ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դատապարտում են ապրիլի լույս 13-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները։ Նրանք արձանագրում են, որ իրավապահ մարմինները ոչ միայն առ այսօր չեն բացահայտել եւ պատժել ապրիլի 5-ին լրագրողների դեմ բռնություններ կիրառած անձանց, այլեւ հենց իրենք են ուժ գործադրել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ, ծեծել են ոմանց, խլել եւ ջարդել տեսախցիկները եւ լուսանկարչական ապարատները։ Կազմակերպություններն ընդգծում են, որ որեւէ մեկի, այդ թվում ոստիկանության կողմից լրագրողների գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։ Նրանք հայտարարում են, որ հետամուտ են լինելու, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածին համապատասխան պատժվեն ինչպես ապրիլի 5-ին, այնպես էլ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը լրագրողների դեմ բռնություններ իրականացրած անձիք եւ փոխհատուցեն լրատվամիջոցների կրած վնասները։