«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Ընտրությունից ընտրություն ժողովրդին առատ խոստումներ բաժանող, ապա եւ դրանք արագորեն մոռացող իշխանությունները միայն վճռական պահերին են իրենց տաքուկ գայթակղությունների թմբիրից դուրս գալու փորձեր անում։

Ինչպիսի կերպարանքներ ու ձեւեր են սովորաբար առնում նման փորձերը։ Ասենքՙ բաց դռների օր պոլիկլինիկաներում, ավտոբուսներով անվճար տեղափոխություններ գերեզմանոցներ (մեռելոցի օրը, որն, անշուշտ, խրախուսելի է)։ Չմոռանանք ամենակարեւոր եւ արդեն 7-8 տարի պարբերաբար կրկնվող երեւույթներից մեկը։ Ի՞նչ է անում հասարակության առաջատար թեւըՙ մտավորականությունը, որի ճիշտ կեցվածքն առհասարակ մեր ընթացիկ իրականության համար է էականորեն շահեկան։ Այս ասպարեզում արձանագրվում է ամենատխուր ու հիասթափեցնող փաստը, այն էՙ իշխանությունների կողմից կիրառվող մի մեթոդ, երբ օգտագործվում են հասարակության մեջ որոշակի հեղինակություններ ունեցող մտավորական անուններ։ (Անշուշտ, «սկզբունքային» ընտրություն է կատարվում. եւ հասարակությանը հեռուստատեսությամբ ներկայացվում են բացառապես այն մտավորականները, որոնց տեսակետները կամ նկարագիրը իրենց արդեն հայտնի են եւՙ «շահեկան»)։ Նրանք ռեզերվային կամ «ոսկի ֆոնդի» մտավորականներն են, որպես կանոն, սոցիալապես անհամեմատ ապահով շերտից, որոնք նման պահերին, թող ներվի ասելու, բայց թույլ են տալիս իրենց հեղինակությունն օգտագործել։ Բացասական մի երեւույթ, որ վնասում է եւ տվյալ անհատին եւ, ինչու չէ, գուցե վատ ազդեցություն ունենում նրա հետագա ստեղծագործության վրա։ Տարիներ առաջ, ցավոք, ականատես եղանք նման «պատահարների»։ Այս սովետական պրակտիկան կամ մեթոդը շարունակվում է ցայսօրՙ սովորաբար ընտրությունից ընտրություն կամ այսպիսի ըմբոստությունների ժամանակ, լարված իրավիճակներում։ Ժամանակն է ըմբռնել, որ այս մեթոդն իրեն սպառել է արդեն, որովհետեւ յուրաքանչյուր նման «պատահարի» դեպքում, ցավոք, հեղինակազրկվում է դարձյալ մեկ անուն։ (Իսկ ժողովուրդն ասում էՙ «մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»)։ Դրա լավագույն օրինակն անցած նախագահական ընտրություններն էին, երբ մի շարք հարգելի գրողների, երգիչների, ռեժիսորների թվաց, թե իրենք կարեւոր առաքելություն են անումՙ նախագահի թեկնածությունը սրտաշարժ խոսքերով պաշտպանելով։ Առավելապես հեղինակազրկվում են քաղաքական պատվերով արված ստեղծագործությունների հեղինակները (անցած նախագահականի ժամանակ, օրինակ, տաղանդավոր մուլտիպլիկատոր Ռ. Սահակյանցը)։ Եթե այն ժամանակ այս ձեւը նյարդայնացնում էր, այսօր արդեն կորցրել է իր ազդեցությունը, որովհետեւ այդ անուններն, ավա՜ղ, կորցրել են իրենց հեղինակությունները, նրանց խոսքն այլեւս լսելի չէ։ Նկատենք, որ մեզանում խիստ սակավ, ներքուստ շիտակ եւ սկզբունքային կեցվածքով մտավորականները, որոնք իսկապես կրողն են հոգեւոր եւ բարոյական արժեքների, երբեք խղճի այս մանր տոնավաճառին չեն դառնում մասնակից։ Ստացվում է, որ մենք մտավորական ներուժի պակաս ունենք։ Ինչ է հարկավոր անել. ընդամենը չսպասել ծայրահեղ վիճակներիՙ վերջին, թույլ ռեզերվներն օգտագործելու։ Երկրում գերակա հռչակել մարդկային անանց արժեքներըՙ խիղճը, միտքը, բարոյականությունը։ Անել այնպես, որ մտավորական միտքը դառնա գործուն ուժ եւ մշտական ուղեկիցը մեր ընթացիկ կյանքի, այսինքնՙ աշխատել այդ մտքի հետ, դարձնելով կենսաձեւ եւ նորմ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4