Մանկական արվեստի միջազգային մրցույթ-ցուցահանդեսներում առաջին անգամ չէ, որ ցուցադրվում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայորդաց տների նկարչության դասարանների սաների աշխատանքներըՙ ամեն անգամ արժանանալով ուշադրության ու գնահատանքի։ Անցած տարիների հաջողություններին գումարվեցին այս տարվա հաղթանակները եւս։ Թեհրանում բացված մանկական արվեստի երրորդ միջազգային ցուցահանդեսում եւ Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած «Միշտ կանաչ, միշտ կապույտ» խորագրով մրցույթ-փառատոնում Հայորդաց տների սաների ներկայացրած աշխատանքներից շատերը կրկին արժանացան առաջին եւ երկրորդ մրցանակների, դիպլոմների եւ շնորհակալագրերի։
Առաջին ուրախալի լուրը Լեհաստանից էր։ Նորքի Հայորդաց տան սաներ Անի Իսրայելյանը, Գայանե Մուրադյանը եւ Լուսինե Ներսիսյանը շնորհակալագրեր ու դիպլոմներ ստացան մասնակցության համար։ Այս առթիվ երեխաներին եւ նրանց մանկավարժներին շնորհավորեց նաեւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թ. Պողոսյանը։
Թեհրանից ստացված լուրն ավելի ոգեւորող էրՙ 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալների արժանացան պատանի նկարիչները։ Այս ցուցահանդեսում 28 երկրներից 15 հազար մասնակից ներկայացրել էր 622 աշխատանք, եւ հաճելի է, որ մրցանակ ստացած փոքրամասնության մեջ 5-ը Հայորդաց տների սաներ են։ Հաղթանակը խոսում է ուսուցման բարձր մակարդակի եւ որակի մասին։ Մալաթիայի նկարչության դասարանի սան Եվգենիա Պետրոսյանի ստացած ոսկե մեդալը միջազգային կարգի մրցույթում առաջին հաղթանակն էր։ Արծաթե մեդալների արժանացան Անի Աբրահամյանի, Արմինե Ղազարյանի աշխատանքները։ Էդգար Բեգլարյանը եւ Լուսինե Ներսիսյանը բրոնզե մեդալներ ստացան։
Թեհրանի միջազգային մրցույթում խրախուսվեցին նաեւ Մանե Զայիմցյանի, Լուսինե Հարությունյանի, Մարիամ Մուրադյանի եւ Մալաթիայի ՀՏ սաներ Աննա Զաքոյանի, Էլեն Սարգսյանի եւ Վարուժան Գալտակյանի աշխատանքները։
ՄԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