«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

«Ազգը» երեկվա համարում մանրամասն տեղեկացրել էր խաղաղ միտինգավորների երթի, ելույթների, երգ ու պարի մասին մինչեւ կեսգիշեր։ Սակայն ապրիլի 13-ին, 00.15-ին սկսվեց առաջին տհաճ քայլըՙ անջատվեց Բաղրամյան փողոցի լուսավորությունը։ Ցուցարարները չընկճվեցին ու շարունակվեցին ելույթները, որոնցով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւ կոալիցիային հրավիրում էին երկխոսության։ Խաղաղ տոնախմբությունը շարունակվում էր մինչեւ 2.05-ը, երբ առաջին փշալարերը բացվեցին, զինվորներն ու երկու ջրցան մեքենաները շարժվեցին առաջ մինչեւ երկրորդ փշալարերով պատնեշը, որից այն կողմ ցուցարարներն էին եւ ելույթ էր ունենում ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը։ Նա նշում էր. «Ռ. Քոչարյանի հեռացումը ժողովրդի պահանջն է, թող դուրս գա ու ժողովրդի հետ հանդիպի, այլ ոչ թե զորքով ու փշալարերով նրանից անջատվի»։ Ցուցարարներից շատերը լավ հարմարվել ու նստել կամ պառկել էին գետնին, ոմանք քնած էին, մյուսները լուռ լսում էին, եւ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում որեւէ վատ արարք, կարծում էին, թե ի վերջո կոչերը տեղ կհասնեն։ Հանկարծ ժողովրդի կողմը շպրտված ինչ-որ բան պայթեց մեծ աղմուկով ու ծուխը պատեց։ Հենց այդ պահին էլ փշալարը հանվեց մթության մեջ ու ջրցան մեքենաներն ուժեղ ջրի շիթով շարժվեցին առաջ։ Շ. Քոչարյանն ամբողջովին թրջված դեռ ելույթ էր ունենում ու դիմում ժողովրդին, որ սադրանքների չգնան, ոչ ոք ձեռք չի բարձրացնի խաղաղ ցուցարարների վրա։ Սակայն, ավաղ, այդպես չեղավ, միանգամից մի քանի հարյուր զինվորներ զինված մահակներով, վահաններով ԱԺ անցագրային բաժնից դուրս եկան ու միացան հատուկ նշանակության գնդի զինվորներին, եւ աջ ու ձախ սկսվեց ծեծն ու ջարդը։ Ցուցարարները փոխադարձեցին ջրի պլաստմասսայե շշերով, դրոշների ձողերով։ Կրկին 7 պայթյուն եղավ ու ծուխը ծածկեց շրջապատը։ Ռետինե մահակներով եւ ոտքերով զինվորները հարվածում էին աջ ու ձախ, չխնայելով կնոջ, երեխայի, ծեր թե հիվանդի կամ ծառին հենված քնածին... Պուշկինի այգում ծառերից ու թփերից շատ զինված զինվորներ կային, որոնց 44 «ՊԱԶ» ավտոբուսներով բերել էին դեռ կեսօրին։

Մի խումբ զինված դիմակավորներ Շ. Քոչարյանին բռնի մտցրին մեքենան եւ նրա հետ էլ մի տղամարդու, որը փորձում էր ասել, թե Քոչարյանը պատգամավոր է, սակայն, երբ գլխին 3¬4 հարված ստացավ ու արյունը հոսեց, նրան էլ խցկեցին ԱԺ-ի բակում կանգնած մեքենան... Միեւնույն ժամանակ Բաղրամյան փողոց դուրս եկող բոլոր փողոցներից եւ Սահմանադրական դատարանից արագ վազքով դեպի ժողովուրդը շարժվեցին մահակավոր ոստիկաններ ու զինվորներ, խաղաղ ցուցարարներին օղակի մեջ առնելով սկսվեց, ինչպես ժողովուրդն է ասում, «տո՛ւր թե կտա՛ս»... Մարդիկ խուճապահար, հանկարծակիի եկած փախչում էին ու պատսպարվում որտեղ կարող էին։ Շատերին ապաստան ու բուժօգնություն ցույց տվեցին մոտակա շենքերում ապրողները։ Իսկ մարդկանց բղավոցները, վայնասունները, տնքոցներն ու օգնության կանչերը դեռ երկար կզնգան ներկաների ականջներում։

