«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2004-04-09 | #64, 2004-04-10 | #65, 2004-04-13


ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱԴԵՊ

Ներքաղաքական լարվածության թոհուբոհի մեջ մի տեսակ աննկատ մնաց քաղաքաշինության նախարար Արա Արամյանի հրաժարականը։ Մինչդեռ այս իրադարձությունը, ուզենք թե չուզենք, աննախադեպ էր Հայաստանի անկախության 13 տարիների համար։ Առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյանՙ նախարարը հրաժարական է տալիս վարկաբեկիչ փաստերի պատճառով։ Ճիշտ է, տվյալ դեպքում խոսքը ոչ թե անմիջականորեն իր, այլ իր որդու «հերոսությունների» մասին է, որը հիշեցնենք, հրազեն է օգտագործել «Տրիումֆ» սրճարանում։ Կան վիրավորվածներ, իսկ նա ձերբակալված է ապօրինի հրազեն կրելու եւ սպանության փորձ կատարելու մեղադրանքներով։

Առայժմ անհայտ է, Արա Արամյանն իր կամքո՞վ է հրաժարական տվել, թե նրան պարտադրել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որի գլխավորած «Օրինաց երկիրն» էր ներկայացնում քաղաքաշինության նախարարը։ Սակայն ցանկացած պարագայում, լինի դա նախագահիՙ զուտ իր հեղինակության բարձրացմանն ուղղված քայլ, թե «Օրինաց երկրի» պոպուլիստական գործելակերպի շարունակություն, արձանագրված փաստը կարելի է դրական համարել։ Այսինքն, իշխանավորների կամ նրանց հարազատների սանձարձակ պահվածքի մասին դժգոհությունները, վերջապես, թեկուզ չնչին, բայց որոշակի ազդեցություն գործեցին։ Հիշեցնենք, որ ներկա եւ հատկապես նախորդ իշխանություններին վերագրվող բազմաթիվ վարկաբեկիչ փաստեր մնացին անհետեւանք եւ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականիՙ կամավոր կամ պարտադրանքով, ականատես չեղանք։ Իհարկե, սա առաջին դեպքն է եւ խոսք անգամ չի կարող լինել ձեւավորված ժողովրդավարական ավանդույթների մասին, մանավանդ որ այլ դեպքերում այդ ժողովրդավարությունը կոպտորեն ոտնահարվում է։ Խոսքը ոչ միայն այս օրերին, այլեւ ոստիկանության կողմից շարքային քաղաքացիների իրավունքների մշտական ոտնահարման մասին է։ Ինչեւէ։ Հուսով ենք, որ քաղաքաշինության նախարարի հրաժարականը չի դառնա բացառություն մինչ օրս ձգվող օրինաչափությունների շղթայում, իսկ հասարակական կարծիքն ավելի ազդեցիկ եւ որոշիչ կլինի տարբեր տրամաչափի պաշտոնյաների պաշտոնավարման նպատակահարմարության համար։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4