«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


ՎԱՀԱՆ ՋՈՒՀԱՐՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Շվեդիայի Խապարանդա քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության պարգեւները վիճարկող մարզիկները։ Քաշային 7 կարգերում հայտնի դարձան Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները։ Ուրախությամբ պետք է արձանագրել, որ նրանց թվում է Հայաստանի պատվիրակ Վահան Ջուհարյանը։ 1997թ. Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն ու 1998 թ. աշխարհի մեծահասակների արծաթե մրցանակակիրը գերազանց ելույթներ ունեցավ 60 կգ քաշային ըմբիշների մրցավեճումՙ կանգնելով պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը պարտության մատնեց Սերբիան եւ Չեռնոգորիան ներկայացնող Դավոր Ստեֆանեկին։

Հայաստանից Եվրոպայի առաջնության պարգեւները վիճարկում էր վեց ըմբիշ։ Ջուհարյանից բացի կարելի է առանձնացնել նաեւ էջմիածինցի Ժորա Վարդանյանին, որը քաշային իր կարգում զբաղեցրեց 5¬6-րդ տեղերը։ Հարկ է նշել, որ շատ ըմբիշներ, որոնք արդեն օլիմպիական ուղեգիր էին նվաճել (այս մրցաշարը վարկանիշային չէր), չմասնակցեցին առաջնությանը։ Օրինակ, 60 կգ քաշային կարգում բացակայում էր օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որն այժմ հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Սակայն այս ամենը բնավ էլ չի նսեմացնում Ջուհարյանի փառահեղ հաղթանակը։

Շվեդիայում եւս մեկ հայ ըմբիշ արժանացավ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։ Մինչեւ 66 կգ քաշային կարգում Ուկրաինան ներկայացնող Արմեն Վարդանյանը նվաճեց չեմպիոնի ոսկե մեդալը։ Իսկ Հունաստանի դրոշի ներքո հանդես եկած Արտյոմ Կյուրեղյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։ Քաշային մյուս կարգերում ուժեղագույն հռչակվեցին Բայրամ Օզդերիմը (55 կգ, Թուրքիա), Միխայիլ Իվանչենկոն (74 կգ, Ռուսաստան), Նազիմ Ավլուխան (84 կգ, Թուրքիա), Մարտին Լիդբերգը (96 կգ, Շվեդիա), Յուրի Պատրիկեեւը (120 կգ, Ռուսաստան)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4