Թերզիբաշյանը։
Բարին իր հիշատակին։
ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳԱԱ ակադեմիկոս, Ծաղկաքաղ Երվանդ Տեր-Մինասյանի, «Վասպուրականի գանձեր» գրքից, Բոստոն, 1965, էջ 454-493