«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2004-04-10 | #65, 2004-04-13 | #66, 2004-04-14


ՀԺԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՎԵՐՈՒՄԸ ՆԵՐԱՌԵԼ Է ՆԱԵՎ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Նախորդ օրվա 2։30-ի շրջանում Հայաստանի ժողովրդական կուսակցության մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանի ձերբակալման մասին հայտարարությամբ սկսվեց երեկ ժամը 13-ին հրավիրված ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի եւ Վազգեն Մանուկյանի համատեղ ասուլիսը, որը մեկնարկեց գրասենյակում, բայց շարունակվեց դրսում, շենքի դիմաց, հավաքվածներին ուղղված խոսքով եւ ոստիկաններից պարզաբանում ստանալու գործողությամբ։ Քանի որ մինչ Ստեփան Դեմիրճյանը ներսում հայտարարում էր վերը նշված ձերբակալության եւ դրան ուղեկցող ավերումների մասին, որոնք բացի ՀԺԿ գրասենյակից, ներառել էին եւ Կարեն Դեմիրճյանի թանգարանը, դրսում ոստիկանները շրջապատում էին շենքը։ Ըստ ոստիկանապետի, իրենց գործողությունները պայմանավորված են ստացված ահազանգով, որը հիմք ընդունելով, եկել են տեղի ունենալիք վիճաբանությունները կանխելու։

Ընդհատված ասուլիսում ապրիլի 12-ին ընդդիմության կազմակերպած հավաքն ու երթը Ստեփան Դեմիրճյանը գնահատեց որպես խաղաղ միջոցառում, իսկ դրա դեմ արված գործողությունները, Դեմիրճյանի գնահատականով, ռազմական դավադիր, ստոր օպերացիա էին ժողովրդի դեմ, ինչը, Դեմիրճյանը վստահ է, երբեւէ ժողովուրդը չի ների, քանի որ աններելի հանցագործություն է, իսկ հրաման արձակողն ու կատարողները հանցագործներ են։ Հանցագործության պատասխանատվությունը, Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, պետք է հավասարաչափ կրի նաեւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, քանի որ ծեծին մասնակից են եղել նաեւ Ազգային ժողովից դուրս եկած հատուկ ծառայության զինվորները։

Ոստիկանության տարածած հայտարարությունն ընդդիմության դրսեւորած ագրեսիվության մասին Դեմիրճյանը պարզապես կեղծիք, սուտ համարեց եւ մեկ անգամ եւս փաստեց, որ ընդդիմությունը կազմակերպել էր խաղաղ երթ, որպես ապացույց ընդգծելով անգամ իշխանամետ լրատվամիջոցներում տրված հավաքի մասնակիցների պարելու փաստը։ Ստեփան Դեմիրճյանը նաեւ խիստ զարմացած էր ոտքով գրասենյակ գալու ընթացքում լրագրողներից մեկի իրեն ուղղած «երեկ ի՞նչ է տեղի ունեցել» հարցից եւ ափսոսանք հայտնեց, որ լրատվամիջոցները նման կերպ են կատարում իրենց աշխատանքը։

Ապրիլի 12-ին տեղի ունեցած դեպքերը Վազգեն Մանուկյանը, համեմատելով 96-ի նույն վայրում տեղի ունեցած իրադարձությունների հետ, ընդգծեց, որ այս անգամ տեղի ունեցածը բացառապես խաղաղ ցույց էր, համաժողովրդական շարժում, որը պետք է պայմանավորեր նախագահի հրաժարականը։ Ըստ Վազգեն Մանուկյանի, հենց վերջինով են պայմանավորված նախորդ օրը տեղի ունեցած ծեծ ու ջարդը, ջրցան մեքենաների գործադրումը։ Ի դեպ, մեքենաների ճանապարհը, Վազգեն Մանուկյանի հավաստմամբ, առաջին գծում իրենց ներկայությամբ փորձել են փակել ընդդիմության առաջին դեմքերը։ Հավաքի մասնակիցների դեմ իրականացված գործողությունը, Վազգեն Մանուկյանի կարծիքով, ոչ թե ոստիկանական, այլ ռազմական գործողություն էր, որի նպատակն էր կոտրել ժողովրդի կամքը, ինչը, երկու բանախոսների համոզմամբ, չի հաջողվել։ Մանուկյանի կարծիքով, այժմ գործող նախագահը դարձել է ինքն իրեն թագադրող, որով ՀՀ-ն մտնում է ավելի վտանգավոր փուլ, եւ ներկայիս տիրող համաժողովրդական ատելության եւ թույնի մթնոլորտում կառավարելը դառնում է անհնար։ Մինչդեռ, Մանուկյանի հավաստմամբ, պայքարի ձեւերը կարող են փոխվել, սակայն բուն պայքարը չի դադարելու։

Ստեփան Դեմիրճյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք Հայաստանում Գերմանիայի եւ ԱՄՆ դեսպաններից հեռախոսազանգով տեղեկություն են ստացելՙ իրադարձություններին վերջիններիս տեղյակ լինելու եւ համապատասխան վերաբերմունք ունենալու մասին։ Դեմիրճյանը վստահեցրեց, որ Կենտրոն համայնքի դատախազին դատի են տալու։ Ասենք, որ ՀԺԿ շենքի շրջափակումը եւ ժողովրդին ցրելու ոստիկանների գործողությունները տեւել են մինչեւ 14։30-ից 14։45-ի շրջանը։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Կարեն Դեմիրճյանի թանգարանն ավերողներին եւ ավերման հրամանն արձակողին ուղղակի որպես հայաստանաբնակ կուզեի հիշեցնել, որ տվյալ երկրի համար ավանդ եւ վաստակ թողած մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, արժանի են միմիայն անկեղծ հարգանքի եւ հիշատակի հարգման, ինչն այս դեպքում հանիրավի, մեղմ ասած, աչքաթող է արվել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4