Այդ ամենին զուգահեռ ոստիկանական տարբեր խմբեր էին ուղարկել «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» եւ ՀԺԿ գրասենյակներ, որ ջարդուփշուր էին արվել ինչ ձեռքների տակ էր ընկել ու կալանավորել պատգամավորներ Ալեքսան Կարապետյանին, Վարդան Մկրտչյանին (որին ընդամենը մի քանի ժամ առաջ էին բաց թողել) եւ այդ պահին գրասենյակներում եղած մոտ 30 մարդու։ Ոստիկանները նաեւ կոտրել էին ՀԺԿ գրասենյակի բակում կանգնած ջիպ մեքենաները, ինչի մասին Ստեփան Դեմիրճյանն իր հրավիրած ասուլիսում նշեց. «Ոստիկանության պոգրոմից տուժեց նաեւ «Կարեն Դեմիրճյան» թանգարանի գույքը։ Մի քանի 100 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն վախենալով հետապնդումներից բուժվում են տներում»։ Ծանր վիճակում են ակադեմիկոս Ղազարյանի որդին, «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանը, որոնք գտնվում են վերակենդանացման բաժնում։ Տուժել են նաեւ մի քանի լրագրողներ եւ օպերատոր։

Արդեն երկրորդ անգամ կալանավորված եւ ազատ արձակված պատգամավոր Վարդան Մկրտչյանը պատմեց, որ առավոտյան ժամը 5-ին իրեն է մոտենում Կենտրոնի ոստիկանության պետ Հովհաննես Թամամյանը եւ մյուս 12 ՀԺԿ անդամներին, նաեւ իր կնոջն ու անչափահաս տղային (որոնք դեռ չիմանալով, որ Վ. Մկրտչյանին ազատել են, եկել էին գրասենյակՙ տեղեկություն ստանալու) ծեծում են եւ տանում Արաբկիրի ոստիկանություն։ Պրն Մկրտչյանի սրտի նոպայի պատճառով շտապօգնություն են կանչում, օգնություն ցույց տալիս ու նոր միայն ազատում, իսկ մյուսներին տեղափոխում են Արաբկիրի դատախազություն։

Ինքս դիմեցի հավաքված մի քանի բարձրաստիճան ոստիկաններիՙ մեկնաբանելու կատարվածը, եւ ահա թե ինչ պատասխանեցին նրանք հեգնելով. «Բա ինչ էիք ուզում, մենք էլ ձվերը ներկեցինք, բայց արյան գույնով, ոնց որ Զատիկի ձվերը Քրիստոսի արյամբ։ Դե հանգստացեք»։

Իսկ ՀՀ ոստիկանության տրամադրած 1,5 էջանոց հաղորդագրությունում ահա թե ինչպես էին պարզաբանում վերեւում նկարագրվածը. «Ստեղծված իրավիճակի վտանգավորությունից ու կատարվող իրավախախտումների բնույթից ելնելով, ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն եւ դիմադրություն ցուցաբերելու պատճառով, ինչպես նաեւ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակովՙ ոստիկանության աշխատակիցները «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով հարկադրված էին ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել օրինախախտողների նկատմամբ։ Բախման հետեւանքով ոստիկանության մի շարք աշխատակիցներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, կան հոսպիտալացվածներ (մթության մեջ ոչ ոք ոչ մեկին չէր տարբերում, ուստի, հնարավոր է նաեւ, որ ոստիկանները մահակներով իրենք իրենց էլ են հարվածել-Մ. Մ.)։ ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է եւ արվում է ամեն ինչ, հակաիրավական եւ հակահասարակական գործողությունները բացառելու համար»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4